Սիբիրի հեռահաղորդակցության և ինֆորմատիկայի պետական համալսարանի գիտնականները ստեղծել են համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով կարողանում է փակ տարածքում մարդու գտնվելու տեղը որոշել 5-7 մետր ճշտությամբ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, նոր մշակումը եզակի է, քանի որ բջջային ցանցերը մարդու գտնվելու վայրը կարողանում են որոշել միայն 300-500 մետր ճշտությամբ, իսկ արբանյակային ազդանշանը կարող է չանցնել պատերի և այլ խոչընդոտների միջով:
Համակարգը կարող է օգտագործվել շենքերի, հանքերի և ստորգետնյա տարածքների ներսում որոնողական աշխատանքների, դպրոցականների նկատմամբ ծնողական հսկողության, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններով անձանց համար մեծ շենքերի ներսում կողմնորոշվելու նպատակով։
Wi-Fi հասանելիությամբ սարքը որոշում է Wi-Fi ցանցի մուտքի կետերի պարամետրերը և ազդանշանի մակարդակները այդ կետերից դեպի ցանկալի օբյեկտ: Համակարգը հավաքում է այս տեղեկությունը և ուղարկում սերվեր, որտեղ հաշվարկվում է յուրաքանչյուր կետի հեռավորությունը և որոշվում օբյեկտի կոորդինատները։ Որքան շատ են Wi-Fi կետերը մոտակայքում, այնքան ավելի ճշգրիտ է արդյունքը:
Սիբիրի հեռահաղորդակցության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Տեղեկատվական համակարգերի և ցանցերի ամբիոնի դոցենտ Անատոլի Կոստյուկովիչը նշել է, որ ներքին շուկայում ներկայացված են նմանատիպ համակարգի հիմնականում արտասահմանյան անալոգներ, որոնց համար դժվար է հավաստագիր ստանալ Ռուսաստանում՝ մարդկանց գտնվելու վայրը ճշգրիտ որոշելու պատճառով։
Համակարգն արդեն փորձարկվել է Նովոսիբիրսկի դպրոցներից մեկում և ծնողներին հնարավորություն կտա հավելվածի միջոցով իմանալ իրենց երեխաների գտնվելու վայրը։
Ներկայումս մշակվում է ալգորիթմ, որը հնարավորություն կտա որոշել օբյեկտի տեղաշարժման ուղղությունը։