Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ մենք հասակությունների աշխարհում ենք ապրում։
«Կոնտրաստների աշխարհում ենք ապրում: Հակասությունների արանքում մի կերպ որսում ենք հավասարակշռությունը՝ փխրուն, անհաստատ ու խաբուսիկ:
Ու էդպես անընդհատ:
Իսկ տարին չի ավարտվում... հոսում է՝ մեր զարկերակում եղած արյան պես, շրջանառվում ու էլի վերադառնում սիրտ, էնքան արագ է «հոսում» տարին, որ չես հասկանում դու՞ ես կանգնած, թե ինքն է անասելի արագ, դու՞ ես դանդաղ, թե՞ ինքն է շտապում...
Իմ բոլոր տարիներն ու կյանքերը Հայաստանով են եղել ու կմնան:
Ցավից, անտարբերությունից կամ կասկածանքներից այն կողմ մարդն է, էն մարդը, հանուն որի ես միշտ ապրել եմ, շարունակվել ու ոգով ամուր մնացել: Հայի ճակատագիրը իր պետականության ու անկոտրում ոգու մասին է եղել ու կմնա: Անհուսությունն ու տկարությունը մեզ վայել չեն, ու երկար կյանք չունեն...
Հայը հարատև է, թող, որ խոցոտված ու սխալական, բայց հարատեւ:
Ուրեմն իմ եկող Տարին շնորհակալության տարի է լինելու՝ պայքարող, կյանքին նայող ու հիշողությամբ ամուր հայի հանդեպ, իմ աննկուն ընկերների ու իմ սիրով անպարտելի Ընտանիքին, Երկիրը պաշտպանող ու շենացնող անհատին, կրթող ուսուցչին ու բուժող ազնիվ բժշկին, հոգին ու հավատքն ամուր պահող հոգևորականին և իր մասնագիտական բարձունքում կանգնած ամեն մի ոլորտի մասնագետին, ու կարևորը խղճով հային, իր յուրայինին օգնող ու բարձրացնող հային:
Վերեւում՝ լույսի բանակ, ներքեւում՝ բազում չլուծված հարցեր ու կիսատված կյանքեր, բայց ես հավատում եմ ոգու ուժին, մարդու կամքին ու հայի ամուր հավատքին՝ ոտքի կանգնելու:
Էս անհաստատ կյանքում հաստատ է միայն իրար նորոգող սերը:
Գալիք Սուրբ ծնունդով թող երը տարածվի մեր երակներով: Ամեն»,- գրել է դերասանուհին։