Մեծ կարողություններ ունեցող մարդիկ հայտնի են նրանով, որ սիրում են շքեղ և առանձնահատուկ գնումներ կատարել։ Բացի թանկարժեք մեքենաներից և առանձնատներից, հարուստները հաճախ ձեռք են բերում առավել յուրահատուկ ապրանքներ և ծառայություններ, գրում է inosmi.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական Atlantico-ին։

Ներկայացնում ենք հարուստների 8 ամենաանհավանական գնումները.

1. Սեփական տուրիստական գործակալ

Երբ հարուստ մարդը մեկնում է ճանապարհորդության, նա չի ցանկանում ոչինչ ինքնուրույն անել։ Այդ պատճառով էլ վարձում է գործակալի, որն իր վրա է վերցնում ամեն ինչ՝ տոմսերի գնումից մինչև հյուրանոցի համարի ամրագրում։

2. Ամանորյա 20.000 դոլար արժողությամբ տոնածառ

Այո, հարուստները նույնպես նշում են Սուրբ Ծնունդը։ Երևի, հենց դրանում է մյուս մարդկանց հետ նրանց նմանությունը։ Այնուամենայնիվ, դա նրանք անում են յուրովի։ Օրինակ՝ հասարակ տոնածառը նրանց բավական չէ. շքեղ առանձնատանն անհրաժեշտ է նաև շքեղ տոնածառ։ Նրանք ցանկանում են ավելի մեծ ծառ և որ դրա վրա չլինեն սովորական գնդեր և խաղալիքներ։ Տոնածառի վրա նրանք կախում են 20.000 դոլար արժողությամբ ադամանդներ և ոսկի։

3. Ավտոկայանատեղի՝ 300.000 դոլարով

Հարուստները հազվադեպ են լինում ավտոկայանատեղիում, որտեղ լինում են հասարակ մահկանացուները, սակայն եթե ճակատագիրը նրանց բերում է քաղաքի կենտրոն, ապա նրանց պետք է սեփական ավտոկայանատեղին։ Եվ դրա համար նրանք պատրաստ են գումարներ վատնել։ Բոստոնում անհայտ գնորդը 300.000 դոլար է վճարել կայանատեղիի համար։

4. Փրկարարական ուղղաթիռ՝ ջրհեղեղների դեպքում

Ինչու օրերով սպասել օգնության, եթե դուք միջոցներ ունեք ամեն ինչ ավելի արագ անելու համար։ Օրինակ՝ ջրհեղեղների դեպքում հարուստ մարդը կզանգահարի ապահովագրական ընկերություն և կպահանջի տարհանել իրեն ուղղաթիռով, ընդ որում՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանման ուղղաթիռով։

5. Անձնական ոճաբան

Միլիարդատերը չի սիրում հանդիպել ժողովրդի հետ։ Նա շփվում է բացառապես իր շրջապատի մարդկանց հետ։ Հասարակ մահկանացուներից նրա կողքին կարող են գտնվել միայն նրանք, ովքեր ծառայում են նրան։ Այդ պատճառով էլ նա ունի սեփական ոճաբան, որը զբաղվում է նրա պահարանով, հետևում է հագուստին և նորաձևության վերջին միտումներին։

6. Թեյի փաթեթ՝ 14.000 դոլարով

Սովորաբար հարուստ մարդիկ առանձնահատուկ ճաշակ են ունենում։ Խոսք անգամ լինել չի կարող, որ նա կուտի կամ կխմի որևէ հասարակ բան։ PG Tips բրիտանական ընկերությունն իր 75-ամյակի կապակցությամբ թողարկել է 280 ադամանդներով թեյի փաթեթներ։ Հարուստները հիացած են։

7. Շուն՝ 582.000 դոլարով

Հարուստ մարդու շունը չի կարող սովորական լինել։ Այն պետք է մի ամբողջ կարողություն արժենա։ Երիտասարդ չինացի միլիոնատիրուհին անհավանական 582.000 դոլար է ծախսել տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի շան համար։ Իսկ շանը տուն հասցնելու համար նա վարձել է 30 Mercedes ավտոմեքենա։

8. Սեփական մաքսատուն

Հարուստ մարդը ճամփորդության է մեկնում և չի սիրում ժամանակ ծախսել վարչական ձևականությունների համար։ Եթե նա ունի սեփական ինքնաթիռ, ապա ինչու չունենալ նաև սեփական հսկողության գոտի։