Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: 26 տարին բոլորած երգչուհին ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի տարեդարձի կապակցությամբ մեծ երեկույթ չի կազմակերպել, սակայն անակնկալները սկսվել են կեսգիշերից:)
«Քանի որ հոբելյանական տարիք չէ, տրամադրված չեմ տոնելու ծնունդս, սակայն կեսգիշերին արդեն հասցրել եմ նշել օրը:) Մենք միշտ կեսգիշերին ենք նշում տարեդարձերը և ինձ հարազատ մարդիկ հավաքվել էին մեր տանը: Մինչև ուշ ժամ լավ ուրախացանք: Առավոտյան 6-ին նոր պառկել եմ քնելու»,- ոգևորությամբ ասաց Սիլվան՝ հավելելով, որ իր տարեդարձերը միշտ տպավորիչ են լինում և ամեն տարի յուրովի են նշանավորվում :)
Երգչուհուն այս տարի ևս անակնկալ են մատուցել նրա երկրպագուները: «Կեսգիշերին մեր դռան առաջ մեծ տուփ էին դրել, որն առաջինը Մանեի աղջիկը՝ Անուլիկն էր նկատել: Եկել, ասում էր՝ մոքուր, գայիս է:) Ես էլ չէի հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Ի վերջո, տարավ դռան մոտ ու տեսա տուփը, որը զարդարված էր իմ և իմ ամենահավատարիմ ֆաների նկարներով: Տուփի վրա գրված էր, որ զգույշ լինեմ դրա հետ: Ինձ թվաց՝ հուշանվեր է, սակայն երկրպագուներս ավելի օրիգինալ էին գտնվել ու մեծ պիցցա էին պատրաստել, որի վրա գրված էր՝ «Happy birthday Silo»»,- պատմեց երգչուհին, ով հասել է երկրպագուների հետևից ու նրանց հրավիրել իրենց տուն՝ միասին նշելու օրը:
Սիլվայի տարեդարձի տորթը քրոջ՝ երգահան Մանե Հակոբյանի մտահղացմամբ պայուսակի տեսք է ունեցել:) Երգչուհին, ով տորթի մոմերը փչելիս ամեն տարի երազանք է պահում, ասաց, որ ամեն բան այնքան արագ է ստացվել, որ չի հասցրել երազանք պահել:
Ի դեպ, նախորդ տարի երգչուհին ESem.am-ին հայտնել էր, որ անձնական բնույթի երազանք է պահել:) Այսօր մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր երազանքը կատարվել է:) «Ես երջանիկ եմ: Խոսքը, թե՛ անձնական, թե՛ գործնական, թե՛ ընտանեկան երջանկության մասին է: Ինձ մնում է՝ պահպանել այն, ինչ ունեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով ընկերոջ մատուցած նվերին՝ Սիլվան ասաց, որ կեսգիշերին նա փուչիկներով, մեծ ծաղկեփնջով և գեղեցիկ նվերով շնորհավորել է իրեն: Երգչուհին չցանկացավ գաղտնազերծել նվերը՝ այն համարելով անձնական: Սիլվայից տեղեկացանք, որ երեկոն անցկացնելու է սիրելիի հետ: «Կարծում եմ՝ այս տարի էլ հետաքրքիր ծնունդ կունենամ, քանի որ առաջին անգամ եմ նրա հետ նշելու տարեդարձս»,- եզրափակեց նա:
ESem.am-ը շնորհավորում է երգչուհուն՝ մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ:
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը