Օրերս սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը մեկնել էր Մոսկվա` մասնակցելու «Տաշի շոուին»: Օգտվելով առիթից` Նառան և ամուսինը` Հովոն, 14 օր են անցկացրել Ռուսատանում, եղել են ոչ միայն Մոսկվայում, այլև Դոնի Ռոստովում, Յարոսլավում:
Նառայի խոսքով` իդեալական օրեր է անցկացրել: «Երբ սիրելի մարդու հետ ես, ամեն ինչ շատ ուրախ ու հետաքրքիր է անցնում: Շատ տպավորիչ օրեր ենք անցկացրել»,- ասաց նա ու հավելեց, որ չնայած 15 տարի է, միասին են, առաջին անգամ էին երկուսով երկրից դուրս գնում: Կարելի է համարել, որ սա նրանց մեղրամիսն էր:
Սերիալային դերասանուհին հայտնեց, որ ամուսինն իրականացրել է իր վաղեմի երազանքը: «Մի առավոտ արթնացա, Հովոն չկար, մեկ էլ ծաղիկներով եկավ տուն ասաց, որ պատուհանից դուրս նայեմ, տեսնեմ պատուհանիցս փուչիկներ են երևում,- ասաց Նառան ու հավելեց, որ ամուսինն ու բարեկամուհին բավականին տանջվել էին դրա համար: -Ամբողջ գիշեր մեծ աշխատանք էին արել, որ ճիշտ չափեին լենտերը, որոնցով ներքևից պահել էին գազավորված փուչիկները, որպեսզի ավելի վեր չբարձրանային և ուղիղ պատուհանիս մոտ լինեին: Բոլորը գիտեն, որ ես վախենում եմ բարձրությունից և չեմ կարող ապրել բարձր հարկում, սակայն միշտ երազել եմ ինչ-որ մի օր լինել բարձրահարկ շենքի վերևի հարկերից մեկում, իսկ օդում փուչիկներ լինեն: Մոսկվայում ապրում էինք 14-րդ հարկում ու երազանքս իրականացավ»:
Նառան նշեց, որ Հովոն իր համար մեկ այլ անակնկալ էլ էր պատրաստել` «Տաշի շոուին» բերելով իր կերպարով փուչիկ: «Շատ էր տանջվել, որ ինձնից թաքուն այդ փուչիկը հասցներ Կրեմլ, սակայն պարզվել է, որ փուչիկով արգելվում է մուտքը դահլիճ և ստիպված է եղել այն թողնել անվտանգության աշխատակիցներին»,- ասաց նա:
Սերիալային դերասանուհին նշեց, որ Մոսկվայում օրերն առանց արկածների չեն անցել: «Որոշել էի գնալ տեղի ամենահին հայկական եկեղեցի, սակայն չգիտեի, որ այն գերեզմանում է գտնվում: Ես սարսափում եմ գերեզմաններից և 20 տարի է` չեմ գնում նման տեղեր,- ասաց Նառան ու հավելեց, որ երբ տեղ են հասել ու տեսել է, որ գերեզմանում է, որոշել է հետ չգնալ և մտնել եկեղեցի: -Շատ էի վախեցել, բայց արեցի դա: Երբ եկեղեցուց դուրս եկա, վազեցի դեպի մեքենան, մեկ էլ տեսնեմ` մի խումբ կանայք վազում են իմ հետևից, նկարում են ինձ: Զավեշտալի իրավիճակ էր: Պարզվեց` հայ կանայք են, ճանաչել են ինձ, իսկ այդտեղ են, որովհետև փող են հավաքում: Այնտեղ փող հավաքող կանայք էլ հեռախոսներ ունեն»:
Նառայի խոսքով` իրեն շատ է ոգևորել, որ Ռուսաստանում էլ են իրեն ճանաչում և սիրում: «Չէի պատկերացնում, որ 3 տարի անց էլ կհիշեն հորքուրին, բայց հիշում էին, ջերմ խոսքեր ասում: Այլ երկրում նման բաներ լսելը բոլորովին այլ նշանակություն ունի»,- ասաց նա և հավելեց, որ երկրպագուների մի խումբ նույնիսկ հյուր էր գնացել իրեն` ծաղիկներով, փուչիկներով:
Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը` Նառան հայտնեց, որ առաջիկայում խաղալու է գեղարվեստական նոր ֆիլմում, որը հայ-ռուսական արտադրանք է: Նա նշեց, որ առայժմ չի կարող խոսել մանրամասների մասին, սակայն խոստացավ առաջիկայում առաջինը ESem.am–ին վստահել դրանք: Սերիալային դերասանուհին նաև Ռուսաստանի հայկական հեռուստաալիքով հաղորդում վարելու առաջարկ ունի, սակայն դա դեռ հստակ չէ: «Որոշ բաներ դեռ հստակեցվում են: Չգիտեմ` ինչպես է կարգավորվելու գրաֆիկը: Ես շատ եմ սիրում Մոսկվան, սակայն չեմ կարող ապրել այնտեղ: Անընդհատ գնալ-գալը, չգիտեմ ինչքանով կստացվի, այդ իսկ պատճառով առայժմ չգիտեմ` արդյոք կհաջողվի համագործակցությունը»,- եզրափակեց նա:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը