Այս գեղեցկուհու պատմությունը բոլորովին կապ չունի Մոխրոտների մասին հեքիաթների հետ: Չնայած որ Քեմբրիջի դքսուհին ազնվական ծագում չունի, բայց Մոխրոտ էլ նրան չես անվանի:

Քեթրին Էլիզաբեթ Միդլթոնը ծնվել է 1982 թ. հունիսի 9-ին Ռեդինգ քաղաքում' oդաչուի և ուղեկցորդուհու ընտանիքում: Նրանց ընտանիքը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի հասարակության միջին դասը: Ընտանիքում 3 երեխաներից ամենամեծը Քեյթն է. ունի քույր ' Ֆիլիպպան և եղբայր' Ջեյմսը: 1987 թ. Միդլոթնների ընտանիքը հիմնադրում է Party Pieces ընկերությունը, որը զբաղվում է միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների վաճառքով: Ընկերության հաջողությունն անհավատալի էր նաև հիմնադիրների համար: Այն լայն տարածում գտավ բրիտանական շուկայում, և շուտով Միդլթոնների ընտանիքը դարձավ միլիոնատեր: Անընդհատ աճող եկամուտը թույլ տվեց նրանց տեղափոխվել առանձնատուն, իսկ երեխաներին էլ՝ ուսում ստանալ բարձրակարգ հաստատություններում, որտեղ նրանք կարող էին շփվել ազնվացեղ, բարձր դասի մարդկանց հետ: Դպրոցում Քեյթը միշտ իրեն ընկճված է զգացել: Ընդհանրապես նա ամաչկոտ, չխոսկան աղջիկ է եղել, որին դպրոցում միշտ ծաղրել ու նեղացրել են: Երևի դա է պատճառը, որ Քեթրինն այժմ մասնակցում է բարեգործական ակցիաների' հօգուտ դպրոցում ճնշվող երեխաների:

1996 թ. Քեյթը տեղափոխվում է Բրիտանիայի ամենալավ մասնավոր քոլեջներից մեկը' Մարլբորո, որը Միդլթոնների առանձնատնից 50 կմ հեռավորության վրա էր: Այս քոլեջում սովորողները վճարում են տարեկան 29 հազար ֆունտ ստերլինգ' մոտ 45 հազար դոլար: Այստեղ Քեյթը սովորեց 4 տարի: Այդ ընթացքում դարձավ քոլեջի հոկեյի թիմի կապիտան: «Քեթրին Միդլթոնը շատ շփվող էր և մեծ հույսեր էինք կապում նրա հետ: Նա գերազանց սովորել է և գերազանց հանձնել ավարտական քննությունները: Մենք շատ ուրախ ենք իր համար և երջանկություն ենք մաղթում նրան և արքայազն Ուիլյամին»,- հետագայում հիշողությունները լրատվամիջոցներին է փոխանցել քոլեջի տնօրեն Նիկոլաս Սիմփսոնը:

Քոլեջն ավարտելուց հետո Քեթրին Միդլթոնն ընդունվում է Սենթ Էնդրյուսի հեղինակավոր համալսարանը' շոտլանդական Ֆայֆ քաղաքում: Հենց այդ տարի նույն համալսարան է ընդունվում նաև արքայազն Ուիլյամը' Բրիտանական թագավորության ժառանգի ավագ որդին: Չնայած որ Ուիլյամը փորձում էր աչքի չընկնել, բայց բոլորն արդեն գիտեին, որ այս համալսարանում սովորելու է եկել ինքը' ապագա թագաժառանգը: Բոլոր հարուստ և հայտնի ընտանիքներն իրենց աղջիկներին ուղարկեցին սովորելու հենց այս համալսարանում: Պտտվում էին լուրեր, որ Քեթրինի ծնողները նույնպես նրան ուղարկել են այնտեղ' իմանալով, որ իրենց աղջիկն անտարբեր չի թողնի արքայազն Ուիլյամին: Այնուամենայնիվ, սրանք բամբասանքներ են:

Քեյթն աչքի է ընկնում նաև այս համալսարանում' գերազանց սովորելով և օրինակ ծառայելով հարյուրավոր գեղեցկուհիների: 2-րդ կուրսում Քեյթը զբաղվում է մոդելային կարիերայով: Նա մասնակցում է բարեգործական ցուցադրության: Քեյթին առաջին շարքից տեսնելու համար Ուիլյամը վճարում է 200 ֆունտ:

Քեյթը բեմ է դուրս գալիս թափանցիկ ժանյակավոր զգեստով և սև ներքնազգեստով: Հենց այս տարի էլ Ուիլյամը, Քեյթը և ևս երկու աղջիկներ' նույն կուրսից, միասին բնակարան են վարձում: Քեյթն ու Ուիլյամը դառնում են անբաժան ընկերներ:

Նրանց հնարավոր սիրային կապի մասին սկսում են խոսել բոլոր լրատվամիջոցները, բայց երկուսն էլ հերքում են այդ լուրերը: Բոլոր արձակուրդները Քեյթն ու Ուիլյամն անցկացնում են միասին ճանապարհորդելով: Արդեն անիմաստ է դառնում հարաբերությունները թաքցնելը: Արքայական ընտանիքը սկսում է հաճախ հրավիրել Քեյթին պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցառումներին, ընթրիքներին: Լրատվամիջոցներն ու պապարացիները սկսում են հետապնդել Քեյթին: Այդ ամենն անհետևանք չի մնում: 2007 թ. Քեյթն ու Ուիլյամը հայտարարում են, որ այլևս միասին չեն: Բազմաթիվ պատճառներ հորինվում են տեղում' լրատվամիջոցների ակտիվ գործունեության շնորհիվ: Բայց Քեթրին Միդլթոնի մտերիմ մարդիկ տարածում են ամենահավանական տարբերակը. Քեյթն ուղղակի չէր դիմանում այդքան ուշադրությանը, նրա ամեն քայլը վերահսկվում էր լրատվամիջոցների կողմից, նա ուղղակի գերհոգնել էր այդ ամենից:

Նրանց բաժանությունից հետո էլ արքայական ընտանիքը չհրաժարվեց աղջկանից: Նա առաջվա պես նրանց երեկույթների ցանկալի հյուրն էր: Նրանց բաժանությունը Քեյթին չհեռացրեց լրատվամիջոցների ուշադրությունից: Քեյթ Միդլթոնին անգլիական հայտնի ամսագրերից մեկը ճանաչեց ամենաոճային գեղեցկուհի: Քեյթի և Ուիլյամի բաժանությունը երկար չտևեց: Կես տարի անց' 2007թ. օգոստոսին, զույգը հայտարարեց, որ կրկին միասին են:

Քեթրինին հաճախ կարելի էր տեսնել հոկեյ խաղալիս, պարզապես այգում զբոսնելիս կամ ընկերուհիների հետ թանկարժեք ռեստորաններում ճաշելիս: Քեյթի ծնողները մտադիր էին թիկնապահ վարձել Քեթրինի համար, որպեսզի հեռու պահեն պապարացիներին իրենց աղջկանից: Սակայն Քեյթը հրաժարվում է' սահմանափակվելով միայն իրավաբանական խորհրդատուների նամակներով' ուղղված լրատվամիջոցների խմբագրություններին:

2010 թ. Ուիլյամի մամուլի քարտուղարը հայտարարեց Քեյթի և Ուիլյամի նշանադրության մասին: 7 տարի ընկերությունից հետո զույգը վերջապես որոշեց նշանադրվել: «Մենք երկուսս էլ շատ երջանիկ ենք, շատ-շատ»,- հայտարարել էր արքայազն Ուիլյամը: Քեթրին Միդլթոնն էլ իր հերթին հայտարարել էր, որ մի փոքր վախենում է մտնել արքայական ընտանիք: «Հուսով եմ' կկարողանամ»,- հայտարարել էր Քեթրինը: Նշանադրությունը նշում էին 10 օր շարունակ: Ուիլյամն առաջարկություն էր արել դեռևս հոկտեմբերին, երբ զույգը Քենիայում էր: Նա Քեյթին է նվիրել իր մոր' արքայադուստր Դիանայի մատանին, որը տարիներ առաջ իր հայրը' արքայազն Չարլզն էր նվիրել Դիանային իրենց նշանադրությանը: Քեթրինի և Ուիլյամի հարաբերությունները 7 տարվա ընթացքում բավականին բարդ և խառն են եղել, իսկ նշանադրությունից հետո դրանք դարձան ավելի նուրբ և հուզիչ: Մի քանի ամիս անց արքայական ընտանիքը հայտարարեց, որ Ուիլյամն ու Քեյթն ամուսնանում են: 2011թ ապրիլի 29-ին տեղի ունեցավ արքայական հարսանիքը:

Նրանց հարսանիքը ցուցադրվեց բոլոր երկրների հեռուստաընկերություններով ուղիղ միացմամբ Լոնդոնի Ուեսթմինսթերյան աբբայություն, որտեղ էլ տեղի ունեցավ հարսանիքը: Հարսանիքի բուն արարողությանը ներկա էին միայն ամենահայտնի ընտանիքները, ամենահարուստ և ազդեցիկ մարդիկ:

Հյուրերի թվում էին նաև երաժիշտ Էլթոն Ջոնը, ռեժիսոր Գայ Ռիչին, ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը' կնոջ' Վիկտորյա Բեքհեմի հետ, դերասան Ռոուեն Ետկինսոնը' ավելի հայտնի որպես Միստր Բին: Բրիտանական մայրաքաղաքը մոտ 107 մլն ֆունտ ստերլինգ' մոտ 176.5 մլն դոլար եկամուտ ունեցավ միայն քաղաքի հյուրերից: Հարսանիքի համար Քեյթը 2 զգեստ էր պատվիրել, առաջինը՝ բուն արարողության համար, երկրորդը' հարսանեկան ընթրիքի: Առաջինը' միջոցառման ամենաքննարկված երևույթը, շշմեցրել է նորաձևության բոլոր սահմանադիրներին: Հարսնացու Քեյթի ընտրությունը բրիտանական բրենդ Alexander McQueen-ի աշխատանքն էր: Երկրորդ զգեստը բրիտանացի հայտնի մոդելյոր Բրյուս Օլդֆիլդին էր, որը կարել է զգեստներ նաև արայադուստր Դիանայի համար: Ելիզավետա 2-րդ թագուհին երիտասարդներին տվեց Քեմբրիջի դուքս և դքսուհի տիտղոսը:

Ինչպես միշտ, հիմա էլ չեն դադարում դքսուհի Միդլթոնի մասին հրապարակվող նյութերը: Սակայն անգլիացիները Քեյթին համարում են ազնվական, հաստատուն մարդ, ով արժանի է լինել Բրիտանիայի թագուհի: Նրա ոճի մասին անդադար գրում են ամենահայտնի ամսագրերը:

2010 թ. Քեթրին Միդլթոնն ընդգրկվեց հայտնի People ամսագրի թոփում՝ որպես աննկարագրելի ճաշակ ունեցող կին: Իսկ Style.com-ը անվանեց նրան ոճի խորհրդանիշ: Նրա պահվածքով հիանում են բոլորը' սկսած արքայական ընտանիքից մինչև հասարակ բրիտանացիները: Գեղեցկուհին իր բարակ ոտքերով, բայց հաստատուն քայլերով գնում է դեպի թագը: