Բուժիչ նամակներ

Citrus paradish macf-թարգմանաբար նշանակում է' արևադարձային ծառ և նարնջանման պտուղ։ Սատապազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ծառ է։
Սատապ բառը հունարեն ունի օգնել, փրկել իմաստը։ Այս պտղի ծագումը ստույգ հայտնի չէ, քանի որ բնության մեջ գոյություն չունի դրա վայրի տեսակը։ Ենթադրվում է, որ այն պոմպեյլմուսի և քաղցր նարնջի խառնածին (հիբրիդ) է։ Այն բուծվել է Կարիբյան ծովի կղզիներում և Կենտրոնական Ամերիկայում' չինացիների կողմից։ Պոմպեյլմուսի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է։ Գրեյպֆրուտը ջերմասեր բույս է, մշակվում է արևադարձային և մերձարևադարձային տաք գոտիներում, բարձրությունը 10-12 մ է, սպիտակ ծաղկաթերթերը հարուստ են բուրավետ եթերային յուղերով։

«Ցիտրոսեպտ»
Գրեյպֆրուտը տարբերվում է այլ ցիտրուսներից իր դառնահամությամբ, որն, իհարկե, դուր չի գալիս շատերին։ Ցավոք, մարդկությունը վաղուց ի վեր կախվածություն ունի քաղցրից և շատ թանկ «գին է վճարում» դրա համար։
Այս հրաշալի պտղի օրինակով ևս մեկ անգամ կհամոզվենք, թե որքան կարևոր է մեր սննդակարգի համային բազմազանությունը։

Գրեյպֆրուտի կորիզը, կեղևը, հատվածների միջև գտնվող թաղանթը, այսինքն' պտղի դառնահամ մասերը, պարունակում են բուժիչ նյութեր' ֆլավոնոիդներ։

Մոտ 20 տարի տևած հետազոտությունների արդյունքում' ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ռուսաստան, Նորվեգիա, Լեհաստան. գիտնականները պարզել են, որ գրեյպֆրուտի դառնահամ մասերից ստացված կենսաբանական ակտիվ ֆլավոնները կործանիչ ազդեցություն ունեն թվով ավելի քան 800 ախտածին վարակների, բակտերիաների, սնկերի, ստաֆիլոկոկների, ստրեպտոկոկների, հերպեսի վարակի, հեմոլիտիկ ցուպիկի վրա։ Գիտնականներն ապացուցել են, որ գրեյպֆրուտից ստացված խիտ մզվածքը, որն անվանվել է «ցիտրոսեպտ», իր արդյունավետությամբ չի զիջում հակաբիոտիկ դեղամիջոցներին։
Հարավկորեացի գիտնականները պարզել են, որ ախտածին միկրոօրգանիզմները չեն կարողանում դիմադրել կենսաֆլավոնների «կործանիչ» ազդեցությանը' ինչպես դա տեղի է ունենում հակաբիոտիկ դեղերի դեպքում, քանի որ կենսաֆլավոնները քայքայում և լուծում են բակտերիաների բջիջների թաղանթը։

Նորվեգիայում արտադրվող «Ցիտրոսեպտը» պարունակում է 33 տոկոս գրեյպֆրուտի մզվածք, որ ներմուծվում է արմավենուց ստացված գլիցերինի ջրային լուծույթի մեջ։ Հինգ մլ «Ցիտրոսեպտ» ստանալու համար վերամշակվում է մոտ 100 կգ գրեյպֆրուտի պտուղ։
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ «Ցիտրոսեպտը» կանխարգելում է գրիպի զարգացումը, օգտակար է բրոնխների ասթմայի, դիսբակտերիոզի, ետինսուլտային թերապիայի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, մաշկային հիվանդությունների դեպքում։

Գրեյպֆրուտի եթերային յուղը

Խորհուրդ է տրվում օգտագործել լեղաքարային հիվանդության, օրգանիզմի ցածր դիմադրողականության, նյութերի փոխանակության խախտման և ճարպակալման, ցելյուլիտի, փորկապության, հոդատապի, միզապարկի բորբոքման, միգրենի դեպքում, ճարպոտ մազերի և մաշկի խնամքի համար։
Ճարպակալում. 100 մլ կաթի մեջ լուծեք 2 թ/գ ծովի աղ, 4-ական կաթիլ գրեյպֆրուտի, կիտրոնի և հազրեվարդի յուղեր։ Ավելացրեք լոգանքի ջրին։ Ջերմաստիճանը' 36-38 C, տևողությունը' սկսեք 5 րոպեից և հասցրեք մինչև 15 րոպե։ Կատարեք մեկ օրյա ընդմիջումներով, ընդամենը 10-15 անգամ' ուտելուց մեկ ժամ հետո։ Հետագայում ընդունեք շաբաթական 1-2 լոգանք։

Ցելյուլիտ. 1 ճ/գ բուսայուղի (նշի, դեղձի կամ ծիրանի կորիզի, ձիթապտղի և այլն) մեջ լուծեք 2-ական կաթիլ նարդոսի, հազրեվարդի, գրեյպֆրուտի եթերային յուղեր, կատարեք մերսում։ Հոդատապի դեպքում նարդոսի յուղը փոխարինեք եղևինի յուղով։

Գրեյպֆրուտի հյութ

Գրեյպֆրուտը հարուստ է օգտակար նյութերով։ 200 մլ հյութի մեջ պարունակվում է օրգանիզմին անհրաժեշտ կալիումի մեկ օրվա պահանջարկի 11,5 տոկոսը, անհրաժեշտ քանակը' 2500 մգ, կալցիումի 2,1 տոկոսը (1000 մգ), մագնիումի' 5,4 (400), ֆոսֆորի 3,8 (800), երկաթի' 2 (10), ցինկի' 1,1 (12), պղնձի' 6,0 (1), մարգանեցի' 0,8 (2), յոդի' 1,3 (0,15), քրոմի' 4 (0,05), սելենի' 2,7 (0,075), վիտամիններ C' 89 (90), B1 4(1,5), B2' 2,2 (1,8), նիացին' 2,0 (20), B6' 1,4 (2), պանտոտենաթթու' 6,4 (5), բիոտին' 2,1 (0,05), կարոտին' 0,24 (5), E' 4,0 (15), ֆոլատներ' 0,5 տոկոս և 0,4 մգ համապատասխանորեն։

Գրեյպֆրուտի հյութի հատկությունները բնորոշվում են պարունակվող նյութերի որակային համագումարով։ Հյութը լեղամուղ է, խորհուրդ է տրվում ճարպակալման դեպքում, կարգավորում է խոլեստերինի մակարդակը և ունի երակները մաքրող և լայնացնող ազդեցություն, ինչի շնորհիվ կանխարգելում է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի զարգացումը։

Գրեյպֆրուտի հյութն ունի հակաալերգիկ ազդեցություն, քանի որ նվազեցնում է գիստամինի քանակը։ Հարուստ է հակաօքսիդանտ նյութերով' խորհուրդ է տրվում հոգնածության, թուլության, պոտենցիայի անկման դեպքում։
Սուր և քրոնիկ հեպատիտ, խոլեցիստիտ, լեղաքարային հիվանդություն. Խառնեք գրեյպֆրուտի հյութը ջրի հետ (2։1), խմեք 100-ական մլ' օրը 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Արյան շրջանառությունը լավացնող. Խմեք 100-ական մլ հյութ' օրը 2-3 անգամ' ուտելուց կես ժամ առաջ։
Օստեոպորոզ. Խմեք 60-ական մլ հյութ' օրը 3 անգամ ուտելուց 1 ժամ հետո։
Ստամոքսաբորբ, խոց. Խմեք 50 մլ հյութ նախաճաշից առաջ' 1 ճ/գ մեղրի հետ։
Զգուշացում։ Գրեյպֆրուտի հյութը հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։

Գրեյպֆրուտը' գեղարարության մեջ

Գերազանց միջոց է ճարպոտ և նորմալ մաշկի համար, քանի որ ունի սպիտակեցնող, սնուցող, խոնավեցնող հատկություն, հարթեցնում է կնճիռները, սակայն չոր մաշկի դեպքում կարելի է օգտագործել միայն մասնագետի խորհրդով։
Ճարպոտ մաշկ. 1 ճ/գ հյութը լուծեք հանքային ջրի մեջ, լվացեք դեմքը։ Նեղացնում է դեմքի ծակոտիները։
Նորմալ մաշկ. Կտրատեք 1 գրեյպֆրուտի կեղևը, 24 ժամ թրմեք սառը (զտված) ջրում, մաքրեք դեմքը։
Դիմակ. Մեկ ձվի սպիտակուցը հարեք 2 թ/գ հյութի, կես թ/գ բուսայուղի հետ։ Քսեք դեմքին 2-3 շերտերով, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։ Նախատեսված է ճարպոտ մաշկի համար։
Կնճիռները հարթեցնող. Մզեք գրեյպֆրուտի հյութը, պտղամսի քուսպը խառնեք 1 թ/գ քամած մածունի և 1 ճ/գ փոշիացրած բրնձի հետ։ Քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին, 30 րոպեից մաքրեք, լվացեք գոլ ջրով և մշակեք մաշկը գրեյպֆրուտի հյութով' թողեք չորանա։ Կատարեք շաբաթը 2 անգամ, շարունակեք 1 ամիս:

«168 ԺԱՄ»