Ճանապարհաերթևեկության նշաններին կարելի է ավելացնել ևս մեկը, որը ցույց կտա, որ հայաստանյան փողոցներում մարդկանց մուտքը «արգելվում է»: Անմիջապես սրա մասին մտածեցինք, երբ իմացանք, որ սեպտեմբերի 22-ին նշվում է Առանց մեքենայի միջազգային օրը :)

Առանց մեքենայի օր անցկացնելու ավանդույթը դրվել է 1998 թվականին Ֆրանսիայում, երբ իրականացվել է «Մեկ օր առանց մեքենայի» ակցիան: Այն ժամանակ այս օրը նշել են երկու տասնյակ քաղաքներում, իսկ արդեն 2001-ից տոնին միացան Ճապոնիան, Բրազիլիան և աշխարհի 35 երկրներ:
«Քաղաքը' որպես տարածք մարդկանց համար», «Տարածքը կյանքի համար է» կարգախոսն ունեցող բոլոր ակցիաները, որ իրականացվում են աշխարհում, միտված են հիշեցնելու այն բացասական հետևանքների մասին, որոնք առաջանում են ավտոմեքենայի շահագործումից, դրանով իսկ դրդելով մարդկանց օգտվել ավտոմեքենային այլընտրանք միջոցներից: Հաշվարկված է, որ ամեն օր ավտոմեքենաների պատճառով 3000 մարդ է մահանում: Իսկ յուրաքանչյուր րոպեում հոսքագծից դուրս է գալիս նոր «մարդասպան»-ավտոմեքենա: Սակայն դրանց արտադրության տեմպերը շարունակում են աճել: Եվրոպական քաղաքներն այս օրը կրճատում են ավտոմեքենաներից օգտվելու հաճախականությունը: Որպես երթևեկության միջոց' օգտվում են տրոլեյբուսներից, տրամվայներից, ավտոբուսներից, մետրոյից և հեծանվից:
Մեքենա ունեցող հայտնի մարդկանցից հետաքրքրվել ենք, թե ինչ են անում առանց մեքենայի և ինչով են փոխարինում այն:

Անաիս Սարդարյան. «Իմ մեքենան աղջկա պահարան է հիշեցնում»
Դերասանուհի Անաիս Սարդարյանի համար մեքենան զուտ փոխադրամիջոց և հագուստի պահարան է :) «Մեքենայիս մեջ կարողանում եմ պահել նկարահանման համար անհրաժեշտ բոլոր հագուստներս, բարձրակրունկ կոշիկներս. այնպես որ, առաջին հայցքից իմ մեքենան աղջկա պահարան է հիշեցնում»,- ասաց Անաիսը, ով արդեն մեկ տարեկան վարորդ է: Ճիշտ է, սերիալային դերասանուհին Առանց մեքենայի օրեր ունեցել է, սակայն այդ դեպքում ուրիշի մեքենայով է տեղաշարժվել. «Այդ օրվա մասին տեղյակ չէի, սակայն եթե Հայաստանում էլ առանց մեքենայի օր հայտարարվի, հաճույքով կմիանամ. կարելի է պարզապես քայլել»: Անաիսի համար կարևոր չէ մեքենայի շքեղ լինելը, ամենակարևորը' չորս անիվ ունենա և իր ցանկացած տեղը հասցնի, իսկ այդ ընթացքում նա ճանապարհին լսում է «3.33»-ի, «Ռեինկարնացիայի» կամ Զեմֆիրայի երգերը:

Հովհաննես Դավթյան.«Մեքենայիս մեջ մշտապես հիգիենայի պարագաներ եմ պահում»
«Ինձ համար մեքենան միայն փոխադրամիջոց է և ոչ մի դեպքում' շքեղություն»,- զրույցի սկզբում ասաց դերասան Հովհաննես Դավթյանը, ով արդեն 7 տարի է' մեքենա է վարում: Նրա խոսքերով' այս տարիների ընթացքում այնքան է սովորել մեքենային, որ նույնիսկ մեկ օր կամ մի քանի ժամ առանց մեքենայի մնալը շատ դժվար է: Հովհաննեսը նույնպես տեղյակ չէր, որ Առանց մեքենայի միջազգային օր գոյություն ունի: Նրա մեքենան էլ պակաս պահարան չէ :) Այնտեղ նա պահում է հիգիենայի պարագաներ' անձեռոցիկ, օծանելիքներ, բացի դրանցից, նաև սցենարներ, մեկանգամյա օգտագործման բաժակներ ու ափսեներ' քաղաքից դուրս գնալու համար:

Լիլի Հովեր. «Մեքենայիս մեջ երկու խաչ ունեմ»
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թողարկումներում եղանակի կանխատեսումներն ամեն օր ներկայացնող հաղորդավարուհի Լիլի Հովերի փոխանցմամբ' միայն մարտից սկսած է մեքենա վարում: «Մինչև մեքենա վարելն օգտվել եմ տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներից, բայց դժվար էր առանց մեքենայի. արդեն սովորել եմ դրան»,- նշեց Լիլին: Հաղորդավարուհու հավաստմամբ' ինքն այժմ էլ շարունակում է շատ քայլել: «Մեքենաս բավականին հեռու եմ կանգնեցնում և ընկերներիս հետ զբոսնում եմ քաղաքում: Նաև «Ժամը» լրատվականի աշխատակիցներով հատուկ քայլելու օրեր ունեինք, որ մեքենաները թողնում էինք հեռուստատեսությունում ու ոտքով քաղաք իջնում»,- հայտնեց Լիլին: Ըստ նրա' մեքենայի մեջ իրեն բնորոշ միակ բանը տարատեսակ հոտերն են, որոնց սիրահարն է հաղորդավարուհին: «Մեքենայիս մեջ նաև երկու խաչ ունեմ, որոնք մշտապես կախված են: Մի անգամ դրանցից մեկը հանել էի և քիչ էր մնում վթարի ենթարկվեի. նույն պահին այդ խաչն իր տեղը կախեցի, ու ամեն բան բարեհաջող ընթացավ»,-ավելացրեց Լիլին:

Անդրանիկ Հարությունյան. «Այդ օրն էլ մանկասայլակ կքշենք :)»
Անդոյին շատ ուրախացրեց այն փաստը, որ աշխարհում նշվում է Առանց մեքենայի միջազգային օրը: «Շատ լավ կլինի, եթե Հայաստանում էլ այդ օրը հայտարարվի առանց մեքենայի օր. կքայլենք ու կնպաստենք առողջ ապրելակերպին, մաքուր օդ կշնչենք: Այդ օրն էլ մանկասայլակ կքշենք :)»,-վերջում կատակով ավելացրեց Կամերային թատրոնի դերասանը, ով առանց մեքենայի լինելու դեպքում օգտվում է տաքսիներից: Երկու տարվա վարորդ Անդոն նշեց նաև, որ ինքը շատ լավ վարորդ է ու իր կողքին նստողներն էլ չեն բողոքում: Իսկ մեքենայում եղած պարագաների մասին խոսելիս հիշատակեց իր փոքրիկի հետ կապված պարագաները' կոշիկներ, ծծակ, մազակալներ և այլն:

 

Առանց մեքենայի' Արևիկ Իսաջանյան