ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները պատրաստել են օրինագիծ՝ ուղղված TikTok սոցիալական ցանցի արգելմանը, որը պատկանում է ByteDance չինական ընկերությանը, տեղեկացրել է The Hill թերթը։

«Օտարերկրյա չարագործների կողմից վերահսկվող հավելվածներից ամերիկացիների պաշտպանության մասին» օրինագծի հեղինակներն են հանրապետական Մայք Գալահերը եւ դեմոկրատ Ռաջա Կրիշնամուրտին։ Փաստաթղթում ByteDance-ը եւ TikTok-ը անվանվում են հավելվածներ, որոնք վերահսկվում են «օտարերկրյա չարագործների կողմից»։

Պարբերականի տեղեկացմամբ՝ օրինագիծը կստիպի չինական ընկերությանը հրաժարվել TikTok-ից, կամ այդ պլատֆորմը կարող են արգելել Միացյալ Նահանգներում։

«Եթե ընկերությունը չհրաժարվի TikTok-ից, դրա տարածումը App Store-ով կամ վեբ-հոսթինգի միջոցով ԱՄՆ-ում կդառնա անօրինական, ինչը փաստորեն կարգելի այն անգամ ներկա օգտատերերի շրջանում»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես նշել է թերթը, օրինագիծը թույլ կտա ԱՄՆ նախագահին արգելել նաեւ այլ հավելվածներ, որոնք վերահսկվում են «օտարերկրյա հակառակորդների կողմից»։ Խոսքը Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի մասին է, նշվել է հաղորդագրությունում։