Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային վեցերորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնն այս տարի նվիրված է Արմեն Տիգրանյանի 135, Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20 ամյակներին: Ավանդույթի համաձայն` փառատոնի կազամերպիչներին և բոլոր մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Հայրապետական օրհնությունը ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Փառատոնի շրջանակներում Գյումրի ժամանած հյուրերին ողջունեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: «Այս միջոցառումը մեզ համար նշանակալի երևույթ է, քանզի կազմակերպվել և անցկացվում է արվեստասեր հասարակությամբ ու մշակույթով հայտնի քաղաքում: Վերջին տարիներին մշակութային կյանքը Գյումրիում անընդհատ վերելք է ապրում. անցած տարի փառատոնին զուգահեռ, կյանքի կոչվեց իր տեսակի մեջ եզակի մասշտաբային ծրագիր՝ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» խորագրով, որը նոր ճանաչում բերեց մեր քաղաքին՝ կրկին անգամ հավաստելով Գյումրու տեղն ու դերը հայ մշակույթի գանձարանում: «Վերածնունդ» փառատոնը, տարեցտարի հասունանալով, ձեռք է բերում միջազգային ճանաչում, դարձել է շնորհաշատ անունների հայտնաբերման, երիտասարդ երաժիշտ-կատարողների վարպետության բարձրացաման դպրոց և, անշուշտ, իր ավանդն ունի հանրապետությունում դասական արվեստի պրոպագանդման գործում: Աննախադեպ հետաքրքրություն կա մրցույթ-փառատոնի հանդեպ, ինչի մասին վկայում է և՛մասնակիցների, և՛ մասնակից երկրների պատկառելի թիվը»,- ողջույնի խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Երեկոյի ընթացքում, մարզպետի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում ծավալած ազգօգուտ և բեղմնավոր գործունեության համար Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին և հիմնադրամի պատվո նախագահ, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանին շնորհվեց Շիրակի մարզպետարանի հուշամեդալ:
Փառատոնի հանդիսավոր բացման ընթացքում ելույթ ունեցան բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտ-կատարողներ, ինչպես նաև փառատոնի անցած տարիների դափնեկիրները:
Այս տարի փառատոնին մասնակցում է ավելի քան 3 հազար կատարող՝ 33 երկրից: Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգում՝ 5 տարիքային խմբերով: Փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովհանու ներքո: