Ամբողջ աշխարհում մեծ հռչակ և ճանաչում վայելող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և ջութակահար Սերգեյ Խաչատրյանն առաջին անգամ հանդես կգան միասին: Երկու տաղանդավոր երաժիշտները հունիսի 15-ին ելույթ կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նրանք հայ ունկնդրին կներկայացնեն Բրամսի Կրկնակի կոնցերտը` ջութակի և թավջութակի համար,Սիմֆոնիա թիվ 2-ը: Համեր գի ընթացքում Ֆիլհարմոնիկը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը հունիսի 13-ին համերգի առթիվ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ յուրաքանչյուրը հատուկ հպարտության զգացումով է մասնակցում միջոցառմանը: «ՀՀ մշակույթի նախարարության անունից հատուկ երախտագիտություն եմ հայտնում ձեզ, որ կարողանում եք ներկայացնել հայկական մշակույթն ամբողջ աշխարհում: Դուք լավագույն դեսպանններն եք աշխարհում: Շատ ենք ցանկանում, որ հաճախ լինեք Հայաստանում»,-  նշեց Գեղամյանը:

 

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ երկու երաժիշտներն էլ մեզ համար ամենացանկալի հյուրերն են: «Նրանք բազմիցս ելույթներ են ունեցել Հայաստանում: Խորհրդանշական է որ երկուսով են հանդես գալու»,-նշեց Թոփչյանը: Մաեստրոյի համոզմամբ, համերգի տոմսերն արագ են սպառվել հենց շնորհիվ կատարողների:

 

Համատեղ ելույթ ունենալու գաղափարն առաջացել է ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մոտ: «Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում մենք Մարիինյան թատրոնի նվագախմբի և Վալերի Գերգիևի պատրաստվում ենք հանդես գալ նույն ծրագրով: Որոշեցինք նույն համերգը ներկայացնել նաև Հայաստանում»,-նշեց ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

 

Վերջերս ջութակահարն ստացավ շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: Խաչատրյանի համար այս մրցանակն անսպասելի էր, նույնիսկ մինչ այդ չգիտեր մրցանակի մասին: Մրցանակի լավագույն կողմը, Սերգեյի համար, այն է, որ նա սեպտեմբերի 13-ին համերգով հանդես կգա Վիեննայի ֆիլհարմոնիկի հետ և կնվագի Բեթհովենի գործերից:

 

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ընդգծեց, որ Հայաստանում հանդես գալն իր համար շատ հուզիչ է և մեծ պատասխանատվություն: «Այս տարի մենահամերգ ունեցա Կարնեգի հոլում, այնուհետև ելույթ ունեցա Լա Սկալա թատրոնի նվագախմբի հետ: Կարևոր է պահպանել այն մակարդակը, որին հասել եմ և ավելի լավ նվագել»,-նշեց Հախնազարյանը: Թավջութակահարը հուլիսին պատրաստվում է վերադառնալ Հայաստան' հանգստանալու նպատակով:

 

Երկու երաժիշտները համատեղ հանդես գալու ծրագրեր դեռ ունեն: Սերգեյ և Լուսինե Խաչատրյաններն ու Նարեկ Հախնազարյանը ելույթներ կունենան տրիոյով:

 

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը բնակվում է Գերմանիայում: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի մոտ: Հետագայում ուսումը շարունակում է Վյուրցբուրգ քաղաքում: 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես մենակատար։ Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրում: Որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում: Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» ամենամյա մրցանակը:

 

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցել և համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: 2012-13 թթ. համերգաշրջանում Հախնազարյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Rotterdam Philharmonic-ի, London Philharmonic-ի, BBC Scottish Symphony Orchestra-ի, Filarmonica della Scala-ի և բազմաթիվ այլ հեղիանակավոր նվագախմբերի հետ: «Վաշինգտոն պոստ» թերթը նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջ ութակահար, ով ներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ. նվաճելով Պ. Ի. Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»: