Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հնդկաստանի ու Հայաստանի ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը: ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, միջոցառմանը ներկա են եղել Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հնդկաստանի ազգային գրադարանի տնօրեն Ռաջենդրա Կումարը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ինչպես նաև հնդիկ պաշտոնյաներ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:

 

Բացման խոսքով են հանդես եկել դեսպան Հակոբյանը, ազգային գրադարանների տնօրենները: ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հնդկաստանն այս կարևոր ցուցահանդեսի համար պատահական ընտրություն չէր. հայկական առաջին՝ «Ազդարար» պարբերականը տպագրվել է 1794թ. Մադրասում՝ Հարություն Շմավոնյանի կողմից: Ցուցահանդեսում ներկայացված մի շարք գրքեր ևս տպագրված են Հնդկաստանում, մասնավորապես՝ Մադրասում և Կալկաթայում»: ՀՀ դեսպանն իր շնորհակալությունն է հայտնել հնդկական կողմին` ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

 

Հանդիսության ընթացքում Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները ներկայացրել են հայկական երաժշտական ստեղծագործություններ:

 

Ցուցահանդեսում, որը տևելու է մինչև ապրիլի 12-ը, ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանից բերված և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գրադարանի կողմից տրված գրքեր: Ներկայացված գրքերի թվում են 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից տպագրած «Ուրբաթագիրքը», 1666-68թթ. Ամստերդամում տպագրված «Աստվածաշունչը», 1794-96թթ. Մադրասում տպագրված «Ազդարարը» և այլ արժեքավոր գրքեր: