ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ ռեժիսոր Ելենա Արշակյանն ընտանիքի հետ վթարի էր ենթարկվել: Ելենան 4-րդ ողի կոտրվածք ուներ, որը բավականին լուրջ վնասվածք է:

ESem.am-ը հետաքրքրվեց ռեժիսորի վիճակով և տեղեկացավ, որ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Հիվանդանցից ժամանակից շուտ դուրս գրվեցի, տանը պառկած եմ: Վնասվածքը լուրջ է` կոտրվածքն արմատից է, բայց քիչ-քիչ փորձում եմ քայլել»,- ասաց Ելելնան և հավելեց, որ հուսով է` լուրջ հետևանքներ չեն լինի: Նրա բժշկական թղթերն արդեն ուղարկել են Իսրայել, որտեղից սպասում են պատասխանի` բուժման հետագա ընթացքը կազմակերպելու համար:

 

 

«Չեմ կարող երկար ժամանակ պառկած մնալ, քանի որ շատ գործեր ունեմ»,- ասաց ռեժիսորը` հավելելով, որ շատ շնորհակալ է ընկերներին, ովքեր մեր զրույցի պահին էլ կողքին էին: «Ամեն բան անում են, որ շատ չնեղվեմ ու չձանձրանամ տանը պառկած: Հուսով եմ` մի քանի օրից արդեն կկարողանամ  դուրս գալ, թեև բժիշկները խորհուրդ են տալիս պառկել»,- նշեց նա:

Ելենայի դուստրը քթի կոտրվածք ուներ, մայրիկի փոխանցմամբ, նա արդեն լավ է զգում իրեն, կազդուրվել է: «Ի տարբերություն ինձ, աղջիկս շատ ավելի պոզիտիվ է տրամադրված: Չնայած ես էլ սկզբնական շրջանում էի ավելի վատ, հիմա հասկանում եմ, որ լավ ենք պրծել,- ասաց նա և հավելեց, որ ամուսինը վթարից չի տուժել, թեև հոգեբանորեն է շատ ճնշված: -Նա կնախընտրեր, որ իր հետ եղած լիներ այդ ամենը, բայց, փառք Աստծո, ոչ մի վնասվածք չի ստացել»:

 

 

Ռեժիսորի ընտանիքը վերադառնում էր Եգիպտոսից: Վրաստան-Հայաստան ճանապարհին էլ` Ալավերդիում, տեղի է ունեցել վթարը: Ելենան ասաց, որ մեքենայի հետևում էր նստել, որպեսզի երեխային քնացնի: «Մեքենայի դիմացի հատվածը լրիվ վնասվել էր, երևի ավելի լավ էր, որ ես հետևում էի նստած»,- ասաց նա և իր շնորհակալությունը հայտնեց անծանոթ քաղաքացիներին, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերել: «Չեք պատկերացնում, թե ինչ առաջին օգնություն ցույց տվեցին: Մի մարդ մեզ հասցրեց հիվանդանոց, գնաց բժիշկներին տանից բերեց: Շատ շնորհակալ եմ այդ մարդկանց այդպիսի օգնություն ցուցաբերելու համար, ավելի շնորհակալ եմ, քան բժիշկներին: Հասկացա, որ մեզ մոտ մնացել են մարդկային արժեքները, հատկապես այդ կողմերում` քաղաքից մի քիչ հեռու, որտեղ մարդիկ մոտ են բնությանը: Նրանք ավելի բարձր արժեքներ ունեն, քան, օրինակ, բժիշկները»,- շեշտեց ռեժիսորը:


Առողջություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը