Cosmo.am-ը գրում է.

 

Տոներն են մոտենում, լա-լա-լա-լա-լա՜: Անկախ նրանից, թե ինչպես ես որոշել դիմավորել այս Ամանորը, առջևում հանգստյան օրերն են, որոնք կարելի է անցկացնել հետաքրքիր, յուրահատուկ, որպեսզի գալիք տարվա սկիզբը տպավորվի ու հիշվի երկար ժամանակ:

 

Պատրաստեց Գայանե Գալստյանը

Նոր տարի+հանգստյան տուն

Ամանորյա հոգսերից ազատվելու ու մի լավ հանգստանալու համար մեկ շաբաթով քաղաքից մեկնելը հիանալի տարբերակ կլինի: Ընտրիր այնպիսի հանգստյան տուն, որտեղ կա SPA-կենտրոն ու լողավազան. այս օրերին կարելի է մի լավ երես տալ ինքդ քեզ, ժամանակ տրամադրել մարմնիդ խնամքին: Եթե որոշել ես սիրելիիդ հետ միասին անցկացնել արձակուրդը, ապա այս տարբերակը հրաշալի կլինի:

 

Արմավենիների ներքո

Եթե կարող ես քեզ թույլ տալ արձակուրդն անցկացնել երկրից դուրս, ապա Պրահան, Փարիզը կամ Բեռլինը շատ լավ տարբերակ են: Ծննդյան տոների կապակցությամբ շատ երկրներում կազմակերպվում են հատուկ երեկույթներ ու ամանորյա շոուներ:
Եթե արտասովոր ու ամառային Նոր տարի ես փնտրում, ապա քեզ դուր կգան Դուբայը, Շարմ-Էլ-Շեյխը:

 

Սակայն այսպիսի հանգստի մեկնելու համար պետք է նախօրոք պատրաստվել, լուծել վիզայի խնդիրը, երկու շաբաթ առաջ սեղան պատվիրել ռեստորանում՝ տարեմուտը դիմավորելու համար:

Ֆի՜լմ, ֆի՜լմ, ֆի՛լմ

Արձակուրդը քաղաքում անցկացնելու դեպքում էլ կարող ես հետաքրքիր ժամանց անցկացնել. ի՞նչ կասես ֆիլմերի մասին: Գիտեմ, որ վաղուց է՝ ժամանակ չի եղել կինոթատրոն գնալու կամ տանը կինոնկար դիտելու: Սա առիթ կլինի ընկերներիդ տեսնելու, միասին կինոթատրոն գնալու կամ էլ տնային կինոդիտումներ (փափուկ բարձերն ու ադի-բուդին՝ պարտադիր) կազմակերպելու համար: Այնուհետև միասին զբոսնեք քաղաքում, վայելեք միմյանց ընկերակցությունն ու քաղաքի ամանորյա տրամադրությունը:

 

Շոփինգ

Ինչո՞ւ միայն տոներից առաջ: Հունվարի սկզբին խանութներում կշարունակվեն զեղչերը. ավելին՝ դրանք մարդաշատ չեն լինի, ու դու կկարողանաս հանգիստ ու առանց շտապելու շրջել քո սիրելի խանութներով: Այնպես որ դեկտեմբերի վերջին գնիր միայն նվերները, իսկ մնացած գնումները, հատկապես' տան ինտերիերի, սպասքի պարագաները՝ հետո: Վստահ եմ՝ հաճելի կլինի շրջել խանութներով, որոնք գեղեցիկ ու տոնական զարդարված են:

 

Ձնեմարդ, սահադաշտ ու ... փաթիլնե՜ր

Տոներին տանը նստելը, ամանորյա հաղորդումներ ու ֆիլմեր դիտելը միշտ էլ կա, առանց դրա հնարավոր էլ չէ, սակայն ոչ ամեն օր: Երեկոյան դուրս արի զբոսնելու ընկերներիդ, հարևաններիդ կամ սիրելիիդ հետ: Օգտվեք առատ տեղացած ձնից, ձնեմարդ պատրաստեք ու պարզապես զվարճացեք, թեկուզ երեխաների նման՝ մտածելով ձեր տրամադրության, այլ ոչ թե տարեց հարևանուհու խոժոռ հայացքների մասին: Հա, չմոռանաս սահադաշտի մասին:

P.S. Այս ամբողջ ընթացքում ուշադրություն դարձրու նաև սննդակարգիդ. գիտեմ՝ դժվար է դիմադրել մայրիկի պատրաստած տեսակ-տեսակ ամանորյա ուտեստներին, սակայն մեզ ավելորդ կալորիաներ պետք չեն;) Հաճելի հանգիստ քեզ:)