Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում գրել է.

 
 

«Հորս օրինակով տեսածս տղամարդը գրեթե կատարյալ էր... գրեթե))) Փողոցից մի շուն էին վերցրել ու պահում էին` միակ աղջիկ թոռան հետ): Մի օր չարաճճիորեն հարցրի,- Պապ, դու վերջը աղջկասե՞ր ես, թե ուղղակի, որ էդպես էլ տղա չունեցար, ստիպված համակերպվեցիր: Ասաց,- մատաղ, չե՞ս տեսնում ես ձեզ ոնց եմ սիրում, լսի՛ր, ախր նույնիսկ իմ շունն է էգ ...մի լավ ծիծաղեցինք ասածի վրա...
Լեդին` շունը, կա մինչև հիմա, հավատարիմ ու տխուր աչքերով սպասում է հայրիկիս վերադարձին, իսկ նա չկա... Շունը կա, իսկ հայրս... Լեդի...Արիստոկրատ` արյամբ, ծագումով ու ապրելակերպով Հա՛յրս իհարկե իր շան անունը պիտի Լեդի դներ: Չէի զարմանա, եթե մի օր տեսնեի` ինչպես է Լեդին լվացվում ուտելուց հետո և իր ափսեն տեղը դնում: Հայրս այդպիսին էր, կոկիկ, հույժ մաքրակենցաղ ու մեղմախոս` չեմ հիշում, որ գոռար: Ծխախոտի թափթփված մոխի՞ր կամ խմած սուրճի անլվա բաժա՞կ... անհնարին էր:
Խոսքով էր շփվում կենդանիների հետ, նրանք էլ լսում էին ու հասկանում, ինչին կպչում էր` ծաղկում էր... իր անթիվ-անհամար ծաղիկները ջրում ու հետները խոսում էր... Մեզ էլ իր կյանքի ծաղիկների պես «ջրում» էր ու խնամում, ծաղկացնում էր իր անհատնում սիրով:
Մարդ ի՞նչքան պիտի կյանքը սիրեր, որ իր այգում` խոտհնձիչը ձեռքին, մի ակնթարթում հանգչեր սրտի վայրկենական կանգից... Իր կյանքի այգին, շունը` նրան սպասող, ծառերը, որոնք շարունակում են աճել ու ապրել, որովհետև Հայրս այդպես էր դրել:
Ու մենք... փոքրիկ երեք աղջիկ, որ ծառերի մեջ ամեն անգամ նրան ենք փորձում գտնել...
Թող մեր արած ամեն մի լավ գործ, բարություն կամ տնկած ծաղիկ հավերժ վառ պահի նրա լուսավոր հիշատակը:
Նվիրվում է աշխարհի բոլոր Հայրերին, որոնց դուստրերը օրհնված են իրենցով:
Մայիս.24.2019
Մայիս.24.2020
Նազենի...»: