Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգին առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը: Ապրիլի 22-ին կայանալիք համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Համերգը կնվիրվի Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Արսեն Այտընյանը ծանոթ է հայագիտական շրջանակներում որպես մեծ հայագետ և հայտնի է գրաբարի և աշխարհաբարի հոյակապ աշխատություններով: Բազմաթիվ հայագիտական աշխատանքների, հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է, և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով, որն այսօր Վիեննայի Մխրթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում: Այտընյանը Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները մշակել է եվրոպական նոտագրությամբ, այնուհետ Վայսի օգնությամբ վերածել խառը երգչախմբի համար քառաձայնի: Ավելի ուշ Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը՝ լարային, փողային և հարվածային գործիքներով: Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ այս պատարագն առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընեանի եպիսկոպոսական օծման առթիվ:
Բացի այդ, նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով: Ծնված լինելով Պոլսում կրթություն է ստացել տեղի Մխիթարյան վարժարանում, այնուհետ կրթությունը շարունակել է Վիեննայի Մխիթարյան վանքում: Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 1845 թ. 22 տարեկանում օծվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում, իսկ 1886թ.` ստացել է արքեպիսկոպոսական օծում: Կայանալքի համերգի մուտքը հրավիրատոմսերով է: