Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ապրիլի 11-ին ընդունեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային վեցերորդ փառատոնի պատվավոր հյուրերին և ժյուրիի անդամներին: Մարզպետը, ողջունելով բոլորին, վստահեցրեց, որ Շիրակն ու Գյումրին պատրաստ են ըստ պատշաճի դիմավորելու ավանդական դարձած միջազգային այս փառատոնի բոլոր մասնակիցներին ու հյուրերին: «Անցած տարի Գյումրին ճանաչվել էր ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Ողջ տարվա ընթացքում իրականացվեցին հարյուրավոր մշակութային տարաբնույթ միջոցառումներ, որոնց մեջ իր ուրույն տեղն ու դերն ունեցավ «Վերածնունդ» միջազգային հինգերորդ փառատոնը: Այս տարի ևս վստահ ենք, որ փառատոնը կգոհացնի Գյումրի այցելած բոլոր հյուրերին»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ պատրաստ է ցանկացած խնդիր լուծել տեղում:

 

Հյուրերն էլ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեցին գերազանց և գյումրեցուն վայել ընդունելության համար: Նրանցից շատերը, ովքեր ապրիլի 10-ին արդեն մասնակցել էին տարբեր անվանակարգերում հայտարարված մրցութային լսումներին, իրենց հիացմունքն արտահայտեցին գյումրեցի պատանի երաժիշտ-կատարողների պատրաստվածության վերաբերյալ: «Երեկ ինձ բախտ վիճակվեց լսել 7-10 տարեկան երեխաներին: Հիացած եմ: Պարզապես չեմ կարող արտահայտել իմ գովեստը: Նրանցից շատերն արդեն պատրաստի արտիստներ են»,- նշեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Զուրաբ Սոտկիլավան:

 

Այն, որ փառատոնն իրոք միջազգային մեծ ճանաչում է բերում, վստահեցրին փառատոնի շրջանակներում արդեն մի քանի անգամ Հայաստան ժամանած հյուրերը: «Անշուշտ, ցանկության դեպքում կարելի է նաև չմասնակցել փառատոնին, բայց մենք արդեն երրորդ անգամ ենք մասնակցում փառատոնին, ինչը խոսում է փառատոնի կազմակերպչական բարձր մակարդակի մասին»,-նշեցին Ռիգայի ներկայացուցիչներ Անտրա և Նորմունդս Վիկսնե ամուսինները: 

 

Հանդիպումն անցավ շատ ընկերական ու ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին հյուրերը մարզպետին փոխանցեցին հուշանվեր, իսկ Ֆելիքս Ցոլակյանը նրանց հանձնեց «Գյումրի» պատկերազարդ գիրքը:

 

Երեկոյան հյուրերին կընդունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

 

Արմենուհի Մխոյան