Աղջիկներին դուր գալու համար ամենևին էլ պարտադիր չէ ռոմանտիկ ֆիլմի հերոս կամ սպիտակ ձիով ասպետ լինել: Տղաները հաճախ սրտնեղում են, որ աղջիկներն ուշդրություն չեն դարձնում իրենց և հաշվի չեն առնում, որ կան երևույթներ, որոնք պարզապես ազդում են աղջիկների նյարդերի վրա:

 

Այս անգամ ESem.am-ն անդրադարձել է այն երույթներին, որոնց հանդիպելիս ուզում ես բղավել. «Տղանե´ր, մի արեք այդպես»:)

 

1. Մի մոռացեք հիգիենային մասին 


Հայ երիտասարդներից շատերին թվում է, թե տղամարդիկ պարտավոր չեն հետևել իրենց հիգենային, ինչն առավել  զգալի է երթուղային տաքսիներում: Կոկիկ եղունգներ ունենալն ու հիգիենայի պարագաներ օգտագործելը միայն կանանց պարտականությունը չէ:

 

Տղաներ, մատնահարդարի մոտ գնալն ամոթ չէ, իսկ եթե հնարավորություն չունեք, գոնե ձեր քույրիկներին խնդրեք կամ փորձեք ինքնուրույն խնամել ձեր եղունգները:

 

Օգտագործեք քրտնազերծիչ, օծանելիք, դա ոչ միայն չի վնասի ձեզ, այլև կօգնի գրավել աղջիկներին:)

 

 

2. ՊԳՆ`Պարապ գործերի նախարարություն:)


Հայաստանում երևի չկա այնպիսի բակ, որտեղ մի խումբ տղաներ ամբողջ օրը շարված չլինեն շենքի պատի տակ: Դա էլ հերիք չէ, բամբասկոտ տատիների նման հայացքով «ուղեկցում» են անցող-դարձողին  ու եթե չեն հասցնում ռեպլիկ բաց թողնել, ուրեմն անցնողը երջանիկ աստղի տակ է ծնվել:)

 

Տղանե´ր, մի արեք այդպես, քանի որ ազդում եք մյուսների նյարդերին: Ինչ-որ աղջկա հայացքով դիմավորել-ճանապարհելու փոխարեն կարելի է օգտակար գործով զբաղվել, աշխատել, սովորել:

 

 

3. Կիպ տաբատ-կանացի կազմվածք 


Հայ տղաներից շատ հաճախ կարելի է լսել թե գունավոր շապիկները, տղամարդկանց համար նախատեսված պայուսակները, բոկոտիները հայ տղամարդուն վայել չեն: Չնայած սրան հայ երիտասարդները հագնում են այնպիսի կիպ տաբատներ, որոնք ոչ միայն կնոջ տաբատի տպավորություն են թողնում, այլև ընդգծում են կազմվածքի թերություններն ու բոլոր օրգանները:

 

Թեև տղաներն առիթը բաց չեն թողնում դժգոհել, որ ցածր գոտկատեղով տաբատները հաճախ անհարմար իրավիճակներ են ստեղծում աղջիկների համար, իրենք էլ պակաս անհարմար իրավիճակում չեն հայտնվում, երբ հագնում են ցածր գոտկատեղով ջինսեր: Ի դեպ, դրանք տղամարդու կազմվածքը դարձնում են կանացի, փոխարենը, կարող եք ընտրել ներքևի մասում մի փոքր լայնացող անդրավարտիք, որը կթաքցնի նաև շատ տղաների ոչ ուղիղ ոտքերը:

 

 

4.«Բարև գեղեցկուհիկարա՞մ մի հատ հարց տամ»
 

Աղջիկներն ինձ հասկացան:) Ծանոթության այս ձևը վաղուց արդեն ծիծաղելի է:) Եթե դու դեռ պատկանում ես այն տղաների դասին, ովքեր անծանոթ աղջիկներին գրում են «Բարև գեղեցկուհի, կարա՞մ մի հատ հարց տամ», ուրեմն շտապ ջնջիր էջդ ու փոխարենը նորը բացիր:

 

Չմոռանաս, «Մասիվցի խուժանն ա», նիքի փոխարեն գրել քո անուն ազգանունը: Ի դեպ, ավելի լավ է ընդհանրապես ստատուս չգրել, քան գրել «Կողքովս քայլես, միշտ կփայլես»: Խաղալիք զենքով նկարների մասին պարզապես լռում եմ :)

 

 

5. ԹՐԱՇամանուկ:)


Ինչ խոսք, այծմորուք ունենալը վերջին շրջանում նորաձև է, կան նաև հայ և արտասահմանցի հայտնիներ, ում համար մորուքը ոճի մի մաս է, սակայն եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ նրանք խնամում են իրենց մորուքն ու որոշակի «ձև» տալիս դրան: Անմիջապես աչքերի տակից գերաճ տված մազերը, որոնք հասնում են մինչև պարանոց շատ հեռու են կերպարի մասնիկ կազմելուց: Այնպես որ, Տարզանի տպավորություն չթողնելու համար, պարզապես մի քանի րոպե տրամադրիր և կոկիկացրու մորուքդ:

 

 

6. Ուղտամանիա


Փողոցում թքելու սովորությունը, կարծես, համահայկական սովորույթ լինի: Թքելը ոչ միայն գռեհիկ և տգեղ է, այլև անհարգալից վերաբերմունք համաքաղաքացիներդ նկատմամբ: Կարծում ենք` քեզ էլ հաճելի չէ, երբ մարդիկ զզվանքով են նայում քեզ, այնպես որ մոռացիր այդ սովորության մասին:

 

 

7. Հետևեք ձեր բառապաշարին 


Իհարկե, ոչ ոք ձեզ չի ստիպում առօրյա կյանքում օգտագործել գրքային արտահայտություններ, սակայն կենցաղային, խոսակցական բառապաշարը խիստ տարբերվում է ժարգոնից: Գրագետ խոսելն ամենևին էլ ամոթ չէ, իսկ ահա «էթալ», «հելնել» և նմանատիպ բառեր լսելն ուղղակի տհաճ են:

 

«Հորս արև», «մորս արև», երդումների մասին խոսելն ավելորդ եմ համարում, իսկ երբ տղաներով խոսելիս նույնիսկ հայհոյում եք` առանց հաշվի առնելու, որ ձեր կողքով կանայք, աղջիկներ են անցնում, դառնում եք աշխարհի ամենատհաճ էակները:

 


By Tina