Հայկական և վրացական ֆիլմերը կներկայացվեն երկու երկրների տարբեր քաղաքներում: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը Վրաստանի «Պրոմեթևս» կինոարվեստի կենտրոնի հետ նախաձեռնել է մի նոր նախագիծ, որը կոչվում է «Կինոէքսպրես: Հայաստան-Վրաստան»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան»-ի գրասենյակից, ծրագիրն իրականացվում է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հովանավորությամբ:


Նախագծի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան»  11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 17-ին կազմակերպված եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ: Ծրագիրը կամփոփվի 2014թ. դեկտեմբերին, Թբիլիսիում:

«Կինոէքսպրես. Հայաստան - Վրաստան» նախագիծը կիրականացվի Հայաստանում և Վրաստանում` սոցիալ-մշակութային փոխանակման նախաձեռնությունների շրջանակներում:

 

«Փառատոն անիվների վրա» («Հյուր փառատոն») ձևաչափն ունեցող «ԿինոԷքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրը կիրականացվի տասը` Հայաստանում՝ Երևան, Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի, Վրաստանում՝ Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա, Բորժոմի, Թբիլիսի քաղաքներում:

 

Ծրագրի նպատակն է հարևան երկրների` Հայաստան և Վրաստանի  երկխոսության և բարեկամական կապերի ամրապնդման միջոց դարձնել կինոմշակույթը, ինչպես նաև խթանել սոցիալական արդարության հաստատումը՝ սոցիալական տարբեր շերտերի մարդկանց հասանելի դարձնելով որակյալ կինոարտադրանքը: Երկու երկրներում էլ առկա է սահմանամերձ գոտիներում բնակվող մարդկանց մշակութային կարևոր իրադարձություններին ինտեգրելու խնդիրը:



Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ին, Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Սեպտեմբերի 6-ին ցուցադրումներ կլինեն Ամասիայում, այնուհետև, սեպտեմբերի 8-ին՝ Ախալքալաքում: Սեպտեմբերի 9-ին կինոդիտումններ կանցկացվեն Նինոծմինդայում, հոտեմբերի 14-ից՝ Վանաձորում: Ալավերդիում կինոդիտումններ կկազմակերպվեն հոկտեմբերի 16-ին: