Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, համերգը կանցկացվի փետրվարի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

Իտալացի ֆլեյտահար Մասսիմո Մերչելին նվագախմբի հետ կներկայացնի Մոցարտի Ֆլեյտայի կոնցերտը, ինչպես նաև տեղի կունենա Մայքլ Նայմանի Ֆլեյտայի կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մալերի թիվ 4 սիմֆոնիան: Որպես մենակատար հանդես կգա սոպրանո Իրինա Զաքյանը, որպես դիրիժոր՝ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո: