Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Քույրը» հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են: Սերիալի գլխավոր հերոսուհին' Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի արդեն չորրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մովսեսյանը, esyes.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ նոր առաջարկներ չունի. «Դեռ առաջարկներ չեն եղել: Մեր անձնակազմի հետ դեռևս խոսակցություն չի եղել հետագա համագործակցության մասին: Այս ընթացքում ես էլ իմ նշանադրությամբ էի զբաղված և ազատ ժամանակ չեմ ունեցել հետաքրքրվելու համար»:

Աննան մեզ պատմեց, որ հեռուստատեսությունում հայտնվել է այն ժամանակ, երբ սերիալի ստեղծագործական անձնակազմը գնացել է Թատերական ինստիտուտ' գլխավոր հերոսուհի ընտրելու համար: «Ես և կուրսիս աղջիկներից շատերը գնացինք վիդեոփորձերի: Շատ էի ուզում ընտրվել, բայց մինչ այդ մասնակցել էի քասթինգների ու մտածում էի' հաստատ չեմ անցնի: Սակայն ռեժիսորը' Ելենա Արշակյանը, ասաց, որ ինձ մոտ կստացվի ու կզանգահարեն: Ես մտածեցի' չեն զանգի, սակայն հաջորդ օրը զանգեցին,- ասաց Աննան ու հավելեց, որ մինչ այս սերիալներում չի խաղացել, իսկ թատրոնում խաղացել է' ներկայանալով Համազգայինի և «Գոյ»-ի ներկայացումներում: -Ես ավելի շատ ձգտում էի ֆիլմերում խաղալ, ոչ թե թատրոնում, սակայն հետո հասկացա, որ երկուսն էլ հետաքրքիր են, ինձ դուր են գալիս: Հասկացա նաև տարբերությունները' որտեղ ինչն է ավելի հեշտ կամ դժվար: Ես միշտ ֆիլմերում նկարահանվելու ցանկություն եմ ունեցել, սակայն սերիալն էլ վատ չէ. ինչպես ասում են' պետք է մի տեղից սկսել: Աշխատանքային պրոցեսն ինձ համար շատ հետաքրքիր էր, շատ բան սովորեցի այս ընթացքում, մասնավորապես' տեսախցիկի հետ ճիշտ աշխատել»:

Դերասանուհին նշեց, որ երբ իմացել է, որ պետք է նկարահանվի սերիալում, սկսել է վախենալ, թե հնարավոր է' տեքտսը չհիշի կամ չկարողանա լացել. «Հետո ինձ ասացին, որ դրա համար հատուկ նյութեր կան, իսկ որոշ ժամանակ անց, ես լացում էի անգամ առանց այդ նյութերի: Հասկացա, որ մի քանի րոպե քեզ տրամադրում ես ու սկսում ես լացել, դա շատ հեշտ է: Տեքստերն էլ նախապես չէի սովորում, ծանոթանում էի սցենարին, գնում էի նկարահանման հրապարակ, տեղում խաղընկերջս հետ փորձում էինք ու ամեն ինչ նորմալ էր լինում»:

Աննան նշեց, որ թեև իր առաջին դերն էր հեռուստատեսությունում, նրան փողոցում շատ են ճանաչում: «Երբեմն ինձ թվում է' ակնոց դնեմ, չեն ճանաչի, բայց այդպես էլ են ճանաչում: Շատ լավ կարծիքներ են հնչում, հատկապես' մեծահասակների կողմից, նույնիսկ միանգամից գալիս ու համբուրում են, ինչի համար շատ ուրախ եմ: Հասկանում եմ, որ կարծիքները կարող են տարբեր լինել, սակայն անձամբ ինձ վատ բան չեն ասել, դա մեկնաբանություններում եմ տեսել,-ասաց Աննան ու հավելեց, որ ինքը նորմալ է վերաբերվում քննադատություններին: -Կարծում եմ' դա էլ պետք է լինի: Ինձ օգնում է, որ զգամ թերություններս ու ուղղեմ: Թե չէ, եթե անընդհատ ասեն' ամեն ինչ լավ է, կարող է նույն տեղում մնամ»:

Աննայի հետ զրուցել ենք նաև օրերս կայացած նշանադրության և սիրո պատմության մասին, որի բացառիկ մանրամասները կարող ես կարդալ «Ե՞ս Yes!» ամսագրի սեպտեմբերյան համարում:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը