Tatron.info կայքի նախաձեռնությամբ 3-րդ տարին անըդնմեջ անցկացվող Tatron.info օnline մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունն անցկացվեց հունիսի 6-ին` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Թատերական ոլորտի լավագույնները, որոնք ընտրվել էին հասարակության քվեարկության արդյունքների համաձայն, ստացան իրենց պարգևները: Այս տարվա մրցանակաբաշխության անվանակարգերը փոքր-ի նչ փոխվել էին` կապված թատերական ոլորտում առկա որոշակի պասիվացման հետ:

 

«Այս տարի ամեն ինչ շատ աշխույժ է անցել. նախորդ տարիների քվեարկության համեմատ մասնակիցների աճ ենք գրանցել: Ամենաակտիվը քվեարկել են «Տարվա Online Արտ-Ֆեստ ներկայացում» անվանակարգում: Մեր գլխավոր աջակիցն այս տարի Երևանի քաղաքապետարանն է»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց մրցանակաբաշխության նախագահ Ֆրունզե Գևորգյանը:

 

Այս տարի ընտրվել էր 11 անվանակարգ: «Տարվա online ներկայացում» ճանաչվեց «Բալագանչիկը», «Տարվա online պարային երաժշտական ներկայացում»` «Պլյուս-մինուսը», իսկ «Տարվա online մոնոներկայացում»` «Չեմ բողոքում» գործը:

 

«Տարվա online մանկական ներկայացում» անվանակարգում հաղթեց «Կարլսոնը»: «Տարվա online թատրոն» դարձավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը: «Տարվա online բեմադրող ռեժիսոր»-ը Լյուդվիգ Հարությունյանն է, մշակութային լրագրողը` Դիանա Ղազարյանը: «Տարվա online փառատոն» դարձավ «Արտ-ֆեստը», իսկ «Տարվա online Արտ-Ֆեստ ներկայացում»-ը` «Ավելորդ մարդու օրագիրը»:

 

Ամենասպասված` «Տարվա online դերասան» և «Տարվա online դերասանուհի» անվանակարգերում հաղթեցին Գագիկ Մադոյանը և Անի Բայաթյանը:

 

Միջոցառման ավարտին մրցանակաբաշխության նախաձեռնողները պատվոգիր հանձնեցին Երևանի քաղաքապետարանին:

 

Այս տարի մրցանակաբաշխության քվեարկությունն սկսվել էր մայիսի 20-ին և ավարտվեց 30-ին: Նախագծի նպատակն է ստանալ արդի թատրոնի իրական պատկերը՝ հանդիսատեսի օնլայն քվեարկության միջոցով։ Կայքն իր առջև նպատակ է դրել ուսումնասիրել թատրոնների կողմից ժամանակակից հաղորդակցային միջոցների օգտագործումը, առանձնացնել համացանցի հնարավորություններից առավել ակտիվ օգտվող թատրոններին, դերասաններին, ռեժիսորներին և թատերատվեստի ներկայացուցիչներին՝ առհասարակ:

 

Անվանակարգերում ընդգրկվում են օնլայն դաշտում (առցանց մամուլ, առցանց ռադիո և հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր, Google-ի որոնողական համակարգ և համացանցային այլ կայքեր) ակտիվություն ցուցաբերած թատերական բոլոր գործիչները, որոնք նշված հարթակներում ակտիվություն են ցուցաբերել 2013 թվականին։

 

Tatron.info online մրցանակաբաշխության հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը և Երիտասարդ գործիչների միությունը: