Վերջերս լուրեր են տարածվել, որ «Ոստիկանները», «Հարազատ թշնամի» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դարձած սերիալային դերասան Հայկ Չոմոյանն արդեն ռեփ է կարդում: Խոսակցությունների իսկությունը պարզելու համար Esem.am-ը զրուցեց «Հարազատ թշնամի» հեռուստանովելում Ֆրիկի դերակատար Հայկի հետ: «Այո, ռեփ եմ կարդում, բայց ոչ փոխել եմ մասնագիտությունս, ոչ էլ պատրաստվում եմ փոխել:


Ռեփ կարդալն ինձ համար սիրելի զբաղմունք է, որն իմ հավեսի համար եմ անում: Այդ ոլորտում լուրջ քայլեր չեմ արել, առաջիկայում էլ չեմ անելու: Ներկայիս զբաղմունքս շատ է դուր գալիս ինձ և դեռ շատ անելիքներ ունեմ այս ասպարեզում»,- ասաց նա:

 

 

 

Հայկն անդրադարձավ նաև մեկ այլ խոսակցության, ըստ որի, ինքը մասնագիտական կրթություն չունի, անգամ դպրոցը չի ավարտել: «Մինչև տասներորդ դասարան չեմ գնացել դպրոց, բայց դա չի նշանակում, որ կրթությունս կիսատ եմ թողել: Թիվ 153 դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո դուրս եկա և ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դասական վոկալի բաժինը: Սովորել եմ նաև Երգի պետական թատրոնում: Ճիշտ է` Թատերական ինստիտուտը չեմ ավարտվել, բայց ոչ պակաս դպրոց եմ անցել:

 

Մասնագիտական կրթություն ստացել եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանի վարպետություն բաժնում: Սովորելով Հենրիկ Մարգարյանի կուրսում` շատ կարճ ժամանակում հասցրել եմ մասնագիտական մի շարք հմտություններ ձեռք բերել»,- ասաց սերիալային դերասանը՝ հավելելով, որ իր ուսուցիչը հիանալի մասնագետ է և կարողանում է իր ուսանողներին շատ գիտելիքներ տալ:

 

 

Հայկի հավաստմամբ՝ ամեն օր ինքնակրթությամբ է զբաղվում: «Թատերական ինստիտուտում սովորելու ցանկություն ունեի, բայց հասկացա, որ անիմաստ ժամանակ ու գումարներ եմ ծախսելու: Չկա հստակ գրականություն, որ այնտեղի դասախոսների հանձնարարությամբ պետք է կարդամ ու նոր բաներ սովորեմ: Այն, ինչ իրենք ինձ նոր պետք է սովորեցնեն, իմ դասախոսը` պարոն Մարգարյանը, արդեն սովորեցրել է: Մնացածը ձեռք կբերեմ ինքնակրթության և պրակտիկայի շնորհիվ: Ճիշտ է, դեռ սովորելու շատ բան ունեմ, բայց կարևորը լավ հիմքն է, որը կարծում եմ, ունեմ»:

 

Հիշելով դպրոցական տարիները, նա նշեց, որ լավ աշակերտ է եղել, մինչև չորրորդ դասարան աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ: «Սկզբում շատ լավ էի սովորում, հետո ծուլացա :) Վարքի առումով միշտ լավ աշակերտ եմ եղել: Երբ ուզում էի դպրոցից դուրս գալ, տնօրենին՝ տկն Սարգսյանին, դժվարությամբ համոզեցի:) Թույլ չէր տալիս, ասում էր` կավարտես, հետո ուր ուզում ես գնա»,-Esem.am-ին ասաց սերիալային դերասանը:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը