Հայկական և վրացական ֆիլմերը կներկայացվեն երկու երկրների տարբեր քաղաքներում: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ նախաձեռնել է նոր նախագիծ, որը կոչվում է «Cinema Express: Հայաստան-Վրաստան»: Նախագիծն իրականացվում է Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում են նաև երկու երկրների մշակույթի նախարարությունները, ինչպես նաև Վրաստանի հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը:


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, հուլիսի 17-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացնելով նոր ծրագիրը, կարևորեց իրադարձությունը: «Մենք արդեն սկսելու ենք աշխատել այս ծրագրի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Հարություն Խաչատրյանը:

 

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավար Նինո Անջափարիձեն նշեց, որ մի քանի տարի առաջ իրենք իրականացրել են նախագծի նախնական տարբերակը: «Մենք, իհարկե, սիրում ենք կինոն, ունենք մեծ կինոփառատոններ, և ցուցադրում ենք լավ ֆիլմեր, բայց խնդիր կա, որ մարզերում և մայրաքաղաքից հեռու վայրերում մշակութային կյանք գրեթե գոյություն չունի, չնայած Վրաստանի մշակույթի նախարարարությունը նախաձեռնություններ է իրականացնում այդ ուղղությամբ: Գոյություն չունեն կինոթատրոններ, և մարդիկ չեն կարող դիտել հայկական և վրացական ֆիլմեր»,-փաստեց Անջափարիձեն:

 

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավարի խոսքով, չկան նաև պլատֆորմներ, որտեղ մարդիկ կհանդիպեն և կքննարկեն տարատեսակ խնդիրներ և հարցեր: «Մեզ մոտ առաջացավ նման գաղափար, որպեսզի մարզերի բնակիչներին ներգրավենք մշակութային կյանքում, որպեսզի նրանք դիտեն ֆիլմեր, քննարկեն իրար հետ և լինեն մեր հասարակության լիիրավ անդամներ»,-նշեց նա:

 

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին: «Ընտրվել են արդեն այն քաղաքները, որտեղ կներկայացվեն վեց կինոնկար՝ երեք վրացական և երեք հայկական, որոնք կթարգմանվեն, որպեսզի հանրության համար հասանելի լինեն: Ֆիլմերը դեռևս ընտրված չեն»,-նշեց նա:

 

Ծրագրի կազմակերպիչները հույս ունեն, որ այն շուտով կդառնա տարածաշրջանային փառատոն:

Իրականացվելով «փառատոն անիվների վրա» ձևաչափում՝ «Cinema Express»-ը կներկայացվի Հայաստանի Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի և Վրաստանիի Թբիլիսի, Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա քաղաքներում:

 

Նախագծի նպատակն է մշակույթի, հատկապես կինոարվեստի, ներգրավումը և օգտագործումը՝ որպես միջմշակութային երկխոսություն, Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների մերձեցման արդյունավետ ձև: