«Թևանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ձեռնամուխ է եղել նոր աշխատանքի: Շուտով նա կնկարահանի ևս մեկ ֆիլմ, որը կրկին Արցախի մասին է: «Վերջին բնակիչը» կոչվող ֆիլմն արծարծում է Սումգաիթյան ջարդերի թեման:
Ռեժիսորը ESem.am-ին հայտնեց, որ ֆիլմում կխաղան միջազգային հայտնիության դերասաններ: Անուններ նշել նա առայժմ չցանկացավ՝ խոստանալով հետագայում առաջինը ESem.am-ին հայտնել մանրամասները: Ըստ Ջիվանի՝ ստեղծագործական կազմում ևս ընդգրկված կլինեն օտարեկրացի մասնագետներ:
«Նրանց ներկայությունը շատ եմ կարևորում, քանի որ պրոֆեսիանալների հետ աշխատելով՝ ցանկանում եմ նաև օտար կինոյի մի մաս կազմել, ուզում եմ օտար մշակույթ, հայացք բերել ղարաբաղյան թեմայի մեջ»,- ասաց նա ու հավելեց, որ գնահատում է հայ մասնագետների արհեստավարժությունը, սակայն որոշել է նոր նախագիծն այս ձևաչափող իրականացնել: «Վերջին բնակչի» կոմպոզիտորը լինելու է Սերժ Թանկյանը:
ESem.am-ի դիտարկմանը, որ օտարերկրացիների հետ աշխատելը թանկ հաճույք է, ունի՞ հովանավորներ, ռեժիսորը միանշանակ պատասխան չտվեց: «Կարևոր մի բան կա՝ սեր. սեր դեպի քեզ, հենց քեզ սիրեցին, ամեն բան էլ կստացվի»,- ասաց նա ու հավելեց, որ կրկին իր կողքին են Ազգային կինոկենտրոնը, լիտվացի համարտադրողն ու «Թևանիկ ակումբը»:
Ջիվանի փոխանցմամբ՝ «Թևանիկի» դերասանական և ստեղծագործական անձնակազմից շատերը ևս ընդգկված կլինեն նոր ֆիլմի ստեղծագործական կազմում, որի նկարահանումները կկայանան ամռանը: Ռեժիսորը նախատեսում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա հաջորդ տարի:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը