Դերասան Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր. նա և որդին` կրտսեր Ալեքսանդրը, նշում էին իրենց տարեդարձը։ Հայրը դարձավ 32, որդին` 3 տարեկան։ Այս առիթով նրանք ընտանեկան հավաքույթ էին կազմակերպել մանկական ժամանցի կենտրոններից մեկում։ Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերը։

 

Ալեքսանդրն ու կինը` Լիլիթը, երեկույթին եկել էին որդու նկարով հատուկ շապիկներով։ Թեև Ալեքսանդրին բնորոշ են առավել մեծ խնջույքները, քանի որ նա միշտ նշում է, որ սիրում է ճոխություն, այս անգամ ամեն բան կազմակերպված էր մինիմալիստական ոճով։

 

«Բոլորն էլ գիտեն, որ ես տեսակով ցուցամոլ եմ։ Դա թերություն է, թե առավելություն, թող մյուսները որոշեն։ Սակայն որդուս հետ կապված հարցերում ես դուրս եմ գալիս իմ նորմերից։ Եթե երեխայիս հետ կապված որևէ բան ցուցադրական անեմ, կստացվի, որ կեղծ եմ վերաբերում իմ երեխային։ Այդ իսկ պատճառով իր տարեդարձը մինիմալիստական ոճով կազմակերպեցինք` նախընտրելով իր սիրելի վայրը։ Այնտեղ, որտեղ երեխաս  չկա, ես այնպիսին եմ, ինչպիսին ինձ գիտեք։ Ինձ համար կարող եմ կեղծ բաներ անել, որովհետև չեմ վախենում կեղծիքից. դա այն է, ինչ դու անում ես շրջապատողներին գոհացնելու համար»,– ասաց դերասանը ու հավելեց, որ իր տարեդարձը կնշի կիրակի օրը։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Ալեքսանդրի հայտնի գործընկերները ընտանեկան խնջույքին հրավիրված չէին։ Միայն Անահիտ Սիմոնյանն էր ներկա, Հայկոն էլ հարգելի պատճառով էր բացակայում։ Դերասանն ասում է` եթե, անգամ, 1 հյուրի սրտանց չհրավիրեր, կզգար, որ երեխայի հանդեպ կեղծ քայլ է անում։ Իր և որդու խնջույքներն իրար կապել նա չի ցանկանում. «Միայն երեխայի 1–ամյակն ենք շատ մեծ ու ճոխ նշել և միքսել երեկույթները։ Այդ տարի նաև իմ 30-ամյակն էր ու իր կնունքը։ Գուցե, հոբելյանական տարիքի ժամանակ կրկին միքսենք ծնունդները, բայց հիմա ուզում եմ առանձին երեկույթներ կազմակերպել»։

 

Ի դեպ, թեև բազմաթիվ խոսակցություններ կան, որ կրտսեր Ալեքսանդրը հոր տարեդարձի օրն է ծնվել արհեստական միջամտությամբ, դերասանը հավաստիացնում է, որ նման բան չկա։ «Երբ իմացանք Լիլիթի հղիության մասին, միշտ ասում էի, որ երեխան պիտի իմ ծննդյան օրը ծնվի։ Օգոստոսի 14–ին Լիլիթի մոտ ցավեր սկսվեցին, գնացինք հիվանդանոց։ Աղոթում էի, որ տղաս 1 օր սպասի, բայց բժիշկն ասաց, որ 1 օր չէ, մոտ 15 օր կսպասի, քանի որ կեղծ ցավեր են։ Ծննդյանս օրն առավոտյան Լիլիթը կրկին ասաց, որ ցավեր ունի, սկզբում չհավատացի, մտածեցի, էլի կեղծ ցավեր են, պարզվեց, այս անգամ տղաս որոշել էր ծնվել։ Առավոտյան 9։50 նա լույս աշխարհ եկավ»,– պատմեց Ալեքսանդրը։

 

 

Դերասանի խոսքով` որդու ծննդից հետո լրիվ այլ կերպ է վերաբերում կյանքին, ամեն բան վերաիմաստավորվել է։ «Ես մինչև այդ մտածում էի, որ ամենալավ կյանքով եմ ապրում, բայց երեխայի ծննդից հետո հասկացա, որ երևակայելի կյանք չեմ ապրել, որքան էլ այն գեղեցիկ ու լավ է անցել։ Ինձ կհասկանան միայն այն մարդիկ, որոնք իրենց երեխային ֆանատիկ են սիրում։ Բոլորը գիտեն, թե մենք ինչքան կապված եք։ Հիմնականում տղաները մոր հետ են կապված լինում, բայց մեր միջև յուրահատուկ կապ կա,– ասաց նա ու նշեց, որ կեսգիշերին, երբ որդին վազելով եկել է իրեն շնորհավորելու, շատ է հուզվել։ –Ինձ համար ամեն ինչ էր։ Ես երբեք չէի էլ կարող մտածել այդ մասին»։