Դերասանուհի Դիանա Գրիգորյանի ծրագրված հանգիստը մասնագիտական նոր առաջարկի պատճառով հետաձգվել է: ESem.am-ի հետ զրույցում Դիանան պատմեց գեղարվեստական նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկի մասին, որն էլ «չի թողնում» վայելել ամառային արձակուրդային օրերը:

 

«Ծրագրել էի սերիալի արձակուրդային շրջանում քույրերիս հետ հանգստի մեկնել կամ Վրաստան, կամ Սոչի, սակայն այս ընթացքում գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա և այս օրերին զբաղված եմ դրա նկարահանումներով»,-պատմեց «Քաղաքումի» Իռենը և ասաց, որ նոր ֆիլմը կոչվում է «Իմ փոքրիկ փեսացուն», որտեղ ինքը հարսնացուի կերպարում կլինի:

 

«Շատ բան չեմ կարող բացահայտել, միայն կասեմ, որ շուտով ուրախ կատակերգական նոր ֆիլմ է լինելու»,-ավելացրեց դերասանուհին և նշեց, որ ուրախ է ֆիլմի շրջանակներում խաղալ այնպիսի պրոֆեսիոնալ դերասանի հետ, ինչպիսին Արթուր Կարապետյանն է:

 

 

Խոսելով հանգստի իր սիրելի տարբերակի մասին` Դիանան շեշտեց, որ սիրում է պատմամշակութային վայրերի ուսումնասիրությունը համատեղել հանգստի հետ, սակայն այս տարի հոգնածության պատճառով ցանկություն ունի պասիվ հանգիստ ունենալ: «Մտածում էի Վրաստան գնալ, երկրում վայելել հանգիստս, մի քանի օրով փոխել միջավայրս, լավ քնել ու հանգստանալ»,-ասաց Դիանան, ով առաջիկա տարիներին մեծ ցանկություն ունի Եգիպտոսում, Հունաստանում լինել:

 

 

Ըստ Դիանայի` եթե մինչև սերիալի նկարահանումների սկսվելը շատ ժամանակ ունենա, ապա կիրագործի ծով գնալու ցանկությունը, իսկ եթե ոչ` Հայաստանի որևէ հանգստյան գոտում կվայելի ամառը: «Այժմ էլ, նկարահանումներից հետո սիրում եմ Երևանի կանաչապատ վայրերում լինել, պարզապես զբոսնել Օպերայի տարածքում, կամ էլ լողավազան գնալ»,-եզրափակեց զրուցակիցս:

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը