Սերիալային դերասանուհի Քրիստինա Կարապետյանին լայն ճանաչում բերեց «Աննա» հեռուստանովելում մարմնավորած Արևիկի կերպարը, որից հետո նա նկարահանվեց նաև «Հրեշտակների դպրոցը» և «Գեներալի աղջիկը» սերիալներում:

esyes.am-ը խոսել է Քրիստինայի հետ ու պարզել, թե ինչով է այժմ զբաղված: Վերջերս նա նկարահանվել է 24 մասից կազմված գեղարվեստական ֆիլմում: «Այն դարձյալ Հանրային հեռուստատեսությամբ է լինելու, սակայն թե երբ կլինի և ինչ անունով, չեմ կարող ասել: Միայն կարող եմ ասել, որ փոքրիկ դերով եմ հանդես եկել ու իմ մասով նկարահանումներն ավարտվել են»,-ասաց Քրիստինան, ով մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է և ավարտել է Մաշտոցի անվան համալսարանը:

Որպես դիզայներ՝ Քրիստինան տանը բազմաթիվ աշխատանքներ է արել, սակայն այս տարի ընդունվել է Թատերական ինտիտուտ' դերասանական հմտություններ ստանալու: Ըստ նրա' Թատերական ինստիտուտն իր երազանքների ինստիտուտն է եղել, սակայն դպրոցն ավարտելուց հետո այնտեղ ընդունվելու համարձակություն չի ունեցել: «Ընդունվել եմ Թատերականի Երաժշտական դերասանական բաժինը: Կարծում եմ՝ այդ ինստիտուտ պետք է հասուն տարիքում ընդունվել' գիտելիքներն այլ կերպ ընկալելու համար»,- համոզված է 22-ամյա Քրիստինան, ով ամբողջ ամռանը պարապել է' ընդունելության քննությունները լավ հանձնելու համար:

Քրիստինան մինչև այժմ էլ շարունակում է սերիալային առաջարկներ ստանալ, սակայն մեզ ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե դրանցից որը կընտրի և կհամատեղի ուսման հետ: «Ինձ համար շատ կարևոր է լավ սովորելը, որովհետև ներկայացումներում խաղալու նպատակ ունեմ: Մինչ այս ներկայացումներում խաղալու առաջարկներ ունեցել եմ, սակայն մերժել եմ, որովհետև կարծում եմ' բեմը պրոֆեսիոնալ դերասանների կարիք ունի»,-նշեց Քրիստինան, ով երազում է մարմնավորել Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» ստեղծագործության գլխավոր հերոսուհուն' Նորային:

Անձնականի մասին խոսելիս' Քրիստինան նշեց, որ փոփոխություններ ունի. «Չեմ ուզում շատ խոսել անձնականիս մասին: Կարող եմ ասել, որ նոր սկսվող հարաբերություններ են,-նշեց զրուցակիցս և հավելեց, որ սիրելին մասնագիտությամբ ատամնաբույժ Տիգրանն է,-մենք վաղեմի ծանոթներ էինք, բայց մոտ մեկ ամիս առաջ սկսեցինք ընկերություն անել»: