Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի հետ տևական լարվածության ֆոնին՝ ամերիկյան System of a Down ռոք խմբի ղեկավար և մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է գրել՝ կոչ անելով ավելի ուժեղ միջամտություն ցուցաբերել այդ հարցում, գրում է spin. com-ը: 

Բացառիկ հարցազրույցում արտիստը պատմել է SPIN-ին, որ ավելի քան 120 000 մարդ զրկված է կարևոր սննդից և բժշկական պարագաներից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի յոթ ամիս շրջափակման պատճառով, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Արցախի ինքնիշխանությունը վիճարկվում է։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները պատերազմի ավարտից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի մարդասիրական օգնությանը»,- ասվում է նամակում, որը ստորագրել են նաև այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն և Ստյուարտ Քոուփլենդը, ինչպես նաև այլ նշանավոր մշակութային գործիչներ։

«Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների մուտքն ու ելքը, և հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին [Միավորված ազգերի կազմակերպության] բարձրագույն դատական մարմինը՝ ՄՔԴ-ն [Արդարադատության միջազգային դատարանը] հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ճանապարհով ազատ տեղաշարժը։ Սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել որոշումը»,-ասել է Թանկյանը։

«Բոլորն աջակցում են շրջափակման բացմանը, ԱՄՆ-ից մինչև Պետդեպարտամենտը և Եվրամիությունը, բայց այդ ամենը լոկ խոսակցություն է», - ասել է նա: «Բայց մինչ մարդիկ սովամահ են լինում, բռնատիրական ռեժիմին ասելը, որ ապօրինի շրջափակումը դադարեցնի, չի օգնի նրանց գոյատևել: Դրանք պարզապես խոսքեր են: Գործողություններ չկան, և դա է խնդիրը»,-հարցազրույցում ասել է Թանկյանը, գրում է պարբերականը։