Հայաստանաբնակ կանայք նախընտրում են օգտագործել դեկորատիվ կոսմետիկ այն միջոցները, որոնք բրենդային են, անվտանգության տեսանկյունից' ստուգված, նախապատվությունը տալով եվրոպական արտադրանքին: Այս մասին panorama.am- ի լրագրողի հետ զրույցում հայտնեց կոսմետոլոգ Հասմիկ Անանիկյանը' անդրադառնալով կոսմետիկայի ոլորտում առկա ռիսկերին:
«Արդի պայմաններում կանայք հաճախակի են կանգնում ընտրության առջև: Բազմաթիվ ֆիրմաներ գովում են իրենց ապրանքը, բայց ոչ ճիշտ կոսմետիկայի օգտագուծումը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների, որոնցից հիմնականում տարածված է ալերգիան: Կարող են լինել նույնիսկ ավելի վտանգավոր խնդիրներ, որոնք ուղղակի կհանգեցնեն մաշկի հիվանդության: Եվ այդ դեպքում կապ չունի, թե որ երկիրն է արտադրել տվյալ կոսմետիկ միջոցը: Իհարկե, ցանկալի է ընտրել այնպիսի կոսմետիկա, որը մատչելի է դրամապանակին, բայց նախընտրելի է ավելի թանկն ու որակովը», - ասաց կոսմետոլոգը:

Նա խորհորդ է տալիս կոսմետիկա ընտրելուց առաջին հերթին ուշադրություն դարձնել ոչ միայն գնի կամ արտադրող երկրի վրա, այլ' բաղադրության:

«Նախապատվությունը պետք է տրվի, բնականաբար' բնական կոսմետիկային, բայց պետք է հաշվի առնել այդ միջոցի անձնական ընդունման յուրահատկությունները», - ասաց նա' նշելով, որ բնական և սինթետիկ տարերի թույլատրելի նորման 50-50 է:
Ըստ կոսմետոլոգների' պետք է ուշադրություն դարձնել, որ «բնական հումքի» տակ թաքնված չլինի նավթամթերքը կամ կոկոսի յուղը: Բացի այդ, կարևոր է, որ տուփի վրա պատկերված լինի սլաքներով եռանկյուն, ինչն երաշխավորում է կոսմետիկ միջոցի սրվակի անվտանգությունը, ինչպես նաև' խնձորի պատկեր, որը նշանակում է քաղցկեղածին բաղադրության բացառում: Եթե պատկերված է նապաստակ, նշանակում է, որ կոսմետիկ միջոցը փորձարկվել է կենդանիների վրա:

Հասմիկ Անանիկյանը նշեց, որ միջազգային նորմերին համաձայն, կոսմետիկայի բաղադրության մեջ վտանգ են ներկայացնում հետևալ տարրերը' METHYL, PROPYL, BUTYL AND ETHYL PARABENS, DEA, TEA, DIAZOLIDINYL UREA, IMIDAZOLIDINYL UREA (Germall II, Germall 115), SODIUM LAURUL/LAURETH SULFATE, Վազելինը' PETROLATUM, PROPYLENE GLYCOL, PVP/VA COPOLYMER, STEARALKONIUM CHLORIDE::

«Յուրաքանչյուր կոսմետիկ միջոցում կարող է լինել մինչև 200 բաղադրիչ որոնք կարող են բաղադրության ցուցիշի մեջ նշվել որպես «արոմատիզատոր»: Սակայն դրանք կարող են հարուցել պարբերական գլխացավեր, գլխապտույտներ, հազ, հաճախակի սրտխառնոց, մաշկային հատվածի սուր գունափոխում և գրգռում, ոչ սովորական նյարդայնացում:

Կոսմետիկ միջոց ընտրելիս պետք է ուշադիր լինել դրա բաղադրության, առողջապահական չափանիշներին, տոքսիկ անվտանգությանը, պահպանման միջոցներին և պայմաններին, օգտագործման ցուցումներին: Դրանց անտեսումը կարող է դառնալ ճակատագրական», - ասաց Հասմիկ Անանիկյանը:

Մեր մյուս զրուցակից, կոսմետոլոգ Մարետա Բաբլումյանն իր հերթին խորհուրդ տվեց ավելի քիչ օգտագործել դեկորատիվ կոսմետիկա: «Հայուհիները չեն կարող իրենց զերծ պահել դեկորատիվ կոսմետիկայի գայթակղությունից, բայց, որքան ես տեսնում եմ, բոլոր իմ հաճախորդները, անկախ սոցիալական դիրքից կամ հնարավորություններից' օգտագործում են որակյալ կոսմետիկա»,- ասաց նա: Կոսմետիկա ընտրելուց, նա խորհորդ տվեց ստուգել, թե որքանով է ֆիրմային կոսմետիկ միջոցն իրական, այլ ոչ թե կեղծ:
«Կեղծ ֆիրմային կոսմետիկան միշտ աչքի է ընկնում: Լիմում են դեպքեր, բայց շատ հազվադեպ, երբ իմ հաճախորդները բերում են ինչ որ նոր կոսմետիկ միջոց' ստուգելու, թե որքանով է այն իսկական կամ անվտանգ: Նույնիսկ ֆլակոնով, կամ արտաքին տեսքով ֆիրմայինի և կեղծ կոսմետիկ միջոցի տարբերությունը զգացվում է, դեռ նույնիսկ այն չբացած:

Եթե կինն այդ ֆիրման օգտագործել է, ապա նա կզգա այդ տարբերությունը: Սակայն լինում են դեպքեր, որ այնքան լավ են կեղծում, որ միայն օգտագործման ընթացքում ես զգում այդ տարբերությունները: Լինում են դեպքեր, երբ մաշկը նույնիսկ սկսում է մրմռալ», - ասաց մեր զրուցակիցը' ընդգծելով, որ դեկորատիվ կոսմետիկան կարող է լինել օրիգինալ, սակայն մարդու օրգանիզմի կողմից ոչ ընդունելի: «Նման դեպքերում անպայման չէ, որ կոսմետիկան լինի կեղծ», - հավելեց կոսմետոլոգը:

Նրա խոսքով' ցանկալի կլիներ, որ դեկորատիվ կոսմետիկ միջոցն ընտրելուց առաջ նախապես փորձել այն, չշտապել գնել: «Նախ, խորհուրդ եմ տալիս մի հատ փորձել, դեմքի վրա, ոչ թե ձեռքի, ինչպես հաճախ են անում: Ձեռքի մաշկը լրիվ ուրիշ է, դեմքինը' ուրիշ: Միանգամից որևէ խնդիր չի լինի, դա կառաջանա որոշակի ժամանակի ընթացքում», - ասաց Մ.Բաբլումյանը:
Բանախոսի գնահատմամբ' ցանկալի է դեկորատիվ կոսմետիկան գնել մասնագիտացված խանութից, թեև դրանց գներն ավելի թանկ են, քան այլ խանութներից կամ փողոցային կրպակներից և տոնավաճառներից, քանի որ վերջին դեպքում կեղծ ֆիրմայի կամ անորակ, ժամկետանց կոսմետիկա գնելու հավանականությունը շատ մեծ է: «Կարևոր չէ նաև, թե որտեղ է այն արտադրվել: Կարող է գրված լինել Ֆրանսիա, Իտալիա, բայց լինի կեղծ, իսկ հակառակը' Չինաստանում արտադրված կոսմետիկան լինի իսկական բրենդային», - հավելեց նա:

Եթե կոսմետիկ միջոցը, այնուամենայնիվ, վնասեց ձեր մաշկը, անհանգստություն է պատճառում, պետք է անհապաղ դիմել բժիշկներին: «Առաջին նման նշաների դեպքում պետք է երեսից մաքրել այդ դեկորատիվ կոսմետիկան' խնամքի միջոցներով: Պետք է հիշել, որ դեկորատիվ կոսմետիկան չի սիրում օճառ, և այն պետք է մաքրել տոնիկով և կաթով, որից հետո միայն' ջրով, առանց օճառի, քանի որ վերջինիս մեջ երբեմն լինում են արոմատիզատորներ: Չի կարելի դեկորատիվ կոսմետիկան մաքրել որևէ սպիրտային միջոցով», - ասաց նա:

Կոսմետոլոգը խորհուրդ տվեց հայ աղջիկներին պարբերաբար ամբողջությամբ մաքրել դեմքը բոլոր կոսմետիկ միջոցներից, դեմքին մի քանի օր հանգիստ տալ: «Եթե կոսմետիկ միջոցը մնա դեմքին, և թարմացվի, կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, որոնք սկզբում կլինեն աննկատ,սակայն կարող են դառնալ խրոնիկ: Դրա համար հարկավոր է դեկորատիվ և այլ կոսմետիկան հեռացնել ամբողջությամբ և մանրակրկիտ», - ասաց Մ.Բաբլումյանը:

Կոսմետիկա վաճառող մի քանի խանութներում մենք հետաքրքրվեցինք, թե որ ֆիրմաների և ինչ կոսմետիկա են նախընտրում գնել: Թե ֆիրմային խանութներում և թե տոնավաճառներում մեզ վստահեցրեցին, որ հայ կանայք նախընտրում են միայն փորձված եվրոպականը և շատ բծախնդիր են այդ տեսանկյունից: «Մենք բերում ենք կոսմետիկա Դուբայից կամ Թուրքիայից, բայց բերում ենք միայն եվրոպական ու բարձրորակ: Ծայրահեղ դեպքում դա կարող է լինել արաբական: Որևէ չինական կամ այլ արտադրանք այստեղ ներմուծելը նույնիսկ անիմաստ է», - ասաց տոնավաճառի վաճառողներից մեկը»:

Աղբյուր' Panorama.am

Հեղինակ' Բագրատ Մովսիսյան