«Այսօր առավոտ ես սպանել եմ իմ տատիկին». այս արտահայտությամբ Ֆրանկլին Ռուզվելտն ուշադրություն էր գրավում իր զրուցակցի մոտ, որը չէր լսում իրեն: Մի քանի բառի միջոցով պատմելու և զգացմունքներ փոխանցելու արվեստին ոչ բոլորն են տիրապետում:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 7 ամենակարճ գրական գլուխգործոցները.

 

Ամենահամառոտ պատմվածքի մրցույթում հաղթել է Օ Հենրին: Չնայած իր կարճությանը՝ պատմվածքը պետք է ունենար նախաբան, գագաթնակետ, հանգուցալուծում: «Վարորդը վառեց ծխախոտը և կռացավ՝ տեսնի, թե բաքի մեջ ինչքան բենզին է մնացել: Հանգուցյալը 23 տարեկան էր»:

Մի անգամ Հեմինգուեյը գրազ է գալիս, որ կգրի պատմվածք, որը բաղկացած կլինի ընդամենը 6 բառից, բայց կհուզի յուրաքանչյուր մարդու: Եվ նա հաղթում է՝ գրելով. «Վաճառվում են երեխայի կոշիկներ, հագած չեն» («For sale: baby shoes, never used»):

 

Աշխարհի ամենասարսափելի կարճ պատմվածքը գրել է Ֆրեդերիկ Բրաունը. «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում, դուռը թակեցին»:

Անգլիացիներն էլ անց են կացրել ամենակարճ պատմվածքի մրցույթ այն պայմանով, որ այնտեղ անպայման պետք է հիշատակվեն թագուհին, աստվածը, սեքսը և գաղտնիքը: Առաջին տեղը գրավել է հետևյալ պատմվածքը. «Օ, աստված իմ,- բացականչեց թագուհին,-ես հղի եմ և չգիտեմ՝ ումից»:

 

Ամենակարճ ինքնակենսագրական պատմվածքի մրցույթում հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել է. «Առաջ ես ունեի հարթ մաշկ և ճմրթված կիսաշրջազգեստ, իսկ հիմա՝ հակառակը»:

Երբ Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածներըե վեպի ձեռագիրը ուղարկում է խմբագրություն, նամակում գրում է՝ «?», որին նույնպիսի լակոնիկ պատասխան է ստանում՝ «!»:

Հակիրճության դասական օրինակ է համարվում սպարտացիների պատասխանը Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II նամակին: Ֆիլիպը գրում է. «Խորհուրդ եմ տալիս ձեզ հանձնվե, քանի որ եթե իմ բանակը մտնի ձեր հողեր, ես կոչնչացնեմ ձեր այգիները, կստրկացնեմ ձեր ժողովրդին և կավերեմ ձեր քաղաքները»: Սպարտացիները պատասխանում են հնարավորինս լակոնիկ. «Եթե…»: