Երևանի «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի կանցկացվի նաև Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՌեԱն իմանիա» կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, գյումրեցի կինոսերները նոյեմբերի 15-ից տասն օր շարունակ հնարավորություն կունենան դիտել տարվա լավագույն անիմացիոն ֆիլմերը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում և Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։


Նոյեմբեի 15-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա բացման արարողությունը և կցուցադրվի  «ՌեԱնիմանիա» 6-րդ կինոփառատոնում լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ ճանաչված  «Տղան և աշխարհը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալե Աբրեու)։

 

Նոյեմբերի 16-ին կցուցադրվեն մրցանակների արժանացած կարճամետրաժ ֆիլմերը և ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկի՝ «Ֆոլիմաժի» արտադրության «Փարիզցի կատուն» ֆիլմը: Առանձին ծրագրերով կներկայացվեն հայկական անիմացիայի պատմության լավագույն նմուշները:

 

Նոյեմբերի 17-ից՝ մեկ շաբաթ շարունակ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում կցուցադրվեն «ՌեԱնիմանիա»-ի այս տարվա մրցութային կարճամետրաժ և տարբեր երկրների մասնագիտական բուհերի ուսանողների ավարտական ֆիլմերի ծրագրերը։

 

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը Գյումրիում անցկացվում է «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ։

 

Փառատոնն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ից 31-ը Երևանում՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն ստացել էր ռեկորդային թվով հայտեր ՝ 900 ֆիլմ մոտ 90 երկրից, որոնցից ցուցադրվեցին մոտ 400 լիամետրաժ, կարճամետրած ֆիլմեր և հոլովակներ։ Փառատոնը հյուրընկալեց համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից ժամանած շուրջ 20 ճանաչված հյուրերի, տեղի ունեցան հատուկ ցուցադրություներ, ֆիլմերի պրեմիերաներ և վարպետության դասընթացներ։