Ամփոփելով Ձիու տարին՝ ESem.am-ը զրուցեց հայտնի «Ձի»՝ դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հետ, ով տարվա զգալի մասն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմերում:

 

«Արդեն նկարահանվել եմ ամերիկյան 2 ֆիլմում, այսպես ասած՝ ոտք եմ դրել հոլիվուդյան շուկա և նոր առաջարկներ կան, բայց ես էլի ձգտում եմ դեպի Հայաստան: Ինձ ԱՄՆ է բերում աշխատանքը, սակայն ես ավելի լավ եմ զգում հայրենիքում»,- ասաց նա և շեշտեց, որ Ամերիկայում չկա կոնկրետ ազգություն, մշակույթ, ինչն էլ իրեն խանգարում է:

 

 

Անդրադառնալով անցնող տարվան՝ Արմանը հայտնեց, որ այն իր համար շատ կարևոր էր: «Լավ և վատ տարի չկա, կան բաներ, որոնք քեզ տանում են դեպի ավելի լուսավոր մի կետ, իսկ մենք դա դատում ենք, որպես լավ կամ վատ: Անպայման չէ, որ Ձիու տարին միայն Ձիերի համար լավ լինի, բոլորի համար էլ Ձիու տարի է: Սա կարմայի տարի էր. դա ես ինձ վրա զգացել եմ մեկից մեկ: Հոգեպես շատ դժվար տարի էր. շատ ծանր, բայց շատ կարևոր: Երբ իմ միջի սպիտակն ու սևը պայքարում են միմյանց դեմ, դուրս է գալիս ճշմարտությունը, այս տարի պայքարի  տարի էր»,- ասաց Արմանը, ով բավականին  հետևողական է Հորոսկոպին: Նրա խոսքով՝ Այծի տարին թռիչքի տարի է և բոլորի համար շատ լավ է լինելու:)

 

 

Անցնող տարում Արմանը նկարահանվել է ամերիկյան 2 ֆիլմում, որից հետո նոր առաջարկներ է ստացել: Վերջերս էլ Արմանը նկարահանվել է ամերիկյան նոր նախագծում: «East of Byzantium» կոչվող ֆիլմում ներկայացված են Տրդատ թագավորի, Վարդան Մամիկոնյանի և Գրիգոր Լուսավորչի պատմությունները:  Ի սկզբանե Արմանին տրվել էր Տրդատ թագավորի դերը, սակայն նա խնդրել է մարմնավորել Գրիգոր Լուսավորչին: «Դա ինձ ավելի հոգեհարազատ էր, ես ավելի շատ ասելիք ունեի այդ կերպարի միջոցով: Փորձերից հետո իրենք էլ համաձայնեցին»,- հայտնեց դերասանը ու հավելեց, որ մեկ այլ ֆիլմում մարմնավորում է շատ չար կերպարի: Արմանի փոխանցմամբ՝ մայիսին այդ ֆիլմի պրեմիերան կկայանա նաև Հայաստանում: «Ամբողջ խումբը կգա Հայաստան: Ֆիլմում հայկական մեծ թեմա կա, դրա համար էլ իրենք շահագրգռված են: Կփորձեմ այնպես անել, որ Լուսավորչի ֆիլմն էլ Հայաստանում ներկայացվի»,- ասաց դերասանը, ով  հունվար-փետրվարին էլ կնկարահանվի ֆրանսիական ֆիլմում:

 

 

Արմանի խոսքով՝ 2015-ին երաժշտական մեծ ներկայացում անելու ծրագիր ունի: Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, սակայն դա կլինի ոչ թե ապրիլին, այլ աշնանը: «Կարծում եմ՝ Եղեռնի թեման միայն ապրիլին չէ արդիական»,- ընդգծեց երգիչ-դերասանը:

 

Ինչ վերաբերում է Ամանորին՝ Արմանը նշեց, որ տոները նշելու է ընտանիքի հետ: Այժմ ծնողները՝ Ժան Նշանյանն ու Շաքե Թուխմանյանը, ևս  ԱՄՆ-ում են: «Մենք տոները կնշենք հայկական ձևով՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 6-ին: Ես հատուկ կնշեմ նաև փետրվարի 19-ը՝ չինական Նոր տարին, որովհետև այդ ժամանակ  Ձին հեռանում է և գալիս է Այծը:)»,- ասաց նա և հավելեց, որ դեկտեմբերի 25-ն էլ չեն անտեսի:)

 

 

Զրույցի վերջում Արմանը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորեց բոլոր հայերին՝ մասնավորապես՝ ազատամարտիկներին: «Ուզում եմ ասել, որ ես ազատամարտիկների կողքին եմ: Մենք նրանց շատ բանով ենք պարտական: Պետք է հարգենք ու գնահատենք ազատամարտիկների արածը»,- եզրափակեց նա:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը