Esem.am-ը գրում է.


14 տարեկանից ռադիոյում իր քայլերն արած Անի Սարիբեկյանը, ով հասարակությանը հայտնի է «Անկա շոու» հաղորդմամբ, արդեն 9 տարի է, ինչ իր ունկնդիրներին հաճելի ժամանակ է պարգևում: Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ նա անակնկալ է մատուցել իր հավատարիմ ռադիոլսողներին` ներկայացնելով նոր ֆոտոշարքը:

 

 



Հաղորդավարուհու խոսքով` երկարատև աշխատանքային փորձի շնորհիվ հասցրել է հասկանալ, թե ինչ են ուզում ունկնդիրները. «Մարդիկ շատ տարբեր են, ըստ այդմ, տարբեր են նրանց ճաշակն ու երաժշտական ցանկությունները: Իմ եթերների ժամանակ փորձում եմ խոսել այնպիսի թեմաներից ու այնպիսի երաժշտություն մատուցել, որ մարդիկ կտրվեն առօրյայից ու լիցքաթափվեն: Կարծում եմ` հաղորդավարը պետք է հոգեբան լինի ու կարողանա հասկանալ իր ունկնդիրներին»,- ասաց Անկան` հավելելով,- այս տարիների ընթացքում մի բան եմ հասկացել, մարդիկ լսում ու սիրում են իմ հաղորդումը: Կարծում եմ` կարողանում եմ դրական էմոցիաներ փոխանցել նրանց ու միասին շատ հաճելի ժամանակ ենք անցկացնում»:

 

 

 

 

Անկան նշեց, որ մասնագիտական օրվա կապակցությամբ արդեն մի շարք նամակներ, հեռախոսազանգեր է ստացել: Ռադիոյի օրվա կապակցությամբ նրան շնորհավորել են ոչ միայն հավատարիմ ունկնդիրները, այլև ավագ և հասակակից գործընկերները: «Երեկվանից շնորհավորանքների տարափ է: Շատ եմ սիրում այս օրը: Անկախ ինձնից ուրախ եմ արթնանում, օրվա ընթացքում, երբ շնորհավորանքներ ու բարեմաղթնանքեր եմ լսում, տրամադրությունս ավելի է բարձրանում»,- նշեց ռադիոհաղորդավարուհին` փոխադարձ շնորհավորելով կոլեգաներին` մաղթելով  անխափան եթերներ:

 

 

 

 

Իր կյանքն առանց ռադիոյի չպատկերացնող հաղորդավարուհին երախտապարտ է Ալեքսանդր Պոպովին գյուտի համար: «Այնքան կուզեի ժամանակը հետ տալ, մեծն ֆիզիկոս Պոպովին հանդիպել ու շնորհակալություն հայտնել»,- ոգևորված ասաց Անկան:

 

Լարի Քինգին երկրպագող հաղորդավարուհին  վստահ է, որ օրվա ընթացքում դեռ շատ անակնկալներ է ունենալու ու համտեսելու է իր շատ սիրելի ելակով տորթը:

 

ESem.am-ը շնորհավորում է ռադիոհաղորդավարներին ու ռադիոյի սիրահարներին` Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ:

 

 

 

 

 


Զրուցեց Մերի Պողոսյանը