Ladynews.am-ի հյուրասրահում է «Քույրը» հեռուստասերիալում Սառային կերպարանավորած դերասանուհի Աննա Մովսեսյանը

-Աննա´, պատմիր' ինչպե՞ս որոշեցիր դառնալ դերասանուհի, որոշումն ինքնուրո՞ւյն կայացրեցիր, ինչպե՞ս արձագանքեցին ընտանիքիդ անդամները:

-Երբեք չեմ մտածել դերասանուհի դառնալու մասին. ինքնաբերաբար է ստացվել, քանի որ այլ մասնագիտություն ինձ չի ձգել: Փոքրուց հաճախել եմ խմբակների, մասնակցել տարբեր միջոցառումների: Սկզբում ընտանիքիս անդամները դեմ էին իմ որոշմանը, բայց հետո, տեսնելով իմ ձգտումը դեպի արվեստը, ինչպես նաև հաջողությունները, համակերպվեցին և սկսեցին խրախուսել ինձ:

-Հայտնվելով դերասանական աշխարհում' առաջին քեզ համար չսպասված, գուցե նաև ոչ ցանկալի իրավիճակը ո՞րն է եղել:

- Չէի ասի, որ ոչ ցանկալի իրավիճակում հայտնվել եմ, ընդհակառակը' ինձ համար ամեն ինչ նոր էր, շատ բան կար բացահայտելու: Կարծես ամեն անգամ մեկ քայլ առաջ էի շարժվում ու դեպի արվեստն ունեցած հետաքրքրություններս շատանում էին:

600x580

-Պատմել ես, որ «Քույրը» հետուստասերիալում հայտնվել ես 'քաստինգի մասնակցելուց և հաղթելուց հետո, ինչո՞ւ որոշեցիր մասնակցել քաստինգի և նկարահանվել սերիալում:

- Նախ ասեմ' ինձ միշտ գրավել է թատրոնը, բեմը, ներկայացումը, միշտ ցանկացել եմ խաղալ բեմում, բայց քանի որ արվեստն իր մեջ շատ հետաքրքրություններ է պարունակում, իմ մեջ հետաքրքրություն առաջացավ նաև հանդես գալ ֆիլմում, աշխատել տեսախցիկի առջև, հեռուստառեժիսորի հետ, տեսնել տարբերությունները' ֆիլմում և բեմում աշխատելու: Պետք է ասեմ, որ երկուսն էլ տարբեր, բայց հաճելի զգացոզություններ են:

-Ի՞նչ տվեց քեզ այդ սերիալում նկարահանվելը:

-Ինչպես արդեն ասացի, սերիալն ինձ տվեց այն, ինչ ամենից շատն էի ուզում. ինքս իմ մեջ բավարարեցի կինոն ներկայացումից տարբերելու հաճույքը: Աշխատելով բարձրակարգ մասնագետների հետ' սովորեցի շատ բան և ձեռք բերեցի մեծ փորձ:

- Չես նեղվո՞ւմ, որ քեզ ճանաչեցին որպես «սերիալի դերասանուհի»:

-Իհարկե ո´չ, չեմ նեղվում. ես դերասանուհի եմ, իսկ դերասանները կարող են լինել և´ ֆիլմերում, և´ թատրոններում, և´ սերիալներում:

600x580

-Որո՞նք են քո և Սառայի ընդհանրություններն ու տարբերությունները:

- Աննայի և Սառայի միջև ավելի շատ նմանություններ կան, քան տարբերություններ: Չեմ ուզում ինքնագովեստի տպավորություն ստեղծվի, բայց նման են բնավորության գծերով' համեստությամբ, խղճով, ինչպես նաև մտածելակերպով, ինչից ամենաշատն եմ զարմացած. երբևէ չեմ մտածել, որ նմանատիպ մտածելակերպով կերպար կմարմնավորեմ:

-Նշել ես' եթե էլի առաջարկ ստանաս, հաճույքով կընդունես, ինչո՞ւ, ինչո՞վ քեզ այդպես գրավվեց հեռուստատեսությունը:

-Կընդունեմ, որովհետև սա իմ առաջին հեռուստասերիալն էր, կուզեի էլի առաջ գնալ, ավելի մասնագիտանալ: Ես դեռ շատ երիտասարդ եմ ու շատ մանրուքներ կան, որ պիտի սովորեմ. ինձ համար այս մասնագիտությունը շատ հետաքրքիր է: Խաղալով վաստակավոր դերասանների հետ' կրկնակի փորձ ձեռք կբերեմ:

600x580

-Հայտնի է' վերջերս նշանվել ես, իսկ ընտրյալդ ինչպե՞ս է վերաբերում մասնագիտությանդ, չի՞ խանդում:

- Ո´չ, չի խանդում, ես էլ, նա էլ գիտակից մարդիկ ենք, ու նա ընդունում է, որ դա իմ երկրորդ կյանքն է:

-Եթե մի օր սկսի ընդդիմալ և ինչ-որ սահմանափակումներ դնել քո առջև, ինչպե՞ս կվարվես:

- Ես ինքս էլ սահմանափակ եմ որոշ հարցերում, այդ իսկ պատճառով դժվար թե ինչ-որ սահմանափակումներ լինեն:

-Նշանադրության տրամաբանական ավարտը հարսանիքն է, իսկ չե՞ս կարծում, որ վաղաժամ ամուսնությունը կխանգարի քեզ կայանալու և ինքնահաստատվելու' որպես դերասանուհի:

-Չեմ կարծում, թե ամուսնությունը կխանգարի իմ հետագա կայացմանն ու ինքնահաստատմանը' որպես դերասանուհի. ապագա ամուսինս դրական է վերաբերում իմ մասնագիտությանը:

600x580

-Ի՞նչպես ես պատկերացնում դերասանուհու քո կարիերան, ամենամեծ մասնագիտական երազանքներդ որո՞նք են:

-Իմ ամենամեծ երազանքն է խաղալ հոլիվուդյան սարսափ ֆիլմում, իսկ երազանքներն իրականացնելու համար պետք է քայլառ քայլ առաջ գնալ:

-Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր որոշել են ընտրել դերասանի մասնագիտությունը:

- Սիրելի´ ապագա դերասան, դերասանուհիներ, եթե ընտրել եք այս մասնագիտությունն, ուրեմն պետք է լինեք չափազանց աշխատասեր ու ամենակարևորը՝ սիրեք ձեր աշխատանքը, որպեսզի երբևէ չձանձրանաք ձեր գործից:

 

 

Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի