Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը երեկ նշել է 35-ամյակը, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազում անակնկալներ է ստացել: Նառային առաջինը շնորհավորել է քրոջ որդին՝ Վարդանը, ով ծառայում է Արցախի զինված ուժերում:
«Կեսգիշերին նա ինձ տորթ էր ուղարկել: Դա անչափ հուզիչ էր, չէի պատկերացնում, որ Ղարաբաղից այստեղ առաջինը նա ինձ կշնորհավորի ու նվեր կուղարկի: Ընդ որում՝ նա ուղարկել էր հենց այն տորթը, որը ես պատվիրել էի հաջորդ օրվա համար»,- ESem.am-ին ասաց Նառան ու հավելեց, որ զարմիկը կապ է հաստատել այն ընկերության հետ, որից ինքն օգտվում է ու այդպես իմացել իր պատվերի մասին:
Հաջորդը դերասանուհուն անակնկալ է մատուցել մտերիմ հարևանուհու մոսկվաբնակ ամուսինը, ով գեղեցիկ ծաղեփունջ է ուղարկել Նառային: Ավելի ուշ ծաղիկներով, փուչիկներով Նառային են միացել Սիրիայից Հայաստան եկած մյուս հարևանները, ընկերները, բարեկամները ու կեսգիշերից դերասանուհին քեֆ-ուրախության մեջ է եղել:
Կեսօրին դերասանուհուն անակնկալ է մատուցել Մոսկվայում բնակվող ընկերուհին. «Երբ Մոսկվայում էի, իր հետ մի զգեստ էի տեսել ու հավանել: Շատ գեղեցիկ տուփով հենց այդ զգեստն էր ուղարկել»:
Իր տարեդարձի օրը Նառան սովորաբար ֆոտոշարք է անցնում: Այս տարին է բացառություն չի եղել: «Պատրաստվում էի գնալ ֆոտոշարք անելու, ընկերուհիներս Ձնեմարդու հետ եկան մեր տուն ու ֆուրոր եղավ: Շատ ուրախացա, քանի որ սիրում եմ նման բաներ: Եթե մեքենա նվիրեին, այդքան չէի ուրախանա»,- ասաց դերասանուհին:
Նառան նշեց, որ ցանկություն է ունեցել երեկոն անցկացնել միայն ամուսնու՝ Հովոյի հետ՝ երևանյան ռեստորաններից մեկում, սակայն…:) «Հովոն ինձ հարցրել էր՝ ինչ նվեր ես ուզում, պատասխանել էի, որ ոչինչ, քանի որ արդեն այնքան բան է արել ինձ համար, որ էլ չգիտեմ՝ ինչ ուզեմ: Հետո մի փուչիկ էի տեսել, ասել՝ վայ ինչ լավն է… Ֆոտոշարքից հետո եկա տուն, դուռը բացեցի ու մի պահ վախեցա. 500 հատ փուչիկ եկան ինձ վրա:) Հովոն, իր ընկերն ու Սարգիս Թաշչյանը անձամբ էին փչել այդքան փուչիկը», - ոգևորությամբ պատմեց Նառան, ով մանկուց շատ է սիրել իր տարեդարձի օրը:
Դերասանուհին նշեց, որ նվերի շնորհիվ ամբողջ գիշեր չեն կարողացել քնել, քանի որ պարբերաբար փուչիկներ են պայթել, իսկ հաջորդ օրը 10-10 հատանոց փնջեր է կազմել ու նվիրել բոլոր հարևաններին, ովքեր Նառային կնքել են «женщина-праздник» անունով: Նրա խոսքով՝ տարեդարձի կապակցությամբ իսկական իրարանցում է եղել, նույնիսկ մյուս հարևանները կարծել են, թե հարսանիք է:)
Ամուսինը նաև Ծաղկաձորի ուղեգիր է նվիրել դերասանուհուն և մինչև տոները զույգը ձմեռային հանգիստը վայելելու հնարավորություն կունենա:
Նառային նաև մեկ այլ փաստ էր շատ ոգևորել. այս տարի նա անհամեմատ շատ շնորհավորանքներ է ստացել: «Նույնիսկ հայտնի դառնալուս առաջին տարին այսքան շնորհավորանք չէի ստացել: Այս տարի ինձ այնքան էին գրել, որ ֆեյսբուքս կախում էր: Չգիտեմ՝ ինչով էր դա պայմանավորված: Ես մտածում էի՝ ինչ-որ առումով մոռացած կլինեն ինձ, այսպիսի ակտիվություն չէի սպասում»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ դա իրեն մեծ ստիմուլ է տվել: «Հասկացա, որ ինչ էլ լինի, հունվարից կրկին էկրաններնին կլինեմ»,- ասաց դերասանուհին, ով տարեդարձի օրը նաև աշխատաքային առաջարկ է ստացել, որի մասին կխոսի ավելի ուշ, քանի որ մանրամասները դեռ չեն քննարկել: