Սիրահար զույգերը, ովքեր ցանկանում են օրինականացնել իրենց հարաբերությունները, մի շարք դժվարությունների են բախվում, որոնցից առաջինն արարողության ամսաթիվն է: Ե՞րբ է հարսանիք կազմակերպելու լավագույն ժամանակը: Շոգ ամռա՞նը, թե՞ ձյունոտ ձմռանը: Այդ հարցով NEWS.am STYLE-ը դիմել է միջոցառումների կազմակերպման գործում մասնագիտացած Event Service ընկերության տնօրեն Սոֆյա Սարգսյանին:

«Հայտնի է, որ բնությունը վատ եղանակ չունի: Բայց քանի որ դրսում գարուն է, առաջին հերթին հարկավոր է ընտրել հենց այս ռոմանտիկ տարվա եղանակը:

Որո՞նք են գարնանը հարսանիք կազմակերպելու առավելությունները:

Եթե որոշել եք ձեր հարսանիքը կազմակերպել հենց այս եղանակին, ապա ձեր բախտը բերել է, քանի որ.

• Բնությունը գարնանը հրաշալի է: Ամեն ինչ արթնանում է, կանաչում, ծաղկում, եւ դրա հետ մեկտեղ օդում չկա այնպիսի ճնշող շոգ եւ տոթ, ինչպես ամռանը:

• Որոշ ծաղիկներ միայն գարնանը կարելի է գտնել, օրինակ՝ գրեթե բոլոր երանգների քաջվարդ, յասաման, կակաչ:

• Գարունը նոր կյանքի սկիզբ է: Ինչո՞ւ ձեր ընտանեկան կյանքի պատմությունը չսկսեք հենց գարնանը:

• Գարնանը զարմանալիորեն ներդաշնակ է դիտվում մեղմ գույներով ձեւավորումը: Իհարկե, վառ հյութեղ գույները նույնպես միանգամայն շահավետ կլինեն:

• Գարնանը զբոսնելիս նաեւ քիչ հավանական է, որ զգեստը կկեղտոտեք որեւէ չհեռացվող բանով:

• Մայիսյան հարսանիք՝ դրախտային կյանք:

Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել հետեւյալի վրա.

• Գարնանը, անխոս, եղանակը հրաշալի է, բայց եւ անկանխատեսելի: Դա վերաբերում է հատկապես ապրիլին:

• Տենդային շրջանը դանդաղ, բայց հաստատորեն սկսվում է գարնանը: Այդ պատճառով հարկ է պատրաստվել ոչ պակաս ակտիվությամբ, քան ամառային հարսանիքին. հարկավոր է նաեւ շտապ դիմում ներկայացնել ԶԱԳՍ, ռեստորան եւ հարսանիքի կազմակերպիչ ընտրել:

Ձեզ համար առաջնահերթություններ նշեք եւ դրանից ելնելով՝ ընտրեք հարսանիքի օրը: Երջանիկ հարսանիք եւ երկարատեւ համատեղ կյանք»: