Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի «Five Star Cinema» երեքհարկանի համալիրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան տեղեկացնում է, որ կինոնկարի ռուսաստանյան պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 19-ին: Ֆիլմը  ներկայացվել է համալիրի միաժամանակ հինգ էկրաններին: Ֆիլմի համառեժիսոր և սցենարի համահեղինակ Կարին Հովհաննիսյանը և կոմպոզիտոր, ամերիկահայ ռոք երգիչ, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել են կինոնկարը: Ապրիլի 23-ից ֆիլմը կներկայացվի ռուսաստանյան 50 կինոթատրոններում: Հրապարակված լուսանկարներից երևում է, որ ֆիլմի պրեմիերային մասնակցել է նաև ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:


ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ «1915» ֆիլմը կհայտնվի նաև հայկական կինոէկրաններին: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին: Ֆիլմի պաշտոնական՝ 1915themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկանում է կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

 

«Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Այս ֆիլմը հիշողության մասին է՝ ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին»,- նշված է ֆիլմի կայքում:


Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ»,  «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից: