Ավելորդ քաշը լուրջ խնդիր է աշխարհի բազմաթիվ երկրների բնակիչների համար։ Նստակյաց կյանքը, անհրաժեշտ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը, անկանոն սնվելը և ոչ առողջարար սնունդը հանգեցնում են քաշի ավելացման։

Արգենտինացի դիետոլոգները վստահ են, որ ավելորդ քաշը ոչ միայն գեղեցիկ տեսքի հարց է։ Բազմաթիվ հիվանդություններ կապված են հենց այս խնդրի հետ, գրում է ИТАР-ТАСС-ը։

Սակայն բոլոր նրանք, ովքեր կյանքում գեթ մեկ անգամ փորձել են նիհարել, գիտեն, որ դժվար է անհրաժեշտ արդյունքի հասնելը։ Երբ մարդը փորձում է սահմանափակել իրեն ուտելիքի հարցում, նա սկսում է սովի մեծ զգացում ունենալ։ Այդ տհաճությունից խուսափելու համար, արգենտինացի դիետոլոգները ստեղծել են մաստակ, որը թույլ է տալիս առժամանակ մոռանալ ուտելու մասին։

Անանուխի համով մաստակը չի վաճառվի կրպակներում, սակայն այն կարելի է գնել դեղատներում։ Մաստակը վաճառվում է առանց դեղատոմսի, սակայն բոլոր ցանկացողներին խորհուրդ է տրվում նախևառաջ խորհրդակցել դիետոլոգի հետ։