Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնն արդեն մեկ դարի պատմություն ունի: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ 1914 թվականից ամեն տարի տոնվող Վարդատոնի շրջանակում այս տարի բազմաթիվ իրադարձություններ կանցկացվեն: Երևանում մայիսի 18-ին Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ, այնուհետև Թբիլիսիում մայիսի 25-ին Սուրբ Գևորգ եկեղեցու բակում` Սայաթ-Նովայի շիրմի մոտ, կանցկացվեն տոնական միջոցառումներ:

 

«Երբ ասում ենք Սայաթ-Նովա, ասում ենք հայրենիք: Այս տարի լրանում է Վարդատոնի 100-ամյակը: 100 տարի անընդմեջ այս իրադարձությունը եղել է մեր ժողովրդի սիրելի տոներից մեկը: Բազմաթիվ անսամբլներ, մտավորականներ, երիտասարդներ վարդեր կդնեն Սայաթ-Նովայի հուշարձանին: Այս տարի մասշտաբային միջոցառումներ են լինելու, ելույթ կունենա Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը»,-նշեց Թովմաս Պողոսյանը:

 

Պողոսյանի խոսքով, վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանի իշխանությունների հովանավարությամբ Սուրբ Գևորգ եկեղեցու հարակից տարածքում բեմահարթակ է կառուցվում, որտեղ տեղի է ունենում համերգային երեկո: Այս տարի Վրաստան կմեկնեն անսամբլը և մտավորականներ:

 

Միջոցառումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ:

 

Ավանդաբար ամեն տարի Թբիլիսում մայիսի վերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» ձեռնարկով։ Այն առաջին անգամ տոնել են 1914 թ. Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրմին, ըմբոշխնելու նրա թողած հրաշալի ժառանգությունը։ Սկսած 2005 թվականից մայիսի նախավերջին կիրակին «Սայաթ-Նովա» մշակութային միությունը նշում է նաև Երևանում: Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ ոգեկոչման արարողության ընթացքում ելույթներ են ունենում մերօրյա գրողներ, աշուղներ և երգիչներ, հնչում է աշուղական երաժշտություն: