Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միայնակ մայր լինելը կարող էր չընդունվել հասարակության կողմից: Կնոջ ինքնուրույն ու ինքնավստահ լինելը շատ բան փոխեց նրա կյանքում ու միայնակ երեխա դաստիարակելը, մեծացնելն այլևս խնդիր չէ: Այժմ ոչ միայն պախարակելի երևույթ չէ միայնակ մայր լինելը, այլև միանգամայն սովորական, որքան էլ երեխայի համար նախընտրելի է լիարժեք ընտանիքը: Պարզիր հայտնի միայնակ մայրերին մեր այս անդրադարձի շնորհիվ:

DJ Վակցինա. «Երբեք դժվարություններից չեմ խուսափում»
Հղիության յոթերորդ ամսում գտնվող DJ Վակցինան այն կանանցից է, ով չի վախենում միայնակ մայր լինել, իսկ դժվարությունների մասին խոսելիս էլ նշում է, որ իր ամբողջ կյանքն է դժվար եղել: «Երբեք դժվարություններից չեմ վախենում ու խուսափում: Եթե համեմատենք միայնակ հորն ու մորը, ապա կարող եմ ասել, որ միայնակ մոր համար շատ ավելի դժվար է, որովհետև մայրն ավելի էմոցիոնալ է տանում ամեն բան, ինպես նաև մոր համար դժվար է միանգամից երկուսի դերը ստանձնելը: Թեպետ ասեմ, որ ամբողջ կյանքում դժվարություններին զուգահեռ եմ քայլել ու միշտ էլ կարողացել եմ ճիշտ որոշումներ կայացնել»,- համոզված պնդեց նա: Վակցինայի խոսքերով' միայնակ երեխա ունենալու որոշումը մեկ օրում չի կայացրել: «Առողջական խնդիրներ եմ ունեցել, որից հետո հասկացել եմ, որ պետք է մայրանամ: Ինչպես որոշում եմ կյանքիս ընթացքը, հետագայում այդպես էլ հաղթահարում եմ դժվարությունները: Հետևաբար, եթե ընտրել եմ, ուրեմն պատրաստ եմ,- ասաց -ը և հավելեց,- բնականաբար, բոլոր կանայք ու տղամարդիկ էլ ցանկանում են, որ իրենց կլյանքում ամեն բան իդեալական լինի, բայց եթե ինչ-ինչ պատճառներով հասկանում ես, որ քեզ համար ավելի լավ է այս տարբերակը, ոչինչ չի կարող խանգարել դրան»,- ավելացրեց զրուցակիցս: Ըստ նրա' ամուսնանալ կարելի է ցանկացած տարիքում: «Եթե գոյություն ունի ռիսկի գործոն, բնականաբար, բոլոր կարծրատիպերը կոտրվում են, որովհետև հարցը երեխայի լինել-չլինելու մասին է»,- նշեց նա: DJ Վակցինան (երիտասարդ մայրիկն արդեն որոշել է երեխային պապիկի անունով կոչել' Յուրի), մինչև բալիկի ծնունդը զրուցել է հոգեբանների հետ ու իր համար մի շարք հարցեր պարզել: «Բնականաբար, լիարժեք ընտանիքը երեխայի համար գագաթնակետ է, սակայն հայրն ու մայրն էլ պետք է լինեն լիարժեք և ընտանիքում չլինի անառողջ մթնոլորտ: Զրուցել եմ հոգեբանի հետ, ով ինձ ասաց, որ մինչև երկուսուկես տարեկան երեխայի համար միայն մոր գործոնն է կարևոր, այսինքն' հոր չլինելը սթրեսային չի լինի նրա համար: Ջերմությունն ու սերը ինքս կարող եմ տալ երեխային: Վստահ եմ, որ պատվով դուրս կգամ այդ պատասխանատվության տակից»,- եզրափակեց ապագա մայրիկը:

Ալինա Մարտիրոսյան. «Շատ դժվար պայմաններում եմ մեծացրել որդուս»
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը որդուն' 15-ամյա Էմմանուէլին տասը օրականից միայնակ է մեծացրել, քանի որ նրա հայրը մահացել է: «Շատ դժվար պայմաններում եմ մեծացրել նրան. նույնիսկ չեմ էլ ցանկանում հիշել, թե ինչ ճանապարհ եմ անցել,- մեզ հետ զրույցում նշեց Ալինան ու պատմեց Էմմանուէլի ցանկությունների մասին,- Էմմանուէլին դպրոցում «ջենթլ» են ասում, որովհետև շատ կիրթ է իրեն պահում: Շատ է ցանկանում, որ գոնե այս տարի ամուսնանամ: Մի անգամ նույնիսկ ասաց, որ երազ է տեսել, որը պետք է իրականացվի: Այդ երազում ես մի գեղեցիկ, ոսկեծամ աղջիկ էի որդեգրել: Ինձ ասաց' «Քեզ վրա հույս դնելու չէ, գոնե ինձ համար քույրիկ որդեգրի»: Արդյոք Ալինան պատրաստվո՞ւմ է այս տարի կատարել Պարարվեստի ակադեմիայի դասական պարի բաժնում սովորող որդու ցանկությունը. մեր այս հարցին ի պատասխան' դերասանուհին ասաց. «Տա Աստված, որովհետև չկա այնպիսի մեկը, ում հետ կանցկացնեմ հետագա կյանքս: Սիրում եմ արժանի ու ինքնուրույն տղամարդկանց, և նա պետք է լինի մինչև 40 տարեկան»: Ալինայի փոխանցմամբ' տղայական խնդիրներով իր որդուն օգնել է քեռին' Նարեկ Մարտիրոսյանը, ով ևս բալետի արտիստ է: «Ժամանակից շուտ է մեծացել Էմմանուէլը. նույնիսկ մի դեպք հիշեցի, երբ առաջին դասարանում նրան հարցրել են, թե հայրը որտեղ է աշխատում, դուրս է հրավիրել ուսուցչուհուն և ասել' «Ինչո՞ւ Դուք մինչև հիմա չգիտեք, որ ես հայր չունեմ ու բոլորի մոտ ինձ ցավեցնում եք»:
Ալինան ցանկություն ունի երկրորդ բալիկն էլ ունենալու, սակայն եթե ամուսնանա: «Եթե առանց ամուսնության հնարավոր լիներ մայրանալ, ապա վաղուց այդ քայլին կգնայի: Պարզապես պետք է ընտանիք ունենալ, և երեխան էլ հայր ունենա, ով ամեն կերպ իր կողքին կլինի, կմեծացնի ու կդաստիարակի նրան: Այնքան դժվարություն եմ տեսել, որ միայնակ բառը լսելուց արդեն սարսափում եմ: Կրկին միայնակ ճանապարհ անցնելն ինձ համար շատ բարդ կլինի»,- նշեց դերասանուհին, ում խոսքերով' ամուսնության լուրջ առաջարկ դեռևս չունի: «Անկեղծ ասաց, Հայաստանից դուրս եմ ուզում գնալ ու երևի դրսի հայերից որևէ մեկի հետ կամուսնանամ: Նրանց դաստիարակությունն այլ է, օրինակ' նրանք երբեք չեն ասի' ուրիշի երեխա է»,- կարծում է դերասանուհին:

Լուսինե Մարտիրոսյան. «Երեխաներս ինձ матец էին ասում»
Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը տարբեր ամուսնություններից երկու երեխա ունի, որոնց, ամուսնալուծության հետևանքով, միայնակ է մեծացրել: «Գայանեն երկուսուկես տարեկան էր, երբ բաժանվեցի առաջին ամուսնուցս, իսկ Ալենն ավելի փոքր էր. կարելի է ասել նորածին»,- ասաց Լուսինեն և նշեց, որ ընկերները հպարտանում են իրենով, քանի որ նա կարողացել է երեխաներին միայնակ մեծացնել ու ավելացրեց,- որովհետև այսօր նույնիսկ տղամարդիկ չեն կարողանում ընտանիք պահել: Միայնակ երեխա մեծացնելը դժվարություն չեմ համարում, որովհետև կարծում եմ' այդպես էլ պետք է լիներ. ինքս եմ բաժանվել ու պատասխանատվությունն ինձ վրա վերցրել: Կար շրջան, որ երեխաներս ինձ матец էին ասում»: Լուսինեի խոսքերով' տղամարդու պակասը, բնականաբար, զգացվել է, հատկապես' տղային մեծացնելու հարցում: «Այդ հարցում ընկերներս են ինձ օգնել. օրինակ' Ավետ Բարսեղյանը նրա հետ խոսում էր, ինչպես տղան տղայի հետ: Եղել են խնդիրներ նաև բակում, դպրոցում, բայց տղաս իր հարցերն ինքնուրույն է լուծել»,- ասաց Լուսինեն: Նրա համոզմամբ' չստացվող բան չկա և ցանկանալ, նշանակում է կարողանալ: «Մոր համար ամենադժվար պահը երեխաների հիվանդանալն է, երբ մի քանի վայրկյանով զինաթափվում ես, սակայն հասկանում ես, որ չես կարող թույլ լինել»:
Լուսինեի կարծիքով, իր ընտանիքն էլ լիարժեք է, անկախ նրանից' հայր կա՞, թե՞ ոչ: «Բնականաբար, ինքս էլ կուզեի լավ ընտանիք ունենալ, թեև կարծում եմ, որ իմ ընտանիքն այսպես էլ է լիարժեք. եթե ցանկանամ, որ կողքիս տղամարդ լինի, ապա նա պետք է ընդունի ինձ և իմ երեխաներին,- ասաց զրուցակիցս և հավելեց,- տղամարդը անհրաժեշտ է ընտանիքում, որովհետև այն, ինչ ինքս ստացել եմ իմ հորից և մորից, տարբեր բաներ են»: Զրույցի վերջում Լուսինեն ավելացրեց, որ չի ընդունում այն կանանց, ովքեր որոշում են միայնակ մայր լինել, եթե դրա համար հստակ պատճառներ չկան:

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը