Տղամարդկանց միջազգային օրվա նախօրեին Euromag-ը կազմել է Եվրոպայի ամենացանկալի փեսացուների ցանկը, որտեղ ներառված են հին աշխարհամասի դեռևս չամուսնացած արքայազնները։

Արքայազն Հարի

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին 29 տարեկան է և արդեն հասցրել է խնջույքների սիրահարի ու կռվարար երիտասարդի համբավ ձեռք բերել, ինչը նրան ավելի գրավիչ է դարձնում հակառակ սեռի աչքում։ Սակայն արքայազնը նաև զինվորական ծառայություն է անցել ու մշտապես մասնակցում է բարեգործական ակցիաներին։

Կայքը նկատում է, որ արքայազն Հարին շուտով կարող է դուրս մնալ ցանկալի փեսացուների ցանկից, քանի որ պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Քրեսիդա Բոնասի հետ։

Արքայազն Էնդրյու

Ցանկալի փեսացուների շարքում է բրիտանական արքայական ընտանիքի ևս մեկ անդամ՝ 53-ամյա արքայազն Էնդրյուն, ով 1996թ. ամուսնալուծությունից հետո այդպես էլ ընտանիք չի կազմել։ Նա ունի 2 դուստր և գահի հավակնորդների շարքում 5-րդն է։

Արքայազն Կառլ Ֆիլիպ

Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը մի քանի տարի հանդիպում է մոդել Սոֆյա Հելքվիստի հետ, սակայն հարսանիքի մասին խոսք դեռևս չկա։ Շվեդները դեմ են այս ամուսնությանը և պնդում են, որ եթե Կառլ Ֆիլիպն ու նրա ընկերուհին ընտանիք կազմեն, ապա արքայազնը պետք է հրաժարվի գահից։
34-ամյա արքայազնը հետաքրքրվում է դիզայնով, լուսանկարչությամբ ու մեքենաներով։ Նա նաև զբաղվում է բարեգործությամբ։

Արքայազն Սեբաստյան

Լյուքսեմբուրգի թագավորական ընտանիքում ևս ցանկալի փեսացու կա՝ 21-ամյա արքայազն Սեբաստյանը, ով հետաքրքրվում է լեռնագնացությամբ, լողով, դահուկավազքով ու ռեգբիով։ Երիտասարդ արքայազնը բացի մայրենիից տիրապետում է նաև ֆրանսերենին, անգլերենին, իսպաներենին և գերմաներենին։

Արքայազն Պյեռ Ռենե Ստեֆանո Կազիրագի

Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի կրտսեր որդին՝ Պյեռ Ռենե Ստեֆանո Կազիրագին, թեև հանդիպում է լրագրողուհի Բեատրիս Բորոմեոյի հետ, այնուհանդերձ դեռևս նշանադրված չէ։ 26-ամյա արքայազնը, ի տարբերություն ավագ եղբոր, չի վարում բարձրաշխարհիկ կյանք ու այժմ բնակվում է Իտալիայում։

Արքայազն Ամեդեո

Բելգիայի արքայազն Ամեդեոն ևս ցանկալի փեսացուների ցանկում է։ Նա 26 տարեկան է ու գահի հավակնորդների շարքում 6-րդը։ Այժմ Ամեդեոն ապրում է Նյու Յորքում։