“Դժվար ապրուստ” հեռուստասերիալից Էվայի դերակատարն իր դերի պատճառով արժանացել է այնպիսի խոսքերի, որոնցից հրապարակման ենթակա են, օրինակ' գռեհիկը, անդաստիարակն ու անբարոյականը: Իր հասցեին հնչող քննադատությունների, բաց տեսարաններում նկարահանվելու, տղաների հետ հարաբերությունների, արտաքին տեսքի, սեքսուալության եւ այլ թեմաներով Տաթեւ Սարգսյանը զրուցել է BRAVO.am-ի հետ:

“Ի՞նչ կապ ունի իմ դաստիարակությունն ու բարոյականությունը մարմնավորածս կերպարի հետ”

Մեր իրականության մեջ չկա հորինված կերպար հասկացությունը: Այստեղ քեզ հիանալի անձնավորություն են համարում միայն այն դեպքում, եթե մարմնավորածդ կերպարը դրական է: Ինչ ասես, որ չեմ լսել ուղղված Էվայի եւ միեւնույն ժամանակ էլ իմ հասցեին' էլ գռեհիկ, էլ անբարոյական, էլ անդաստիարակ: Չեմ հասկանում' ինչ կապ ունի իմ ստացած դաստիարակությունն ու բարոյականությունս իմ մարմնավորած կերպարի հետ:

“Երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում”

Շատ եմ սիրում աշխատանքս, բայց ոչինչ ինձ չի ստիպի անտեսել սկզբունքներս: Ասում են' երբեք մի ասա' երբեք, բայց ես երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում: Դա ինձ հաստատ պետք չէ, անգամ եթե վարձատրությունը շատ բարձր լինի: Իմ բուռն երեւակայությունը նույնիսկ թույլ չի տալիս պատկերացնել ինձ նման տեսարաններում:

“Ինձ սիրուն չեմ համարում”

Ինձ կյանքում սիրուն չեմ համարել: Ինչ-որ տեղ կեղծավոր եմ համարում գեղեցկությանս գովաբանությունները, կարծում եմ' ավելի անկեղծ են խաղացածս դերին վերաբերող մեկնաբանությունները: Հմայիչ եմ, խնամված, գուցե սեքսուալ, բայց հաստատ ոչ գեղեցիկ:

“Լինել ավելի լավը, քան երեկ էիր”

Անկախ նրանից' կինը բեմում է, թե առօրյա կյանքում, ճանաչված է, թե ոչ, պետք է միշտ կանացի, նուրբ ու խնամված լինի: Սեքսուալ լինելու համար պետք է մշտապես աշխատես քեզ վրա եւ փորձես լինել ոչ թե ավելի լավը, քան ուրիշներն են, այլ ավելի լավը, քան երեկ էիր:

 

“Անվերջ կարող եմ հիանալ Նազենի Հովհաննիսյանի արտաքինով”

Կանանցից ինձ հիացնում է Նազենի Հովհաննիսյանը: Անվերջ կարող եմ հիանալ այդ կնոջ արտաքինով ու ներքինով: Նազենին, ըստ իս, այն եզակի կանանցից է, ով անընդհատ աշխատում է թե′ իր արտաքինի, թե′ ներքինի վրա: Նա չի բավարարվում իր ունեցածով ու միշտ ձգտում է ավելիին' այդ ամենն անելով շատ վստահ ու համարձակ քայլերով, ինչն էլ նրան առավել սեքսուալ է դարձնում:

“Տղաների հետ շփվելն ինձ համար ավելի հեշտ է”

Աղջիկների հետ շփման մեջ առավել զգույշ եմ, ճիշտ է' ունեմ մի քանի ընկերուհի, որոնց հետ շատ մտերիմ եմ, բայց ինձ համար ավելի հեշտ է շփվել տղաների հետ: Վստահում եմ տղա ընկերներիս, միշտ խորհրդակցում եմ նրանց:

 

“Իմ եւ Դավիթի հանդիպումները սիրային չեն”

Չափազանց մտերիմ եմ իմ գործընկեր, սերիալային դերասան Դավիթ Մարդյանի հետ: Մեզ հաճախ միասին տեսնողներին ուզում եմ ասել, որ մեր հանդիպումները ոչ թե սիրային, ռոմանտիկ բնույթ են կրում, այլ ընդամենն ընկերական են: Դավիթը շատ լավ ընկեր է, ես նրան չափից շատ հարգում ու սիրում եմ, եւ իզուր չէ, որ նա “Մարդ”յան է:

“Մեր քաղաքում սիրում են լեգենդներ հյուսել”

Միշտ պետք է իմանաս, թե ում ինչ պատմես, որպեսզի հետագայում հորինված կենսագրությունդ չլսես եւ ստիպված չլինես մարդկանց բացատրել, որ նման բան երբեք չի եղել: Մեր քաղաքում շատ են սիրում լեգեդներ հյուսել: Հենց այդպես էլ ծնվեց իմ եւ Դավիթի հետ կապված լեգենդը:

 

“Չեմ կարծում, որ այս շրջանում անկեղծ հարաբերություններ կունենամ”

Շատ մարդիկ ցանկանում են հանդիպել ու շփվել ոչ թե Տաթեւի հետ, այլ' “կինոյի աղջկա”: Չեմ կարծում, որ այս շրջանում անկեղծ հարաբերություններ կունենամ, այդ իսկ պատճառով էլ փորձում եմ ինձ հեռու պահել նոր ծանոթություններից:

“Մտածել եմ, որ հենց դա է իրական սերը…”
Չեմ կարող ասել, որ իսկապես սիրել եմ: Ինչ խոսք' սիրահարվածություններ եղել են ու կյանքիս այդ շրջանում մտածել եմ, որ հենց դա է իրական սերը: Վստահ եմ, որ ինձ մեծ, անկեղծ ու մաքուր սեր է սպասվում առաջիկայում:

 

“Ոչ ոք չգիտի”

Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչն է ճիշտ կամ սխալ այս կյանքում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր համար լավն ու վատը, չարն ու բարին: Բայց զզվելի է, երբ 15 տարեկան աղջիկը, չունենալով նպատակներ, երազանքներ ու ձգտումներ, ունեցել է մի շարք ընկերներ ու թեժ գիշերներ: Դա ինձ համար անընդունելի է: