Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է գալիս բացառիկ և եզակի համերգով: Հունիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենան աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայազգի երիտասարդ երաժիշտներ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից, երեկոյի ընթացքում կհնչեն Բրամսի Կրկնակի կոնցերտը` ջութակի և թավջութակի համար, Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգի ընթացքում Ֆիլհարմոնիկը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը բնակվում է Գերմանիայում: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի մոտ: Հետագայում ուսումը շարունակում է Վյուրցբուրգ քաղաքում: 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ'որպես մենակատար։ Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրում: Որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում: Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:

 

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում' Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցել և համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: 2012-13 թթ. համերգաշրջանում Հախնազարյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Rotterdam Philharmonic-ի, London Philharmonic-ի, BBC Scottish Symphony Orchestra-ի, Filarmonica della Scala-ի և բազմաթիվ այլ հեղիանակավոր նվագախմբերի հետ: «Վաշինգտոն պոստ» թերթը  նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջութակահար, ով ներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ. նվաճելով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»: