Ֆոտոմոդել Անի Հարոյանին հանրությունը ճանաչում է Քրիստինե Պեպելյանի «Մեծ սեր», Գևորգ Մարտիրոսյանի «Հալալա» տեսահոլովակներից, «Ելք չկա» ֆիլմից: ESem.am-ը հետաքրքիր և անկեղծ զրույց է ունեցել Անիի հետ :)

 

 

26-ամյա Անին սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ դասական վոկալի բաժնում, մագիստրաուրան ավարտելուց հետո մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստվելու: Հայաստան վերադառնալուց հետո, սակայն, հասկացել է, որ այստեղ չարժե զբաղվել դասական երաժշտությամբ: «Մեզ մոտ գնահատված չէ դասական արվեստը, իսկ ես սիրում եմ գնահատված լինել»,- ասաց Անին, ով շատ պատահական է սկսել ներկայանաալ, որպես մոդել:

 «Ինձ առաջարկեցին ֆոտոշարք անցնել, որից հետո նոր ֆոտոշարքի, ապա գովազդում նկարահանվելու առաջարկ ստացա»,- ասաց Անին, ում խոսքով,  ծանոթությունների լայն շրջանակ ունի, սակայն մոդելային որևէ գործակալությունում գրանցված չէ: Վերջերս գրանցվել է միայն «Ինդիվիդում քասթինգում»:

 

 

Առաջիկայում նա որպես հաղորդավարուհի կներկայանա «Բրենդ կատալոգ» հաղորդման շրջանակներում, որը եթեր կհեռարձակվի հաջորդ շաբաթվանից՝ Կենտրոն հեռուստաընկերությամբ: Ըստ Անիի՝ լուրջ է տրամադրված այս աշխատանքին: «Հաղորդավարությունը մոդելություն չէ, այն ինտելեկտ է պահանջում,- ասաց նա ու ինքն իրեն շտկեց,- չնայած մոդել լինելու համար էլ, եթե դատարկ լինես, հայացքդ այնքան դատարկ կլինի, որ նկարդ ոչ մի հետաքրքրություն չի առաջացնի: Աչքերի արտահայտությամբ շատ բան կարող ես ասել, դրա համար խելք է պետք: Հիմիկվա մոդելերը շատ դատարկ են, դիրքեր են ընդունում, նկարվում են, որը ոչ մի հետաքրքրություն չի առաջացնում: Այդ առումով շատ եմ ուզում աշխատել, նույնիսկ արտասահմանյան հաղորդումներ եմ նայում, այնքան հետաքրքիր բաներ են ասում, որոնք կարող ես յուրացնել և կատարելագործվել»:

 

 

Անին շեշտեց, որ իրեն մոդել չի համարում՝ հատկապես միջազգային չափանիշերով: «Օրինակ՝ ես մի քիչ լիքոտ եմ մոդելի համար, հասակս 1.67 սմ է, մինչդեռ միջազգային չափանիշներվ ամենաքիչը պետք է լինի 1.72 սմ»,- ասաց ֆոտոմոդելը, ում քաշը 52 կգ է: Ամեն դեպքում Անին այժմ փորձում է նիհարել, քանի որ մանեքենուհիների համար կան կոնկրետ չափանիշներ. «Երբ ես նկարահանվում էի տեսահոլովակներում, կարող էի մի քիչ լիքոտ լինել, սակայն երբ արդեն կոնկրետ ոճաբանի հագուստ եմ հագնում, իրավունք չունեմ այնպիսի չափսեր ունենալ, որ այն ինձ վրա լավ չնստի: Ուզում եմ ավելի պրոֆեսիոնալ լինել, որպեսզի երբ դիզայներները հրավիրեն, խնդիր չլինի, որովհետև հագուստները ստանդարտ չափսեր ունեն: Հայաստանում շատ վատ ֆիգուրաներով մարդիկ իրենց մոդել են կոչում: Երբ ինձ ասում են՝ մոդել, ես ասում եմ՝ չէ, ես ֆոտոմոդել եմ, որպեսզի մի քիչ «փրկեմ» իրավիճակը, որովհետև ես իսկապես մոդել չեմ, ֆոտոմոդել՝ հնարավոր է, ինչ-ինչ, դիմագծերս օրիգինալ են»:

 

 

Անին նշեց, որ տեսահոլովակներում նկարահանվելն իր կարիերայի սկիզբն էր, սակայն առաջիկայում այլևս չի նկարահանվի. «Ես չէի ցանկանում ներկայանալ տեսահոլովակներում, սակայն Աշոտ Սարգյանն ինձ խորհուրդ տվեց կամակորություն չանել, քանի որ այդպես առաջ չեմ գնա:  Նա ճիշտ էր. հատկապես  Գևորգի տեսահոլովակից հետո ինձ բավականին ճանաչեցին, նոր առաջարկներ ստացա»: Ինչ վերաբերում է ցուցադրությունների մասնակցելուն, Անին ասաց, որ որպես ֆոտոմոդել աշխատել է դիզայներների հետ, սակայն ցուցադրությունների չի մասնակցել: «Հայրս քիչ հայտնի մարդ չէ,  աշխատում է Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավարն է՝ Սամվել Հարոյանը և բավականին խիստ հայացքներ ունի մոդելային բիզնեսի հետ կապված: Երբ ասում են՝ աղջիկդ մոդել է, ջղայնանում է:  Կարող է ես գնամ ֆոտոշարքի մասնակցեմ, ինքը նույնիսկ չիմանա, իսկ ցուցադրությունն ավելի լայն լուսաբանման  արժանանում»,- ասաց Անին՝ հավելելով, որ ամեն դեպքում հասկացել է, որ այդպես ճիշտ չէ և որոշել է հաջորդ անգամ հարմար առաջարկ ստանալու դեպքում համոզել հայրիկին:) «Ես պապայիս միշտ լսում եմ, բայց եթե խոսեմ հետը, բացատրեմ, կհասկանա ինձ: Հայրս ինձ շատ է սիրում, անգամ չի ջղայնանում վրաս. եթե նման առիթ է լինում, մամայի միջոցով է ջղայնանում ու ուղղակի չի խոսում հետս, իսկ ես չեմ ցանկանում, որ նա չխոսի ինձ հետ»,- նշեց նա:

 

 

 «Ելք չկա» ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ Անին ասաց, որ կերպարն իրեն շատ համապատասխան էր, այդ իսկ պատճառով իրեն ընտրեցին: Նա հավաստիացրեց, որ նկարահանման հրապարակում դժվարություններ  չեն առաջացել, քանի որ ոլորտից այնքան էլ հեռու չէ, անգամ գովասանքների է արժանացել:

Անին աշխատում է Գազպրոմում, որտեղի աշխատանքը ձեռք է բերել լեզուների իմացության շնորհիվ: Նրա խոսքով՝ տիրապետում է անգլերենին, գերմաներենին, ռուսերենին, մի քիչ էլ՝ իտալերենին: Նա նշեց, որ աշխատում է ինքնուրույն լինելու համար, իհարկե, հայրը կօժանդակեր իրեն, սակայն ինքն արդեն փոքր չէ և պետք է ինքնուրույն վաստակի:

 

 

Խոսելով անձնական կյանքի մասին՝ Անին հայտնեց, որ ընտրյալ չունի, քանի որ տարիքի հետ ավելի բծախնդիր է դարձել: «Ինձ շատ են նախատում, որ բծախնդիր եմ, կատարյալ մարդու եմ փնտրում»,- ասաց նա և հավելեց, որ իր անձնական կյանքում մի փոքր բարդ շրջան է, չի էլ ցանակնում շփվել որևէ մեկի հետ, հնարավորություն տալ նրան: Անին անկեղծացավ, որ ժամանակին ունեցել է մեծ սեր: «Հիասթափություն բոլոր կյանքում էլ լինում է: Պարզ է, որ մինչև 26 տարեկան հաստատ եղել է նման մարդ, ով քեզ ստիպել է, որ մի քիչ ավելի կամակոր  ու ուժեղ դառնաս այդ հարցում: Հիմա այդ մարդուն մի քիչ նման մարդ եմ փնտրում, ով այդ աստիճան կսիրի ինձ: Եթե իր սիրուց մի քիչ պակաս եմ տեսնում, մտածում եմ՝ իսկական սեր չէ, թեև իր սերն այնքան մեծ էր, որ հիմա չգիտեմ՝ ինչպես փնտրեմ, որ գտնեմ»,- ասաց ֆոտոմոդելը՝ նշելով, որ հարաբերությունները փակուղի են մտել, քանի որ երկար են տևել՝ մոտ 5 տարի: «Երբ մարդիկ երկար ժամանակ ընկերություն են անում, դա պետք է փոխվի, ամուսնանան, որովհետև երբ հարաբերությունները նույն փուլում են մնում, լճանում են: Մեզ մոտ այդ պրոցեսն էր սկսվել, հետո ես գնացի Գերմանիա»,- եզրափակեց Անին: 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը