Արդեն մի քանի տարի է, հեռուստասերիալների միջոցով բացահայտում ենք ոչ միայն երիտասարդ ու հասուն դերասանների, այլև ծանոթանում փոքրիկների հետ, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դերասանական ոլորտում: Նրանցից է 9-ամյա Տաթև Պողոսյանը, ում սերիալային առաջին դերը եղել է «Ոստիկանները» սերիալում՝ Անիի կերպարը:

Անին միանգամից գրավեց հեռուստադիտողներին, և Տաթևը շարունակեց ներկայանալ այլ նախագծերում՝ խաղալով «Խաղից դուրս», «Մամա» սերիալներում: Վերջինի եթերաշրջանի ավարտից հետո Տաթևը պատրաստվել է սեպտեմբերի մեկին: «Ամռանը հիմնականում խաղալով եմ զբաղված եղել: Հաճախ էի բակ իջնում, բացի այդ, նաև համակարգչային խաղեր եմ խաղացել,- ասաց փոքրիկը, ով այսօրվան՝սեպտեմբերի 1-ին, շատ էր սպասում,-Վայելում էի ամառը, բայց շատ էի ուզում դասերը սկսվեն: Կարոտել էի դասերս, ուսուցչուհուս ու դասընկերներիս: Ամբողջ դպրոցին էի կարոտել: Այնպիսի առարկաներ կան, որ շատ եմ սիրում. օրինակ՝ մայրենին, ֆիզկուլտուրան և անգլերենը»:

Այսօր Տաթևն ու համադասարանցիները կանգնել են իրենց՝ Վազգեն Առաջինի անվան 168 դպրոցի բակում և ուսուցչուհու ուղեկցությամբ շարքով դասարան գնացել՝ ազդարարելով չորրորդ դասարան փոխադրվելը: Տաթևի խոսքերով՝ այս տարի դպրոց գնալու համար շատ բան չի գնել. իրենց դպրոցում բոլորը համազգեստ են հագնում. «Քանի որ շատ բաներ ունեի, այս տարի միայն կոշիկ, չորրորդ դասարանցու պայուսակ և գրենական պիտույքներ ենք գնել»:
Թեև, որպես փոքրիկ դերասանուհի, Տաթևը սիրվել է շատերի կողմից, նա մտադիր չէ ընտել դերասանուհու մասնագիտությունը, ինչի համար իր պատճառներն ունի: «Մտածում եմ նկարչուհի, պարուհի կամ տիեզերագնաց դառնալու մասին: Իսկ դերասանուհի չեմ ուզում դառնալ, որովհետև նկարահանումների ընթացքում հասկանում եմ, թե ինչքան շատ դժվարություններ կան»,-ասաց փոքրիկը և հավելեց, որ դժվարություններից մեկն էլ այն է, որ նկարահանումները շատ ուշ են վերջանում:

Տաթևը տեղեկացրեց նաև, որ ինքը չի հեռացել հեռուստատեսությունից, և իրեն սիրողներն այսուհետև կարող են հետևել իրեն «Բարի լույս, հայեր» ծրագրի շրջանակներում, որում նա կունենա 5 րոպեանոց խորագիր և կայցելի հայտնի մարդկանց երեխաներին:
«Ես»-ը շնորհավորում է Տաթևին և բոլոր դպրոցականներին Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը