Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը, անդրադառնալով մայիսի 21-ին Կաննում կայացած «Անորա» ֆիլմի պրեմիերային ու դրան հաջորդող 10 րոպեանոց անդադար ծափերին, նշում է՝ «Չէի կարող ավելի երջանիկ լինել»։ Վաչեն Instagram-ում կիսվել է ֆիլմի ցուցադրությունից փոքրիկ հատվածով եւ շնորհակալություն հայտնել ռեժիսոր Շոն Բեյքերին իրեն վստահելու համար․

«Շնորհակալ եմ նաեւ ֆիլմի հրաշալի անձնակազմին։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս եւ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել ու աջակցել են ինձ»,-գրել է դերասանը։

 

 

 
 

«Անորա»-ն Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։ Ֆիլմի պատմության հիմքում Բրուքլինից երիտասարդ մերկապարուհու եւ ռուս օլիգարխի որդու ամուսությունն է, որը սպառնալիքի տակ է հայտնվում, երբ փեսացուի ծնողները մեկնում են Նյու Յորք՝ ստիպելու չեղյալ հայտարարել ամուսնությունը: Ֆիլմի առանցքային կերպարներից երկուսին՝ Թորոսին ու Գառնիկին, մարմնավորել են ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը։ 

 

«Մենք բացարձակ տարբեր վայրերից ենք։ Ես մեծացել եմ Երեւանում՝ Հայաստանում, Կարենը 35 տարի ապրել է Նյու Յորքում, մյուս դերասաններից Յուրին մեծ աստղ է՝ Ռուսաստանից։ Մենք տարբեր փորձ ունեցող դերասաններ էինք, բայց շնորհիվ Շոնի կարողացանք ընդհանուր եզրեր կառուցել, եւ դա, կարծես, շատ լավ աշխատեց։ Ահա, թե ինչպես ամեն ինչ ստացվեց»,-ֆիլմի ցուցադրությանը հաջորդող մամուլի ասուլիսին նշել է Վաչե Թովմասյանը։ Կարենը համաձայնվել է գործընկերոջ հետ՝ հավելելով․

«Այո, ինչպես նշեց Վաչեն, մենք շատ տարբեր ենք։ Եվ ամեն անգամ, երբ լսում էինք՝ «Նկարահանումը սկսված է» բառերը, մենք սկսում էինք միմյանց հետ ներդաշնակ աշխատել։ Ամեն կտորից հետո մենք նաեւ շատ ընկերացանք կադրից դուրս։ Իսկապես, հաջողություն էր այսքան տաղանդավոր մարդկանց կողքին գտնվելը»։ 

Այս տարի Կաննի փառատոնն անցկացվում է 77-րդ անգամ։ Այն մեկնարկել է մայիսի 14-ին եւ տեւելու է մինչեւ մայիսի 25-ը։