«Իմ երկրպագուներն իմ տարեկիցներն են: Այո, ես դարձա թինեյջերների կուռքը, երբ դեռ ինքս թինեյջեր էի»,-ասում է բոլոր դեռահասների սիրելի Մայլի Սայրուսը:

Շատերը նրան որպես Հաննա Մոնթանա են ճանաչում, ինչպես հաճախ պատահում է, երբ մարմնավորած դերը կյանքում էլ մեծ ազդեցություն է թողնում քեզ վրա: 1992թ. նոյեմբերի 23-ին արվեստագետների ընտանիքում ծնված աղջնակի անունն իրականում ոչ թե Մայլի է, այլ Դեսթին Հոփ: Նրա ծնողներն են նախկին դերասանուհի Պետիցիա Ֆինլին և քանթրի-երգիչ Բիլլ Ռեյ Սայրուսը: «Հայրս ոչ միայն գերազանց լսողություն ունի, այլեւ նրա մոտ զարգացած են նաև մյուս զգացումները, և մենք ամբողջ ընտանիքով ապավինում ենք նրա ներքին ձայնին: Երբ մայրս հղի էր ինձնով, հայրս հստակ նկարագրել էր ինձ, և ասել, որ մայրս իր կրծքի տակ Դեսթին Հոփ Սայրուսին է կրում»: Իր ինքնակենսագրականի մեջ Մայլին գրում է նաև, որ հոր զգայարաններն այս անգամ փոքր-ինչ լավ չեն աշխատել: Նա չէր գուշակել, որ աղջիկն իրականում այնքան ժպտերես է լինելու, որ նրան կոչելու են Սմայլի (անգլ. Smile բառից-հեղ.): «Թե ինչպես Սմայլին դարձավ Մայլի, չեմ կարող ասել, բայց մի բան հաստատ է. ինձ ոչ ոք չէր ճանաչում իսկական' Դասթին անունով, բոլորի համար ես Մայլին էի»:

Մայլիի ընտանիքն ավանդապաշտ, խիստ հավատացյալ, օրինապաշտ է եղել: Աղջկա խոսքերով իր ծնողների համար ոչինչ կարևոր չի եղել իսկական արժեքներից զատ' երեխաներ, ընտանիք, եկեղեցի: Սակայն ամերիկյան լրատվամիջոցները այնքան էլ չեն հավատում Մայլիին, քանի որ բոլորն են ականատես եղել, թե ինչպես է նրա հայրը' Բիլի Ռեյը, իսկական քանթրի-երգչի ապրելակերպ վարում. անձնական ինքնաթիռ, երիտասարդ երկրպագուներ, անընդհատ ճանապարհորդություններ,սիրուհիներ և այլն: Իսկ այդ ընթացքում Մայլիի մայրը տանը դաստիարակում էր 6 երեխաների: «Ես նրանց միջնեկ քույրն էի, ով միշտ ուշադրությունից դուրս էր մնում: Ես ամեն ինչ անում էի, որպեսզի հայտնվեմ ծնողներիս ուշադրության կենտրոնում: Ավագները շատ պատասխանատու էին, փոքրերն ուղղակի հրաշք, իսկ ինձ մնում էր երգել-պարել»:

Դպրոցում Մայլիի վարքն անվանում էին «տարօրինակ», իսկ նրա հայրը պնդում էր, որ դա արտիստի պահվածք է: Փոքրիկ Մայլին միշտ իր շուրջն էր հավաքում դասընկերներին, կանգնում աթոռին և բարձր երգում: Երբ նրան նկատողություն էին անում, աղջիկը զայրացած ասում էր. «Ես երգում եմ, իսկ դուք խանգարում: Ո՞ւմ վարքն է ավելի տարօրինակ»: Մայլին դառնում է հոր շողքը: Բոլոր շրջագայություններին Բիլին իր հետ վերցնում էր նաև Մայլիին: «Մայլին ավելի շուտ սկսեց երգել, քան խոսել»,- պատմում է Բիլին:

Հոր աստղային կյանքը չէր կարող ազդեցություն չունենալ աղջկա վրա: Մայլիի դասարանցիներից մեկը պատմում է. «Նա անընդհատ խոսում էր իր փայլուն ապագայի մասին, այն մասին, թե ինչպես է դառնալու աշխարահռչակ, կարծես նկատի ունենալով այն, որ մենք այդպես էլ միջակություն կմնանք: Նա անընդհատ շեշտում էր, որ հայրն իսկական աստղ է, որ իր կյանքը նման է արքայադստեր կյանքի»:

Մայլիի դերասանական կարիերայի մեկնարկը «Doc» սերիալում էր, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարում էր նրա հայրը ' Բիլին, և նրա խնդրանքով Մայլիին փոքրիկ էպիզոդիկ դեր էր տրվել: «Ես աշխատում էի, անում ամեն ինչ, ինչ հայրս ասում էր: Բայց դա քիչ էր: Իմ մասին ոչ ոք չէր գրում, ինձ ոչ մի տեղ չէին հրավիրում, ես կորցրել էի ինձ, հիասթափվել»: Փոխարենն իրեն չէր կորցրել Մայլիի հայրը: Նա օգտագործեց իր ազդեցիկ կապերը' Մայլիին մեծ էկրան հանելու համար: Առաջին հերթին հայրը հանդիպում է կազմակերպում գորածակալի հետ, ով զբաղվում է փոքրիկ դերասանների բազայի ստեղծմամբ: Մեծ տպավորություն չի թողնում աղջիկը գործակալի վրա, բայց այնումենայնիվ միանում է բազային: Մի քանի ամսից Մայլիին ևս մեկ էպիզոդիկ դեր են վստահում, բայց այս անգամ արդեն մեծ ֆիլմում՝ «Խոշոր ձուկ»: Ֆիլմից իր առաջին տպավորությունների մասին Մայլին ասել է.«Չափից դուրս շատ նյարդեր են ծախսվում: Մեզ ասում էին, թե երբ մենք կարող ենք հաց ուտել, երբ քնել, երբ լողանալ և այդպես շարունակ: Արդյունքում դուք տեսնում եք հիանալի կադրեր, իսկ ամեն վայրկյանի վրա տարվում է շաբաթների աշխատանք»:

Աղջկա ընտանիքը տեղափոխվում է Տենեսսի, և Մայլին բոլորովին չի թաքցնում իր հիասթափությունը: Նա այլևս չի ուզում հասարակ կյանք, դպրոց, ընկերներ, խաղեր: «Ես երբեք չեմ թաքցրել,որ ուզում եմ տարբերվել մյուսներից: Ես ասելիք ունեի: Ես մեծ նպատակներ, երազանքներ ունեի: Ես ուզում էի լինել յուրահատուկ, տարբերվող, առանձնանալ շրջապատից»:

Մայլիի պատմություններից կարելի է ենթադրել, որ դպրոցում բոլորը ատում էին նրան: Համադասարանցիները գողանում էին նրա գրքերը, պատռում: Նրանք ծիծաղում էին Մայլիի հագուստի, սանրվածքի վրա: «Մի անգամ իմ ընկերուհուս' Ռեյչելին սպառնացել էին, որ եթե նա իմ կողքին նստի, նրա կյանքը դպրոցում կվերածեն դժոխքի»:

Հետագայում հենց Ռեյչելը բացատրում է բուն իրավիճակը դպրոցում. «Աստված սիրեք, դուք իսկապե՞ս կարծում եք, որ դպրոցում որևէ մեկը կարող էր նեղացնել Բիլլի Ռեյ Սայրուսի աղջկան: Դեսթինը չէր թողնում մոռանալ, թե ում աղջիկն է դպրոցում սովորում: Նա իրեն ինքնահավանի պես էր պահում և կարող էր նեղացնել մարդկանց առանց առիթի»:

Թերևս Մայլին գիտեր, թե ինչ է իրեն սպասվում: 2006թ.-ը Մայլիի կյանքում շրջադարձային է դառնում: Disney ընկերությունը քաստինգ է հայտարարում նոր երիտասարդական սերիալի համար: Սայրուսի համար սա հիանալի տարբերակ էր ուժերը ևս մեկ անգամ փորձելու: 7000 հավակնորդներից գլխավոր դերը վերցնում է հենց Մայլի Սայրուսը: 11-ամյա աղջիկը' Տենեսիից, որը գրեթե չուներ դերասանական փորձ, դառնում է Disney-ի ամենահաջողված ծրագրերից մեկի դեմքը: «Սկզբում կազմակերպիչները մերժեցին ինձ' ասելով, որ շատ փոքր եմ դեռահասների համար սերիալում գլխավոր դերը ստանձնելու համար: Ինձ առաջարկում էին Լիլյայի դերը: Աստված իմ, ես երջանիկ կլինեի նույնիսկ, եթե այդ դերը տային ինձ: Ես կուզենայի նույնիսկ սենյակի անշունչ բույս լինել, միայն թե խաղայի այդ սերիալում»:

Սերիալում Մայլին հասարակ դպրոցական էր, որը գիշերները դառնում է ռոք աստղ հայտնի Հաննա Մոնթանա: Սերիալը էկրան է դուրս գալիս 2006-ի մարտից և հեռուստաէկրանների մոտ հավաքում Disney-ի համար ռեկորդային թվով հեռուստադիտող: «Ես ու Հաննա Մոնթանան այնքան նման ենք, որ իրական կյանքում էլ անգամ ես եմ ինձ շփոթում իմ կերպարի հետ»:

Մայլիի այդքան երազած աստղային կյանքը մեկնարկեց: Սերիալի՝ էկրան բարձրանալուց անմիջապես հետո միլիոնավոր երիտասարդների ուշադրությունը գամվեց այս ժպտերես աղջնակի վրա: Նրա հաջողությունը շշմեցնեղ էր: «Բոլորը կրկնօրինակում էին ինձ, իմ նկարով շապիկները, իմ սանրվածքով աղջիկները ինձ ուղղակի շշմեցնում էին: Ես չէի կարողանում հավատալ, որ իմ տարիքի աղջիկները ուզում են նմանվել ինձ, նրանք երկրապգում են ինձ: Աստված իմ, ես երկրպագուներ ունեմ: Դա հիանալի է»:

Ֆիլմի հետ միասին սկսվեց նաև նրա երաժշտական կարիերան: Սերիալի բոլոր սեզոնների համար Մայլին ձայնագրեց երգեր, համագործակցեց հոր հետ, և նույնիսկ ալբոմ թողարկեց Hannah Montana 2/Meet Miley Cyrus: «Ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել աստղ: Դա այն է, ինչ ես միշտ երազել եմ: Ես վաստակում էի այնքան, որքան չէր վաստակում նույնիսկ հայրս: Ինձ ճանաչում էին բոլորը, ես սպասված էի ամենուր»:

Այս ընթացքում հայտնվում է ևս մի գեղեցկուհի, ով հավակնում է գրավել դեռահասների սրտերը: Սկզբում հավակնում էր, իսկ հետո բոլոր հնարավորությունները գործի դնում դա անելու համար: Այդ գեղեցկուհին Սելենա Գոմեսն էր: Մարդիկ երբեք չեն դադարել այս երկու դեռահաս աղջիկների' Մայլիի և Սելենայի ընկերության և թշնամության մասին հեքիաթներ հորինել: Բազմիցս նրանք երկուսն էլ ժխտել են իրենց վատ հարաբերությունների մասին պտտվող լուրերը, իսկ ամսագրերը շարունակում են նրանց ռինգ մտցնել, համեմատել: «Մենք երբեք չենք վիճել, իմ ու Սելենայի «կռիվը» միայն երկրպագուներն են, որոնք չեն հոգնում մեզ համեմատելուց»:

Սերիալի հաջողությունը դրդում է Disney-ին նկարահանել ֆիլմ' «Հաննա Մոնթանա»: Համաշխարհային վարձույթում այն բերեց 29 միլիոն դոլար եկամուտ:

 

 

Բացի հանրային կյանքից, աղջկա անձնական կյանքը նույնպես շատ բուռն է: Մայլիի բոյֆրենդների շարքում են հայտնի դերասաններ, երգիչներ: Նրանցից են եղել Նիկ Ջոնասը, Թոմաս Ստուրգեսը, բավականին հայտնի Ջասթին Գեսթոնը: «Ես երբեք անլուրջ չեմ լինում հարաբերություններում: Պարզապես լինում են դեպքեր, երբ շփվելով հասկանում ես, որ ապագա կառուցել չես կարող նրա կողքին»:

Զբաղվելով երաժշտությամբ' Մայլին չի թողնում կինոաշխարհը: Նրան առաջարկում են ձայնագրել «Վոլտ » մուլտֆիլմը, խաղալ «Վերջին երգ» ֆիլմում: Վերջինս մեծ հետաքրքրություն չի առաջացնում կինոքննադատների մոտ, բայց մեծ հաջողություն է ունենում էկրաններին: Բացի դրանից, այս ֆիլմը կարևորվում է նաև հենց դերասանուհու' Մայլիի կյանքում, քանի որ հենց ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայլին սիրահարվում է իր գործընկեր Լայամ Հեմսվորթին: Ֆիլմում նրանք նույնպես սիրում են միմյանց, ինչը, ինչպես երևում է, իր անդրադարձն է ունենում իրական կյանքում: Նրանք սկսում են հանդիպել, բայց այս անգամ Մայլին խուսափում է անձնական կյանքի մասին պատմել երկրպագուներին կամ լրագրողներին:

Ջոն Տրավոլտոյի հետ Մայլին ձայնագրում է "I Thought I Lost You" սինգլը, որը նոմինացվում է հայտնի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը: Այսօր Մայլի Սայրուսն ունի 9ալբոմ, որոնցից մեկը նույնիսկ ոսկյա է համարվում:

Ամենահայտնի ամսագրերից Forbes-ը Մայլիս Սայրուսին ճանաչում է ամենահարուստ թինեյջեր: 100 ամենահարուստ թինեյջերների ցուցակը գլխավորում է Մայլի Սայրուսը:

 

Այժմ Սայրուսը փորձում է ազատվել «դեռահասների կուռք» բնորոշումից և հաստատվել մեծահասակների աշխարհում: Բոլորովին վերջերս աղջիկը դարձավ 20 տարեկան: «Ես 20 տարեկան եմ, ուզում եմ իմ տարիքի հետ բարձրանա նաև իմ երկրապգուների տարիքային սանդղակը»:

Այս նպատակով էլ 2011թ. Մայլին նկարահանվում է «Ամառ: Համդասարանցիներ: Սեր» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն էին Դեմի Մուրն ու Էշլի Գրինը:

2012-ի հունիսի 16-ին Մայլին իր թվիթերյան էջում տեղադրում է շքեղ մատանու նկար և նկարագրության մեջ գրում «Լայամն ինձ արժեքավոր մատանի է նվիրել' 3.5 կարատանոց ադամանդով»:

Ինչպես հայտնի դարձավ նրա հարցազրույցներից մեկի ժամանակ, Լայամն ու Մայլին նշանադրվել են, իսկ թե ինչպես է իրեն առաջարկություն արել Լայամը, Սայրուսը համառորեն լռում է: «Ուղղակի կասեմ, որ ինձ համար դա այնքան անսպասելի էր: Ես սիրում եմ օրիգինալ մոտեցումներ»:

 

Այս աստղային զույգը 2009թ.-ից հանրության ուշադրության կենտրոնում է: Ամսագրերի շապիկներին բազմիցս հայտնված զույգը չի սիրում խոսել հարաբերությունների մասին: Նրանք երկուսն էլ առաջ են տանում կարիերան' հիանալի համատեղելով անձնական կյանքի հետ: Լայամն ու Մայլին իսկական սուպերաստղերի կյանք են վարում: Արդեն բազմիցս ամերիկյան ամսագրերը հայտնել են այս զույգի մոտալուտ ամուսնության մասին, սակայն հանրությունը սպասում է հենց բուն իրադարձությանը: Երբեմնի ամենապահանջված հարսնացուն այժմ արդեն ունի իր ընտրյալը: «Ինձ համար միշտ էլ կարևոր է եղել աշխատանքս, բայց հիմա,երբ իմ կողքին Լայամն է, ինձ թվում է ,թե իմ բոլոր երազանքներն իրականացել են»:

Վարդագույնը գույն չէ, այն վերաբերմունք է դեպի կյանքը:

 

Ես իսկապես չունեմ իմ սեփական ոճը: Ես ուղղակի ես եմ: Շատ աղջիկներ սիրում են հագնել այն, ինչ բոլորն են հագնում: Կարծում եմ լավ է, երբ ունես քո առանձին կարծիքը, ոճը: Մարդիկ կսկսեն հետևել քեզ:

Ընկերությունը հիմնված է վստահության վրա: Եթե դու ամբողջովին վստահում ես ինչ-որ մեկին, ապա նա քո լավագույն ընկերն է:

Հայտնիությունը ճնշում է, բայց այն օգնում է ինձ կատարելագործվել:

Իմ և Սելենայի «հակամարտությունը» իրականում հորինվածք է, մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք, ես նույնիսկ պատմում եմ նրան իմ սիրային հարաբերությունների մասին:

Ինձ վերցրին ֆիլմում նկարահանվելու ոչ թե այն պատճառով, որ ես սեքսուալ էի, այլ այն պատճառով, որ հասարակ էի:

Նելլի Ղարիբյան