Դերասան Աբել Աբելյանը կտրուկ «այո» կամ «ոչ» հաճախ չի ասում, քանի որ միշտ ընտրում է երևույթի պարզաբանման ճանապարհը: Նա նշեց, որ քիչ երևույթներ կան, որոնց միանշանակ «այո» կամ «ոչ» կարող է ասել: Հենց դրանցից էլ առանձնացրեց մեր խորագրի «այո»-ներն ու «ոչ»-երը:

Ասում է' «Այո´»
Սերը, հարգանքն ու ամեն օր կրկին սիրահարվելը շատ կարևոր են ընտանիքում, քանի որ դրանք խթանում են տանն առողջ մթնոլորտի ձևավորմանը: Դրանք փոխկապակցված են քո մյուս քայլերի հետ և անդրադառնում է շրջապատիդ, կարիերայիդ վրա, քանի որ ընտանիքում է ձևավորվում մարդու հոգեբանությունը: Ասում եմ' «այո´», ընտանիքում սեր ու հարգանք պահպանելուն:
Ընկերությունը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում, դրա համար հանուն ընկերության պետք է նաև նեղություն կրել: Ընկերության մեջ շատ կարևոր է ընկերոջդ օգնելու հարցում պատրաստակամ լինելը' հասկանալով, որ դա կարող է քեզ նեղություն պատճառել: Իրական օգնությունն այն չէ, որ կարող էիր ու արեցիր, այլ այն, երբ չէիր կարող, բայց արեցիր:
Կարիերայում հաջողության հասնելու գրավական է երազելը, իհարկե, երազանքը պետք է անպայման նպատակ դառնա: Դրան արդեն հաջորդում է կամքը, քրտնաջան աշխատանքը, սեփական ուժերին հավատալը և, իհարկե, մի քիչ հաջողություն ունենալը: Ասում եմ' «այո´» երազելուն, քանի որ ամեն ինչի հիմքը երազանքն է:
Մեր ժամանակներում, երբ շատ բաների կարելի է հասնել ծանոթի միջոցով ու երբեմն ավելի հեշտ է լինում ծանոթ գտնելը, քան սովորելը, քրտնաջան աշխատելը: Ասում եմ' «այո´» սեփական ուղին ընտրելուն, քանի որ աշխատելու, սովորելու, սեփական պաշարն ունենալու դեպքում հաջողության միանշանակ կհասնես: Ինչ-որ պահի հաստատ դա նկատելի կդառնա. պետք է ուղղակի համբերատար լինել:

Ասում է' «Ո´չ»
Ընտանիքում միանշանակ չպետք է սուտ լինի, իսկ դավաճանությունը նույնիսկ քննարկման ենթակա չէ: Միանշանակ ասում եմ' «ո´չ» այդ ամենին, քանի որ դրանց առկայության դեպքում ընտանիքում ձևավորվելու է ատելության մթնոլորտ ու այն հաստատ քանդվելու է:
Պետք է պահպանել ընտանիքը, ինչի համար անհրաժեշտ է վստահել միմյանց ու ամենակարևորը' չստել:
Ընկերության մեջ կարող է քայքայիչ լինել նախանձը: Միանշանակ ասում եմ' «ո´չ» նախանձին, որն առաջին հերթին քեզ է ներսից քայքայում ու վնասում: Արդյունքում' դա տարածվում է շրջապատիդ վրա, ու սկսում ես վատ վերաբերվել դիմացինիդ: Նախանձը շատ վատ երևույթ է, որը տեղ չունի ընկերության մեջ:
Եթե մարդը նպատակ ունի, կարող է դրան հասնել նույնիսկ այն դեպքում, եթե շրջապատին աներևակայելի թվա: Պետք չէ առաջնորդվել շրջապատի կարծիքով, որը կարող է թերահավատ լինել: Եթե դու մի բան ուզում ես, ապա պետք է համոզված գնաս քո ընտրած ճանապարհով, քանի որ ոչ ոք քո հնարավորություններն ավելի լավ չգիտի, քան դու: Ասում եմ' «ո´չ» շրջապատի կարծիքի ազդեցությամբ երազանքից հրաժարվելուն:
Ես դեմ եմ ցանկացած ձեռնարկի, որն արվում է ի միջի այլոց' զուտ անելու համար: Յուրաքանչյուր քայլ պետք է լինի գիտակցված և մարդուն տանի դեպի նպատակը: Սա շատ կարևոր է հատկապես ուսման բնագավառի ընտրության հարցում, որը չպետք է ուղղակի լինի: Այդ դեպքում չի կարողանալու ինքնադրսևորվել իր ասպարեզում և անիմաստ ժամանակ է վատնելու:

Աբելի հետ «այո»-ն «ոչ»-ից տարանջատեց Ամալյա Հովհաննիսյանը