1. Ուղեղը մոխրագույն է: Երբևէ մտածե՞լ եք ուղեղի գույնի մասին: Մեր մարմնի մեջ մենք ունենք ծիածանի բոլոր գույներն՝ արյան, հյուսվածքների, ոսկրի և օրգանիզմի այլ հեղուկ կամ պինդ անբաժան դետալների տեսքով: Միգուցե կենսաբանության լսարանում կամ հեռուստացույցով տեսել եք սպիտակ, մոխրագույն կամ դեղնավուն ուղեղներ: Իրականում գործող ուղեղը կարող է ունենալ տարբեր երանգավորումներ' սպիտակ, սև և կարմիր: Ինչպես ուղեղի մասին շատ այլ առասպելներ, ուղեղի մոխրագույն լինելն էլ մոտ է ճշմարտությանը, քանի որ ուղեղը մեծ մասամբ բաղկացած է մոխրագույն նյութից:

Հիշենք Ագաթա Քրիստիի հայտնի դեդեկտիվ Էրքյուլ Պուարոյի կողմից օգտագործվող թևավոր արտահայտությունը' «փոքրիկ մոխրագույն բջիջներ»: Մոխրագույն նյութը տեղադրված է ուղեղի բոլոր հատվածներում, ինչպես նաև ողնաշարի հատվածում. Այն բաղկացած է տարբեր տեսակի բջիջներից, ինչպես, օրինակ, նեյրոններից:

Այնուամենայնիվ, ուղեղը պարունակում է նաև սպիտակ նյութ, որը բաղկացած է նյարդային մանրաթելերից, որոնք կապվում են ուղեղի հետ: Ուղեղի սև նյութը կոչվում է սուբստանցիա նիգրա (substantia nigra), այն լատիներեն է և թարգմանվում է՝ որպես «սև նյութ»: Նրա սև լինելը պայմանավորված է նևրոմելանինից (neuromelanin)' մաշկի և մազերի գունանյութի հատուկ տեսակից:

Կա նաև կարմիր նյութ, որի գույնը պայմանավորված է ուղեղում առկա արյունատար անոթների գոյությամբ: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ գունավոր և սպունգանման լինելու փոխարեն՝ պահպանվող ուղեղներն այդքան գորշ և անհետաքրքիր գունավորում ունեն: Պատճառն ուղեղի պահպանման համար նախատեսված ֆորմալդեհիդի (formaldehyde) օգտագործումն է:

2. Մոցարտ լսելն ուղեղը ճկուն է դարձնում: Աշխարհով մեկ տարածված է այն կարծիքը, որ անմահ դասական, երաժշտության աստված Մոցարտի ստեղծագործությունները լսելով' ուղեղն ավելի ճկուն է դառնում: Baby Einstein ընկերությունն արտադրում է արվեստի, երաժշտական և պոեզիայի DVD-ներ, վիդեոներ երեխաների համար' ուղեղի ճանաչողական և ստեղծագործական ունակությունները զարգացնելու նպատակով:

1950թ. ականջի, աչքի և կոկորդի բժիշկ Ալբերտ Թոմատիսը պնդեց այն տեսակետը, որ Մոցարտի երաժշտությունն օգնում է խոսելու և լսողական ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին: 1990թ. Իրվինի Կալիֆոռնիա համալսարանում անցկացվել է հետազոտություն' IQ թեստ անցկացնելուց առաջ 36 ուսանող մոտ 10 րոպե լսել են Մոցարտի սոնատներից մեկը: Հոգեբան Գորդոն Շոուն պարզեց, որ ուսանողների IQ թեստի արագությունն ավելացել էր 8 միավորով: Եվ արդյունքում ստեղծվում է «Մոցարտի էֆեկտ» հասկացությունը:

Սակայն այս ամենը գնալով դարձավ հակասական, քանի որ ի հայտ եկան գիտնականներ, ովքեր պնդեցին, որ Մոցարտի կամ այլ դասականների ստեղծագործությունները լսելով՝ ուղեղն ավելի ճկուն չի դառնում. այն պարզապես նպաստում է որոշակի տարածական և ժամանակային առաջադրանքների կատարման արագությանը: Մոցարտ լսելը Ձեզ չի կարող որևէ վնաս պատճառել, այնպես որ, կարող եք լսել, բայց մեծ հրաշքներ մի ակնկալեք:

3. Նոր բան սովորելուց ուղեղի գալարները շատանում են: Բոլորս պատկերացնում ենք ուղեղը՝ որպես կլոր, երկու կիսագնդերի բաժանված մոխրագույն նյութ' պատված բազմաթիվ գալարներով: Իսկ որտեղի՞ց են առաջանում այս գալարները: Որպեսզի ուղեղը տեղավորվի գանգի մեջ, այն մասնատվում է ծալքերի' գալարների: Եթե այս գալարները չլինեին, ապա մեր ուղեղը բարձի ծրարի չափսի կհասներ: Հիշեցնենք, որ պտղի մոտ ուղեղի գալարներն առաջանում են 40 շաբաթականում, և դրանք թվով այնքան են, որքան չափահաս մարդու մոտ: Այսպիսով, շատ կամ քիչ սովորելուց ուղեղի գալարները չեն շատանում կամ քչանում:

4.Ենթագիտակցական մեսիջավորում: Ենթագիտակցական մեսիջավորման գաղափարն ընկած է նրանում, թե ինչ են մեզ փորձում ասել լրատվական միջոցները, մեծ ընկերությունները և կառավարությունը: Ենթագիտակցական մեսիջավորումը մի հաղորդագրություն է, որը նկարի կամ ձայնի միջոցով փորձում է թափանցել մեր ենթագիտակցություն և ազդել մեր պահվածքի վրա:

Առաջին մարդը, որ օգտագործեց այս տերմինը, Ջեյմս Վիկարին էր' շուկայի հետազոտող: 1957թ. Վիկարին պնդեց, որ Նյու Ջերսիի կինոնկարներից մեկում օգտագործել էր ենթագիտակցական մեսիջավորումը: Այս մեսիջները, որոնք շրջանառվում էին վայրկյանի 1/3000-րդ անգամ, կինոդիտողներին ուղղում էր՝ խմել Coca-Cola և ուտել եգիպտացորենի բոված հատիկներ:

Ըստ Վիկարիի' կինոթատրոնում Coca-Cola-ի վաճառքն ավելացավ 18%-ով, իսկ popcorn-ինը' 57%-ով: 1950-1970թթ. ի հայտ եկան գրքեր, որտեղ խոսվում էր, թե Վիկարիի ինչպիսի միջոցներ օգտագործել գովազդում, որպեսզի ապրանքը և ծառայությունը գնվի: Այդ ժամանակվանից սկսած որոշ ռադիո և հեռուստատեսային գովազդներ սկսեցին օգտագործել ենթագիտակցական մեսիջավորումը, սակայն շատ մասնագիտական ասոցիացիաներ և ցանցեր արգելեցին նրանց:

1974թ. Ամերիկայի Միացյալ Նահանգների Հաղորդակցության ֆեդերալ գործակալությունն արգելեց ենթագիտակցական մեսիջավորման օգտագործումը: Բայց արդյո՞ք այս մեսիջները որևէ ազդեցություն թողնում են մեզ վրա: Պարզվում է, որ Վիկարին իրականում ստեր էր հորինել իր ուսումնասիրությունների արդյունքների մասին: Հետագա ուսումնասիրությունների համար կանադական հեռուստակայանի գովազդներից մեկում հնչեցրել էին «զանգահարեք հենց հիմա» մեսիջը, բայց այն ոչ մի ազդեցություն չէր ունեցել հեռուստադիտողների վրա, և արդյունքում ոչ մի զանգ չէր գրանցվել:

Այսպիսով ոչ մի մեսիջավորում չի կարող որևէ ազդեցություն թողնել Ձեզ վրա' առանց Ձեր իսկ ցանկության:

Պատրաստեց Շողեր Գալստյանը